ՖՐԱՆՍ (France) Անատոլ (1844-1924 թթ.), ֆրանսիացի գրող, ակադեմիկոս, 1921 թ. նոբելյան մրցանակի դափնեկիր: Հետևողականորեն հանդես է եկել ճնշված ժողովուրդների, մասնավորապես՝ Օսմանյան կայսրության հայերի պաշտպանությամբ: Նախաձեռնել և ոգեշնչել է բազմաթիվ հասարակական միջոցառումներ, որոնց նպատակն էր լայն հասարակայնությանը տեղեկացնել Արևմտյան Հայաստանում տիրող կամայականությունների, բռնությունների և կրկնվող ջարդերի մասին: 1894-1896 թթհայերի զանգվածային կոտորածների ժամանակ Անատոլ Ֆրանսը բողոքի ձայն է բարձրացրել սուլթանական իշխանությունների դեմ` հայերի վաղնջական հայրենիքը արյունով հեղեղելու համար: Անատոլ Ֆրանսը կազմակերպել  և անձամբ մասնակցել է հայ որբերի համար հանգանակությանը: Ժ. Ժորեսի և Ֆ. դը Պրեսանսեի  հետ եղել է Փարիզում հրատարակվող «Պրո Արմենիա» ամսագրի խմբագրության անդամ: 1903-1904 թթ. Փարիզում, Լոնդոնում, Հռոմում, Միլանում, Ժնևում և եվրոպական այլ քաղաքներում «Հայաստանի և Մակեդոնիայի պաշտպանության համար» կոմիտեները կազմակերպել են հատկապես սուլթանական ճնշումից տառապող հայերի և մակեդոնացիների պաշտպանության հանրահավաքներ և կոնֆերանսներ, որոնց ակտիվորեն մասնակցել և նաև ղեկավարել է Անատոլ Ֆրանսը: Հռոմում 1903 թ.-ի մայիսի 24-ին հանրահավաքի ժամանակ Ֆրանսն իր ելույթում նշել է. «Սուլթան Աբդուլ Համիդ II-ը հրեշ էորը մշտապես դողում է իր խղճուկ ամենազորության մեջ, և, սարսափելով իր ոճիրներից, իրեն հանգստացնում է նորանոր հանցագործություններկատարելով. 1893-1896 թթ. նա կախել և վառել է 300 հազար հայերի և այդ ժամանակից սկսած նողկալի զգուշությամբ զբաղվում է որբացած  ժողովրդի հետևողական ոչնչացմամբ...» (Trente ans de vie sociale, I, 1949, page 137-138):

Ֆրանսը ցասումով բողոքել է հայերի ցեղասպանության դեմ: 1916 թ. ապրիլի 9-ին Սորբոնում ելույթի ժամանակ հայտարարել է. «Երիտթուրքերը, տիրանալով իշխանությանը, իրենց գազանությամբ գերազանցեցին Աբդուլ Համիդին` կազմակերպելով Ադանայի կոտորածը... Մեզ սիրող այդ ժողովրդին բնաջնջելու որոշումն ընդունվել է թուրքական կառավարության խորհրդակցություններում... Արյան այն փոքր քանակությունը, որը նա դեռևս պահպանում է, թանկագին արյուն է, որից հերոսական սերունդ է ծնունդ առնելու: Ժողովուրդ, որը մեռնել չի ուզում, երբեք չի մեռնի» («Հայերի ցեղասպանությունը օսմանյան կայսրությունում», փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Մ. Գ. Ներսիսյանի խմբագրությամբ, 1991, էջ 528-529):

 Ռ.Սահակյան

 

 

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am