ԼԵՓՍԻՈՒՍ (Lepsius) Յոհաննես (1858-1926 թթ.), գերմանացի հասարակական գործիչ, միսիոներ: Աստվածաբանության դոկտոր: 1894-96-ի հայկական կոտորածների ժամանակ, 1896-ի գարնանը, Ջ. Գրինֆիլդի հետ շրջել է Փոքր Ասիայում՝ իրադարձությունների ականատեսներից վկայություններ հավաքելու և հայերին հնարավոր օգնություն ցույց տալու նպատակով: 1896-ի օգոստոսից գերմանական մամուլում սկսել է հրապարակել «Ճշմարտությունը Հայաստանի մասին» հոդվածների շարքը: Այդ հոդվածները (թվով՝ 18) կազմել են Լեփսիուսի «Հայաստանը և Եվրոպան...» (1896) աշխատության հիմքը: Աշխատությունը, որը երկու տարում հրատարակվել է յոթ անգամ և թարգմանվել անգլերեն ու ֆրանսերեն, կարևոր դեր է խաղացել եվրոպական հասարակական կարծիքը հօգուտ հայերի տրամադրելու գործում: Մասնակցել է հայերի սպանդի դեմ բողոքի ցույցերի կազմակերպմանը, իր ելույթներում նշել, որ այդ հանցագործությունը կատարողը թուրքական կառավարությունն է՝ սուլթանի գլխավորությամբ: Լեփսիուսի գործունեությունը հանդիպել է Թուրքիայի հետ մերձենալուն ձգտող գերմանական պաշտոնական շրջանակների հակազդեցությանը: 1890-ական թթ. վերջին միջոցներ է հավաքել Փոքր Ասիայի հայ բնակչության և տարբեր երկրներում գտնվող հայ փախստականների համար որբանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, արդյունաբերական ձեռնարկություններ կառուցելու նպատակով: 1914-ի հունիսին Լեփսիուսի նախաձեռնությամբ ստեղծվել է Գերմանա-հայկական ընկերությունը, որի նախագահն էր մինչև իր մահը: Առաջին աշխարհամարտի նախօրեին եվրոպական երկրներում լայն գործունեություն է ծավալել Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու համար, համագործակցել Կ. Պոլսի հայերի, Պողոս Նուբարի հետ:

1915-ի հուլիսին, երիտթուրքական կառավարության իրականացրած հայերի տեղահանության և ցեղասպանության ժամանակ, Լեփսիուսը հանդիպել է Էնվերի հետ, պահանջել դադարեցնել ցեղասպանությունը, սակայն՝ ապարդյուն:

1915-ի սեպտեմբերին շվեյցարական թերթում հրապարակել է «Մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը» հոդվածը, որը սկզբնավորել է հայապաշտպան մեծ արշավը: 1916-ին հրատարակել է «Տեղեկագիր հայ ժողովրդի կացության մասին Թուրքիայում» երկը, որը բաժանել է Գերմանիայի քաղաքական և եկեղեցական գործիչներին: 1919-ին այդ գիրքը հրատարակվել է 2-րդ անգամ, լրացումներով՝ «Հայ ժողովրդի մահը» վերնագրով (հայերեն «Հայաստանի ջարդերը», թրգմ. Մ. Շամտանճյան, 1919):

«Տեղեկագիր…»-ը հրապարակելուց հետո Լեփսիուսը տարագրվել է չեզոք Հոլանդիա, ուր շարունակել է հայանպաստ գործունեությունը, կապեր ունեցել հայկական շրջանակների, գրագրություն՝ Ջ. Բրայսի հետ: Մշակել է ի պաշտպանություն հայերի ստեղծվելիք միջազգային լիգայի մանրամասն ծրագիրը: Առաջին աշխարհամարտից հետո Լեփսիուսը հրապարակել է մեծ թվով կարևոր փաստաթղթեր Հայաստանի վերաբերյալ («Գերմանիան և Հայաստանը 1914-1918-ին», 1919): Այդ ժողովածուն Գերմանա-հայկական ընկերության վարչության անդամ Ա. Իսահակյանի հետ ուղարկել է Վերսալյան հաշտության կոնֆերանսին մասնակցող հայկական պատվիրակությանը: Ժողովածուում ընդգրկված նյութերը՝ Գերմանիայի և Թուրքիայի դեսպանների, հյուպատոսների ու այլ պաշտոնական անձանց գաղտնի զեկուցագրերը, ականատեսների վկայությունները, անհերքելիորեն վկայում են, որ երիտթուրքերի կազմակերպած հայերի տեղահանությունն ու կոտորածները նպատակ ունեին ոչնչացնել հայ ժողովրդին, և այդ հանցագործության մեջ իր բաժինն ունի նաև Գերմանիան:

1921-ին՝ Ս. Թեհլերյանի դատավարության ժամանակ Լեփսիուսը ելույթ է ունեցել երիտթուրքերին մերկացնող ճառով:

1920-ական թթ շարունակել է նյութական օգնություն ցույց տալ հայ որբերին ու փախստականներին, Խորհրդային Հայաստան ուղարկել դեղորայք Գերմանա-հայկական ընկերության կողմից: Լեփսիուսի հրապարակած "Der Kristaliche Welt", և "Der Orient" պարբերականներում մշտապես հրատարակվել են հոդվածներ և նյութեր Հայաստանի վերաբերյալ: Լեփսիուսի երկերը և դիվանը (որի նյութերի մի մասը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում) ապացուցում են, որ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում առաջին աշխարհամարտի ժամանակ կատարվել է հայերի ցեղասպանություն:

Հ. Կորխմազյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am