Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Ավստրո-Հունգարիան և Հայկական հարցը

ԱՎՍՏՐՈ-ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ: XIX վերջին Ավստրո-Հունգարիան Օսմանյան կայսրության նկատմամբ վարում էր նրա ամբողջականության պահպանման քաղաքականություն, քանի որ փլուզված Թուրքիայի տեղում սլավոնական անկախ պետությունների ստեղծումը կարող էր սպառնալ ավստրո-հունգարական բազմազգ կայսրության գոյությանը: Դեռևս XVIII դարի կեսին ավստրալիական կայսրուհի Մարիա Թերեզան կողմնակից էր Թուրքիայի հետ Ավստրիայի կայուն և տևական դաշինքին` իր կայսրությունն ու Եվրոպան սլավոնների ազդեցությունից զերծ պահելու համար: Բալկանները ամբողջապես իր քաղաքական ազդեցությանը ենթարկելու Ավստրո-Հունգարիայի քաղաքականությանը խոչընդոտում էր Ռուսաստանը, որը նրա մրցակիցն էր այդ շրջանում: Ավստրո-Հունգարիան երկյուղում էր, ինչպես Օսմանյան կայսրության ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումներից, այնպես էլ իր սահմանների վրա սլավոնական խոշոր պետության ստեղծումից: 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմների արդյունքները, որոնք համընկնում է (որոնք համընկնում էին արևմտահայերի կենսական շահերի հետ) մեծ անհանգստություն առաջ բերեցին ավստրիական կառավարությունում: Ռուսաստանի ազդեցության չեզոքացումը և Օսմանյան կայսրության հնարավոր քայքայումից առավելագույն օգուտներ քաղելը դարձան ավստրո-հունգարիական դիվանագիտության գլխավոր հոգսն ու գործողությունների ծրագիրը: 1878-ի փետրվարի 5-ին պրեմիեր մինստր Դյուլա Անդրաշին նոտա հղեց 1856-ի Փարիզի պայմանագիրը և  1871-ի Լոնդոնի կոնվեցիան ստորագրած պետություններին` առաջարկելով Վիեննայում եվրոպական համաժողով հրավիրել` քննարկելու ռուս-թուրքական պատերազմի հետևանքով ծագած վիճելի հարցերը: Անդրաշին համոզված էր, որ Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի տարած հաղթանակի արդյունքները նվազեցնելու համար անհրաժեշտ է հակառուսաստանյան անգլո-ավստրիական համաձայնություն: ԵՎ 1878-ի Բեռլինի կոնգրեսում  ավստրո-Հունգարիայի դիրքորոշումն նպաստեց 1878-ի Ստան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածով փոխարինելուն, ինչը խիստ աննպաստ եղավ հայերի համար: Հետագայում Ավստրո-Հունգարիայի կառավարությունը Մեծ Բրիտանիայի և եվրոպական մյուս տերությունների հետ համատեղ բազմիցս հանդես եկավ` Բարձր դռնից պահանջելով իրագործել Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու իր ստանձնած պարտավորությունները: Թուրքիայում ավստրո-հունգարիական դեսպան Հենրիխ Կալիցեն ստորագրեց սուլթանական կառավարությանն ուղղված տերությունների` 1880-ի հուլիսի 2-ի և 11-ի համատեղ նոտանները: 1895-97-ի մերձավորարևելյան ճգնաժամի օրերին ավստրո-հունգարիական կառավարությունը ամեն կերպ պաշտպանում էր Գերմանիայի քաղաքականությունը` միաժամանակ ջանալով համերաշխություն ցույց տալ Մեծ Բրիտանիայի գործողություններին Հայկական հարցում: 1895-ին Ավստրո-Հունգարիան իր դժգոհությունը հայտնեց Հայկական հարցում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի միակողմանի քայլերի առթիվ, մասնավորապես ` Բարձր դռանը ներկայացված Արևմտյան Հայաստանի բարենորոգումների նախագծի կապակցությամբ: Արտգործնախարար կոմս Ագենոր Գոլուխովսկին անգլիական կառավարությանը առաջարկեց այդ հարցին մասնակից դարձնել բոլոր տերություններին, ստեղծել վեց մեծ տերությունների հանձնաժողով, որը կհսկեր բարենորոգումների իրագործումը Արևմտյան Հայաստանում: 1895-ի հոկտեմբերի 2-ին Կ. Պոլսի ավստրո-հունգարական դեսպանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տերությունների դեսպանների հանդիպում, որի ժամանակ որոշվեց բողոքի նոտա ներկայացնել Բարձր դռանը` մայրաքաղաքի հայ բնակչության ջարդերի կապակցությամբ: Ագենոր Գուլիխովսկին մեծ տերությյունների Կ. Պոլսի դեսպաններին հղեց հեռագրեր, որոնցով պահանջում էր վճռական միջոցներ դիմել սուլթանական կառավարության նկատմամբ, քանի որ «Օսմանյան կայսրության քրիստոնյանների վիճակը աղետալի է»: Ավստրո-Հունգարիան մասնակցեց նաև մեծ տերությունների կողմից թուրքական կառավարության վրա ճնշում գործադրելու համար Կ. Պոլիս ռազմանավեր ուղարկելու համտեղ քայլերին: Չնայած Գոլուխովսկին «դժբախտությունը կանխելու», հայերին տառապանքներից փրկելու կոչեր էր անում, միաժամանակ գտնում էր, որ Հայկական հարցի լուծումը պետք է լիովին վստահել սուլթանին: 1897-ի դեկտեմբերի 17-ին նա տերություններին խորհուրդ էր տալիս սպասել, սուլթանին հնարավորություն տալ `«կարգուկանոնը վերականգնելու» իր խոստումը վերականգնելու համար, աշխատում էր ամեն կերպ չսրել ճգնաժամը, որը միաժամանակ կարող էր շեղել Ռուսաստանի ուշադրությունը Հեռավոր Արևելքից: Ավստրո-հունգարական կառավարությունը ավելի շատ երկյուղում էր «բարենորոգումների կրակից», որը տարածվելով կարող էր սասանել կամ հիմնովին կործանել թուրքական տիրապետության խարխուլ շենքը: 1912-1914-ի Հայկական բարենորոգումների  հարցի քննարկման ժամանակ Ավստրո-Հունգարիան լիովին պաշտպանում էր իր դաշնակցին` Գերմանիային: Ա. Մանդելշտամի ռուսական ծրագիրը Կ. Պոլսի դեսպաններին ներկայացնելուց հետո ավստրո-հունգարական կառավարությունը ամեն գնով խոչընդոտում էր բարենորոգումների հարցի քննարկմանը: Միաժամանակ նա Վիեննայի մամուլում քարոզչական լայն աշխատանք էր տանում Արևմտյան Հայաստանում ռուսների «զավթողական ծրագրերի» դեմ` քանիցս հայտարարելով, թե Ռուսաստանը սպառնում է Թուրքիայի ամբողջականությանը: Կ. Պոլսի դեսպանաժողովի առաջին իսկ նիստում (1913-ի հունիս) ավստրիացի դեսպան Ի. Պալավիչինին, գերմանացի Հ. Վանգենհայմի աջակցությամբ, նպատակահարմար դիտեց քննարկել նաև բարենորոգումների թուրքական նախագիծը: Սակայն ռուսական կողմը դժգոհեց այդ առաջարկից և հաջորդ նիստում, հունիսի  24-ին, ավստրիացի ներկայացուցիչը հանդես եկավ ռուսական նախագծի հիմնական դրույթների խիստ քննադատությամբ և մերժեց Արևմտյան Հայաստանի վեց նահանգներից (վիլայեթներից) մի ամբողջական հայկական մարզ ստեղծելու գաղափարը, որը, իբրև թե, «ոտնահարում էր սուլթանի իրավունքները»: Չնայած ավստրիական պաշտոնական շրջանների նման դիրքորոշմանը հայկական հարցում, ավստրո-հունգարիական հասարակության որոշակի մասը դատապարտում էր կառավարության թուրքամետ քաղաքականությունը, պահանջում պաշտպանել Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու հարցը: 1913-ի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած հայապաշտպան համաժողովում այս ոգով հանդես եկավ ավստրիական հասարակության ներկայացուցիչ Անտոն Հերմանը:

1914-18-ի առաջին համաշխարհային պատերազմում լինելով Թուրքիայի դաշնակիցը`  Ավստրո-Հունգարիան անտարբեր գտնվեց հայերի զանգվածային ջարդերի և տեղահանությունների հանդեպ: 1915-ի գարնանային ամիսներին ավստրո-հունգարական դիվանագետների զեկուցագրերում հայերի նկատմամբ Թուրքերի քաղաքականությունը դիտվում էր որպես պատասխան քայլ սկսված «համահայկական ապստամբության», «հայկական վտանգի», «հայերի դավաճանության»: Կ. Պոլսում տեղի ունեցած հայերի ձերբակալությունների առթիվ ավստրիական դեսպանությունը (1915-ի ապրիլի 29-ին) Վիեննային տեղեկացնում էր, որ «Կոստանդնուպոլիսը վերջնականապես մաքրվել է կասկածելի հայերից»: Ավստրիական կառավարությունը երբեք հանդես չեկավ երիթուրքերի կառավարության չարագործությունների դատապարտմանը: Եվ միայն 1915-ի մայիսի 2-ին, Թուրքիայում ամերիկյան դեսպան Հ. Մորգենթաուի բազմակի խնդրանքներից ու պահանջներից հետո Պալավիչինին «բարեկամաբար» Թալեաթին նախազգուշացրեց հայ կանանց ու երեխաների «հալածանքների» մասին, փաստ, որը նրա կարծիքով, կարող էին «օգտագործել»  Թուրքիայի թշնամիները:  1915-ի հունիսի 24-ին Ավստրո-Հունագարիայի արտգործնախարարը գրում էր, թե «թուրքերի բիրտ քաղաքականության հետևանքով հայերը ընկան ռուսների ձեռքը»: Թեև 1915-ի վերջին ավստրո-հունգարական դիվանագետների հաղորդագրություններում երևաց հայ ժողովրդի «բնաջնջում» արտահայտությունը, իսկ 1916-ի մարտին Պալավիչինին հայերի ջարդերն ու տեղահանությունը բնորոշեց որպես «թուրքական կառավարության խայտառակություն», ոչ դեսպանությունը, ոչ էլ կառավարությունը չդիմեցին կոնկրետ միջոցների` հայերի ողբերգությունը կանխելու և Թուրքիայի տարաբախտ հայ բնակչությանը օգնելու համար:

1918-ի փետրվարին Ավստրո-Հունգարիայի և Գերմանիայի աջակցությամբ և պաշտպանությամբ, Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա: Մարտի 3-ին Ավստրո-Հունգարիան Գերմանիայի և Թուրքիայի հետ ստորագրեց 1918-ի Բրեստի հաշտության  պայմանագիրը, որի  4-րդ հոդվածի համաձայն, Ռուսաստանը պետք է «ապահովեր Արևելյան Անատոլիայի գավառների դատարկումն ու կանոնավոր հանձնումը Թուրքիային»: Հայաստանի Հանրապետության` ավստր. կառավարությանը ռազմական օգնության խնդրանքին (1918-ի օգոստոսի 11) ի պատասխան Ավստրո-Հունգարիայի Կ. Պոլսի զինվորական ներկայացուցիչը հայկական պատվիրակությանը հայտնեց, որ պատրաստ է օգնել հայերին և կարող է լեհերից բաղկացած երկու ավստր. գումարտակ ուղարկել Երևան: Այդ օրերին ավստրիական ներկայացուցիչները մշտապես շոշափում էին Հայաստանի նկատմամբ ավստրո-հունգարական խնամակալություն հաստատելու գաղափարը` վկայակոչելովՁախից աջ` Վիլհելմ II, Ֆրանս Իոսիֆ, Մեհմեդ V, Ֆերդինանդ V այն փաստը, թե Ավստրո-Հունգարիան միակ  պետությունն է, որ բարեկամական հարաբերություններ է պահպանում Թուրքիայի հետ: Հավատացնում էին, թե Ավստրիան լավ է վերաբերվում հայերին` շնորհիվ Մխիթարյանների, և որ չի առարկի, եթե էրցհերցոգներից մեկը նստի հայկական գահին: 1918-ի օգոստոսի 13-ին Վիեննայում գտնվող հայկական պատվիրակությանը հայտնեց, որ կուղարկվի միայն ավստրիական հատուկ առաքելություն` զինվորական մեկ հարյուրակի ուղեկցությամբ, իսկ ավելի մեծաքանակ զորամասեր ուղարկելու հարցը օրակարգից հանվում է:

Ավստրո-Հունգարիայի արտգործնախարարի հետ հայկական պատվիրակության անդամ Հ. Օֆանջանյանի հանդիպման ժամանակ նախարարը պատրաստակամություն հայտնեց իր կառավարությանն առընթեր ունենալ հայկական ներկայացուցչություն և արտահայտվեց հօգուտ Հայաստանի անկախության պահպանման ու գաղթականների հայրենադարձման: Եվ, չնայած նման արտահայտություններին, ավստրիական կառավարությունը քայլեր չձեռնարկեց` կանխելու թուրքական բանակի կողմից հայկական տարածքների զավթումը և հայ բնակչության ջարդերը:

Ա. Կիրակոսյան

Ա. Օհանջանյան (Ավստրիա)

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց», Երևան, 1996թ.

Կիրակոսյան Ա. Ջ. Ավստրո-հունգարական քաղաքականությունը Հայկական հարցում, ԼՀԳ, 1984, N 1:

Բարսեղյան խմբ., Ավստրա-Հունգարիայի դիվանագետների հաղորդագրությունները հայոց ցեղասպանության մասին (1915-1918թթ.), Երևան, 2002:

Օհանջանյան Ա., Ավստրո-հունգարիայի արխիվների փաստաթղթերը Հայկական հարցի և հայոց ցեղասպանության մասին, Երևան, 2002: 

Степанян С. С. “Армения в политике империалистической Германии ( конец XIX- начало XX века), Е, 1975.

The Armenian Genocide, v.2, Munchen, 1988.

Ohandjanian A., Ostereich-Ungarn und Armenien 1914-1918, Wien, 1988.

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am