Ադանայի կոտորած 1909 թ.՝ երիտթուրքական իշխանությունների կազմակերպած հայկական ջարդերը Ադանայի և Հալեպի նահանգներում, ապրիլի 1-4-ին և 12-14-ին: 19-րդ դարին վերջին հայկական կոտորածների ժամանակ Կիլիկիայի հայերի ինքնապաշտպան մարտերի շնորհիվ նրանց վիճակը 20-րդ դարասկզբին համեմատաբար բարվոք էր: Թուրքական հետադեմ շրջանակները Կիլիկիայի հայերին ամբաստանում էին թուրքերին դուրս մղելու «Հայոց թագավորությունը վերականգնելու» ձգտման մեջ: 1909-ի մարտի 31-ին Ադանայի նահանգապետի նախագահությամբ տեղի է ունեցել Ադանան կրակի մեջ խորհրդակցություն, որտեղ որոշում է ընդունվել հայերին կոտորելու մասին: Գավառներ են ուղարկվել համապատասխան գաղտնի հրահանգներ: Կոտորածների նախօրեին իշխանությունները մահմեդական բնակչությանը բաժանել են մեծ քանակությամբ զենք, բանտերից ազատել շուրջ 500 ոճրագործների: Ապրիլի 1-ն թուրք խուժանը, լցվելով Ադանայի փողոցները, սկսել է կոտորել հայերին: Կոտորածը շարունակվել է 3 օր: Կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով Արևելյան Թրակիայից բերված երիտթուրքական զորքերի հայտնվելը Ադանայում` ապրիլի 12-ին նոր ուժով է բորբոքել կոտորածները, որոնք իրենց ընդգրկումով և գործողությունների դաժանությամբ գերազանցեցին նախորդին: Ջարդերին գործուն մասնակցություն ունեցան նաև կանոնավոր զորքերը: Կոտորածներ տեղի ունեցան Ադանայի նահանգի բոլոր և Հալեպի նահանգի հայաբնակ վայրերում: Զոհվեցին շուրջ 30 հազար հայեր, որոնցից ավելի քան 20 հազար` Ադանայի նահանգում: Ոչնչացվեցին բազմաթիվ հայկական բնակավայրեր: Հաճընում, Սսում, Զեյթունում, Շեյխ Մուրադում, Դյորթ Յոլում հայերը կազմակերպել են ինքնքպաշտպանություն, հետ մղել թուրք ջարդարարների հարձակումները և փրկել կոտորածներից: Երիտթուրքերը պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակության կարծիքը մոլորեցնելու նպատակով ձևական հետաքննություն են սկսել, դրա հետևանքով ջարդերի կազմակերպիչներն ու պատասխանատուները մնացել են անպատիժ: Ադանայի կոտորածը ցույց տվեց, որ երիտթուրքերը Աբդուլ Համիդ 2-րդի հակահայկական քաղաքական շարունակողներն են:
Գրականության ցանկ
«Հայկական հարց», Երևան,1996 թ.:
Ադոսիդես Ա., Հայեր և երիտթուրքեր. Կիլիկիայի կոտորածները, Հ.Ց. թանգ-ինստ., Երևան, 2012թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am