ԱՅՎԱԶՈՎՍԿԻ (Հայվազովսկի) Հովհաննես (Իվան) Կոստանդինի (1817, Թեոդոսիա - 1900, Թեոդոսիա), ծովանկարիչ: Պետերբուրգի և մի քանի եվրոպական գեղարվեստական ակադեմիաների անդամ: Ղրիմի հայ համայնքի նշանավոր գործիչ: 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զգալի նյութական օգնություն է ցուցաբերել հայ գաղթականներին, շատերին ապաստան է տվել Թեոդոսիայի իր կալվածքներում: Նկարիչը ծանր է տարել 1894-96-ի հայկական ջարդերը Թուրքիայում, ձգտել է հնարավորին չափ նյութապես օգնել ջարդերից փրկվածներին, Ղրիմի հայ համայնքին կոչ արել օթևան տալ գաղթականներին: Այդ սարսափելի իրադարձությունների անմիջական տպավորությամբ 1890-ական թթ. կեսին Այվազովսկին վրձնել է «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» կտավները: Այս ստեղծագործությունները ցուցադրվել են 1898-ին, Մոսկվայում (պահպանման վայրն անհայտ է): Դրանց մատիտանկար էսքիզները վերատպվել են «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովում:
Տես նաև՝
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am