Ադանա, Ատանա, Սեյհան. քաղաք Կիլիկյան Հայաստանում, Ադանայի նահանգի վարչական կենտրոնը (Թուրքիա): Գտնվում է Կիլիկիայի (Չաքուրօվա) դաշտավայրում, Սեյհան գետի ափին: 12-14-րդ դարերին մտել է Կիլիկիայի հայկական թագավորության կազմի մեջ: 16-րդ դարի սկզբին ընկել է թուրքիայի տիրապետության տակ: 20-րդ դարասկզբին Ադանայի բնակչությունը շուրջ 45 հազար էր, որից 12600-ը` հայեր:Ադանա Հայերն օսմանյան տիրապետության 300 տարիների ընթացքում դարձել էին թրքախոս: Սակայն բազմաթիվ հայկական  դպրոցների բացումով սկսել է վերակենդանանալ հայոց լեզուն: Ադանայի հայերն զբաղվել են արհեստներով, առևտրով և գյուղատնտեսությամբ: Ունեին եկեղեցիներ, հայկական տպագրություն: 1909-ին երիտթուրքերը կազմակերպեցին Ադանայի հայերի ջարդ (տես Ադանայի կոտորած 1909 թ.): 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Ադանայում հայ չմնաց, բայց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ Կիլիկիան անցավ Ֆրանսիային, հայերի մի մասը վերադարձավ տուն: 1920-ի օգոստոսի 4-ին Մ. Տամատյանի գլխավորությամբ հռչակվեց հայկական Կիլիկիայի անկախությունը, որը, սակայն, ձևական բնույթ ուներ:  Շուտով ֆրանսիական զինված իշխանությունները Ադանան և ամբողջ հայկական Կիլիկիան հանձնեցին Քեմալական Թուրքիային, և Ադանայի հայերի մեծ մասը հարկադրված գաղթեց Սիրիա, Լիբանան, Հունաստան և այլ երկրներ:

 
Գրականության ցանկ

«Հայկական հարց», Երևան,1996 թ.:

Կիրակոսյան Ջ., Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ (1915-ից մինչև մեր օրերը), «Հայաստան» հրատ., Երևան, 1983թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am