ԱՐԳԱՅԼ (Argyll) ՋՈՐՋ ԴՈՒԳԼԱՍ ՔԵՄՓԲԵԼ (1823-1900), անգլիական քաղաքական ու հասարակական գործիչ, դուքս: ՈՒ.Գլադստոնի կառավարությունում եղել է պետական քարտուղար, 1878-ից` Կանադայի գեներալ-նահանգապետ: 1895-ին հիմնադրել և ցմահ եղել է Շոտլանդա-հայկական ընկերակցության (որի նպատակն էր ճնշում գործադրել Մեծ Բրիտանիայի կառավարության վրա Հայկական հարցը լուծելու համար,օգնություն կազմակերպել կոտորածներից փրկված արևմտահայերն են) նախագահը: 1894-ի Սասունի ջարդերի կապակցությամբ բողոքի հանրահավաք է կազմակերպել Լոնդոնում: «Արևելյան հարց» (1879), «Փաստագրական և պատմագրական վկայություններ հայ ժողովրդի նկատմամբ գործադրված սարսափների համար Անգլիայի պատասխանատվության» (1896) «Մեր պատասխանատվությունը Թուրքիայի իրադրության համար» (1896) աշխատություններում քննադատել է Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը հայկական հարցում, գտել, որ Սան Ստեֆանոյի պայմանագիրը Կիպրոսի կոնվենցիայով (1878) ու Բեռլինի դաշնագրով(1878) փոխարինելը,հայկական գործերից Ռուսաստանի հեռացումը «ազգային ծանր պարտավորություններ են դնում Մեծ Բրիտանիայի վրա»:Արգայլի կարծիքով 19-րդ դարի 90-ական թթ. Հայկական ջարդերն ու կոտորածները Մեծ Բրիտանիայի «եսապաշտ» քաղաքականության հետևանքն էին:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am