ԱՆԴՐԱՆԻԿ (Օզանյան Անդրանիկ Թորոսի) [1865, Շապին Գարահիսար - 1927, Չիկո (Սակրամենտոյի մոտ. ԱՍՆ)], ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար: Սովորել Է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում: Զինագործարանի բանվոր է եղել Կ.Պոլսում, ապա աշխատել Ռումինիայում: Վերադառնալով հայրենիք՝ աշխատել է որպես ատաղձագործ, մասնակցել է հասարակական կյանքին: 1891-ին անդամագրվել է հնչակյան կուսակցությանը, ապա (հավանաբար մեկ տարի անց)՝ ՀՀԴ կուսակցության անդամ (որից հեռացել է առաջին անգամ 1907-ին, վերականգնվել՝ 1914-ին և երկրորդ անգամ հեռացել 1917-ին, ինչի մասին հայտարարել է մամուլում): XIX դ. 90-ական թթ. զինվորագրվել է հայդուկային շարժմանը, նախ՝ շարքային հայդուկ, ապա՝ տասնապետ, խմբապետ՝ Աբրոյի, Գուրգենի, Աղբյուր Սերոբի խմբերում: Զենք ձեռք բերելու, ազատագրական ուժերը համախմբելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Յալթայում. Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Ալեքսանդրապոլում, էջմիածնում, Երևանում, Նախիջևանում, Թավրիզում, Սալմաստում: Համագործակցել է ազատագրական շարժման գործիչներ Հրայրի, Նիկոլ Դումանի, Մեծն Մուրադի հետ: Աղբյուր Սերոբի մահից (1899) հետո (որի մահվան վրեժը լուծել Է՝ սպանելով նրան սպանող Բշարե Խալիլին) Անդրանիկը Վասպուրականում և Սասունում գործող հայղուկային խմբերով մասնակցել է թուրք կանոնավոր գորքերի և քրդական հրոսակախմբերի դեմ բազմաթիվ մարտերի, հանդես բերել անձնական արիություն և զորավարական հմտություն: Անդրանիկին մեծ համբավ են բերել Առաքելոց վանքի կռիվը (1901) և Աղթամարի կռիվը (1904), որոնց անդրադառնալով՝ եվրոպական և ռուսական մամուլը նշել են Անդրանիկի՝ թուրքական գերակշիռ ուժերի դեմ մղած հերոսական մարտերի մասին: 1904-ի վերջից Անդրանիկը դուրս Է եկել Արևմտյան Հայաստանից, եղել Իրանում, Բաքվում, Թիֆլիսում, հանդիպել տեղերում հայ հասարակական-քաղաքական շրջանների հետ, ապա հաստատվել ժնևում: Այստեղ հրատարակել Է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» (1906) կանոնագիրքը: 1907-ին տեղափոխվել է Բուլղարիա: Անդրանիկը ուշադիր հետևել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման զարգացմանը, հայ քաղաքական կուսակցությունների գործունեությանը, դեմ Էր երիտթուրքերի հետ դաշնակցականների մերձեցմանը, գտնում էր, որ յուրաքանչյուր այդպիսի քայլ հղի Է կործանարար հետևանքներով արևմտահայերի համար (այս տեսակետը նա արտահայտել է դաշնակցության IV համագումարում, 1907-ին, Վիեննայում), Բալկանյան 1-ին պատերազմի ժամանակ Անդրանիկը եռանդագին մասնակցել է հայկական կամավորական վաշտի ձևավորմանը, որը հետագայում Նժդեհի (վաշտի պետն Էր) գլխավորությամբ (Անդրանիկ եղել Է վաշտի ավագը) մասնակցել Է թուրքական զորքերի դեմ մարտերին (տե՛ս Բալկանյան պատերազմներ 1912-13):
Հայաստանի բազմաթիվ վայրերում Անդրանիկի անունով են կոչվում փողոցներ, հրապարակներ, նրա հիշատակին կանգնեցված են հուշարձաններ: Անդրանիկը հայ ժողովրդի ամենասիրված հերոսներից է, նրա մասին ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել:
Հ. Կարապետյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:
Անդրանիկ «Մարտական հրահանգներ», ժնև. 1906
«Անդրանիկի հուշերը», ժնև, 1935:
«Զորավար Անդրանիկը կը խոսի», 2 հրտ, Լոս Անջելես. 1974:
«Զորավար Անդրանիկի կովկասյան ճակատի պատմական օրագրությունը (1914-1917)», Բոստոն, 1924:
Քաջունի Ե., «Անդրանիկի և հայկական առանձին հարվածող զորամասի հետ», Նյու Ջերսի, 1976:
Ներսիսյան Մ., «ժողովրդական հերոսը (Զորավար Անդրանիկի ծննդյան 100-ամյակի առթիվ), Հայ ժողովրդի նոր պատմության էջերից», Ե., 1982:
Չելեպյան Ա, «Զորավար Անդրանիկ», Միչիգան, 1988:
Անդրանիկ Օզանյան, «Մատենագիտություն», Ե. 1989:
Андраник Озанян. Документы и материалы. ԲՀԱ. 1991, No 1-2.
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am