Աբդուլ Համիդ. (1842-1918 թթ.) 1876-1909 թթ. եղել է Օսմանյան Թուրքիայի սուլթանը: Կառավարման սկզբնական շրջանում ներկայացել է իբրև բարենորոգումների և սահմանադրական կարգերի կողմնակից. 1876 թ. հռչակել է օսմանյան սահմանադրությունը, որի մշակմանը մասնակցել էր նաև Գրիգոր Օտյանը: Սակայն 1878-ին Աբդուլ  Համիդ 2-րդը արձակել է խորհրդարանը, հաստատել բռնատիրական վարչակարգ (հայտնի է «զուլում» անունով), մտցրել խիստ գրաքննություն, արգելել «ազատություն», «Հայաստան» և այլ բառեր: Դաժանորեն ճնշել է բուլղարների, մակեդոնացիների, հայերի,արաբների ազատագրական շարժումները: Աբդուլ Համիդ 2-րդի օրոք  Անգլիան Թուրքիայից գրավել է վերջինիս գաղութներից Կիպրոսը և Եգիպտոսը, Ֆրանսիան` Թունիսը: Ռուսաստանին են անցել Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներ, այդ թվում` Կարսը և Արդահանը:  Սան Ստեֆանոյի պայմանագրով (1878) և Բեռլինի դաշնագրով (1878) Աբդուլ Համիդ 2-րդը պարտավորվել է բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում: Սակայն հետևել են 1894-1896 թթ. Հայկական կոտորածները (ավելի քան 300,000 սպանված հայ), որոնց համար նա ստացել է «կարմիր սուլթան» մականունը: Երիտթուրքական հեղաշրջումից հետո (1908) հարկադրված վերականգնել է 1876-ի սահմանադրությունը, սակայն 1909-ի մարտի 31-ի իշխանությունը վերադարձնելու համար կազմակերպած հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկեց է արվել և աքսորվել:

  

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» , Երևան, 1996 թ.:     

Պետոյան Ստ., «Թուրքերը թուրքերի մասին» (Հատոր 1), ԵՊՀ հրատ, Երևան, 2011 թ.

Հարությունյան Բ.,  Կոտորածներն Արևմտյան Հայաստանում 1894-1896 թթ., ՀՀԻ Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա, Երևան 2004 թ.

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am