ԱՂԲԱԼՅԱՆ Նիկոլ Պողոսի (1875, Թիֆլիս- 1947, Բեյրութ), հասարակական քաղաքական գործիչ, գրականագետ: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Ուսանել է Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի (Փարիզ) համալսարաններում: Եղել է ուսուցիչ Կաղզվանում, Ագուլիսում, Շուշիում, Թիֆլիսում: 1909-ին մեկնել է Պարսկաստան, եղել է Ազգ. վարժարանի տնօրեն: 1913-ին Թիֆլիսում հրատարակել է «Նոր հոսանք»հանդեսը, խմբագրել (Ա. Ջամալյանի հետ) «Հորիզոն» թերթը: 1914-ին, առաջին համաշխ. պատերազմի սկզբից, դարձել է ազգային բյուրոյի և կամավորական գնդերի կարգադրիչ մարմնի անդամ, զբաղվել հայ գաղթականների տեղափոխման հարցերով: 1917-ի Փետրվարյան հեղափոխության օրերին և հետո հայտնել է այն կարծիքը, որ հայերը պետք է ապավինեն միայն իրենց սեփական ուժերին և ավելորդ հույսեր չկապեն Ռուսաստանի հետ: 1918-ին, Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, ընտրվել է խորհրդարանի անդամ, 1919-ին նշանակվել լուսավորության նախարար: 1920-ի մայիսյան ապստամբության օրերին խորհրդարանում մերկացրել է Հայաստանի դեմ նյութվող բոլշևիկյան դավերը: Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1921-ի փետրվարի 9-ին բանտարկվել է. ազատվել է Փետրվարյան հակախորհրդային ապստամբության օրերին: 1921-ի ապրիլին տարագրվել է Պարսկաստան, այնտեղից` Եգիպտոս (1923): 1930-ից մինչև մահը ապրել է Բեյրութում, եղել է Նշան Փալանջյան ճեմարանի տնօրենը: Նշանակալից է Աղբալյանի «Պատմութիւն Հայոց գրականության» (1947) ուսումնասիրությունը:
«Հայկական հարց», Երևան, 1996 թ:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am