ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ. 1920 ստորագրվել է դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև Ալեքսանդրապոլի կոնֆերանսի ավարտից հետո (1920): Պաշտոնապես կոչվել է <<Հաշտության պայմանագիր Թուրքիայի և Հայաստանի միջև>>: Բաղկացած է 18 հոդվածից:
1-ին հոդվածով պատերազմը Թուրքիայի և Հայաստանի միջև հայտարարվում էր ավարտված: Երկրորդ` որոշվում էին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանները: Թուրքիային էր անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը (ավելի քան 20.7 հզ. ք. կմ.), իսկ Նախիջևանի, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով հաստատվելու էր հատուկ վարչություն: Հայաստանի կառավարությունը զրկվում էր այդ վարչության գործունեությանը միջամտելուց, անկախ այն բանից, թե ինչպիսի ձև կընդուներ այդ վարչությունը: Հայաստանի Հանրապետությանը իրավունք էր վերապահվում Թուրքիային անցած Կարսի մարզում և Սուրմալույի գավառում հանրաքվե անցկացնելու պահանջ ներկայացնել, բայց այդ նույն 3-րդ հոդվածում նաև ասված էր, որ այդ տարածքները «անվիճելի պատմական, էթնիկական և իրավական կապ ունեն Թուրքիայի հետ», որով փաստորեն նախապես բացառվում էր հանրաքվեի անհրաժեշտությունը: Հայաստանը զրկվում էր նաև ընդհանուր զինապարտություն մտցնելու և բանակ պահելու իրավունքից, նա կարող էր ունենալ միայն 1500 զինվոր, 8 թնդանոթ և 20 գնդացիր: Կարող էր կառուցել ամրություններ և նրանցում տեղադրել անհրաժեշտ ծանր հրետանի, պայմանով, որ չլինեն 15սմ տրամաչափի ու հեռահար հրանոթներ (հոդված 4): 5-րդ հոդվածով Թուրքիայի քաղաքական ներկայացուցչին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո պետք է ժամաներ Երևան, իրավունք էր տրվում իր հայեցողությամբ տեսչություն և հետաքննություն կատարել վերը նշված պայմանների կատարման կապակցությամբ: Դրա փոխարեն Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգի դեպքում, եթե Հայաստանի կառավարությունը նման խնդրանքով դիմեր նրան: Հայաստանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի հաշտության պայմանագրից (1920), պարտավորվում էր Եվրոպայից և ԱՄՆ-ից հետ կանչել իր պատվիրակներին «պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, որոնք հրահրում և հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ...»: Ինչպես նաև անվավեր էր ճանաչում բոլոր այն պայմնագրերը, որ կնքվել են ի վնաս Թուրքիայի կամ շոշափել են նրա շահերը: Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցման ճանապարհները, ռազմական միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի տարածքում: Պայմանագրով Հայաստանի մաս ճանաչված, բայց Թուրքիայի կողմից օկուպացված, շրջանները (Ալեքսանդրապոլի գավառ) պետք է ազատվեին Հայաստանի կողմից պայմանագրի բոլոր կետերի կատարումից հետո: Այս կետը Թուրքիային հնարավորություն էր տալիս շարունակել գավառի երկարատև օկուպացիան, քանի որ պայմանագիրն այպես էր կազմված, որ միշտ կարելի էր կառչել նրա այս կամ այն պայմանի ոչ լրիվ կամ ոչ ճիշտ կատարումից: Պայմանագրի մնացած հոդվածները վերաբերում էին ազատ տարանցիկ առևտրին, փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը, Հայաստանի մահմեդական բնակչության իրավունքներին: Բոլոր այս պայմանները ոտնահարում էին Հայաստանի իրավունքները, արգելում հայ գաղթականների հայրենիք վերադարձը: 7-րդ հոդվածով «Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից... պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաև համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից»:  Դրանով Թուրքիան ազատվում էր ինչպես բնաջնջված, այնպես էլ արտաքսված հայերի ունեցվածքի հատուցումից: Փարզի հաշտության կոնֆերանսի տվյալներով այդ գումարը շուրջ 19 մլրդ ֆրանկ էր: Պայմանագիրը պետք է վավերացվեր մեկ ամսվա ընթացքում` ընդունման օրվանից: Ալեքսանդրապոլի պայմանագիրը կազմված էր երկու օրինակից` հայ. և թուրք.:
      Խորհրդային Հայաստանի կառավարությունը չճանաչեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Ավելի ուշ` 1921-ի հոկտեմբերի 13-ին Կարսում, Թուրքիայի հետ կնքվեց նոր պայմանագիր (Կարսի պայմանագիր 1921):

 

 

Է. Զոհրաբյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

Խատիսյան Ա.., Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Աթենք, 1930:
Շահան Նաթալի, Երեք դաշնագիրեր (Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կարսի), Բեյրութ, 1957:
Զոհրաբյան Է. Ա., Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922թթ., Ե., 1979:
Մսըրլյան Զ., Երեք դաշնագիրեր (Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կարսի դաշնագիրեր. 1920-1921 թթ.),Բեյրութ, 1979:


Քարտեզներ՝ 
"Հայաստանի Հանրապետությունն ըստ Ալեքսանդրապոլի պայմանագրի (2.XII.1920)":

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am