ԲԱՔՎԻ ՋԱՐԴԵՐ: 1990, Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) 1990-ի հունվարի 13-19-ին կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդեր Բաքվում: Հունվարի 13-ին Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովը, հանդիպելով ԱԺՃ ակտիվի հետ (հեռարձակվել է հանրապետական հեռուստատեսությամբ), ասել է...Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ -ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշներով տպագրվել է նաև մամուլում, ներկայացվել բազմահազարանոց հանրահավաքներում:
Ջարդերը շարունակվել են 6 օր: Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին: Հրամանագիրը կատարել է ԽՍՀՄ ԶՈՒ օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ա. Ն. Լեբեդը: Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են:1990-ի հունվարի 13-19-ի ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն (շուրջ 250 հզ. հայ) սպանվել և անհայտ կորել են հազարավոր հայեր: Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով մեղադրել են այսպես կոչված «խուլիգանական տարրերին», իբր տեղի ունեցած ողբերգական դեպքերը նրանց անկարգությունների և սանձարձակությունների արդյունք են:
Բոլոր քաղաքակիրթ երկրներում զանգվածային լրատվամիջոցները Բաքվի ջարդերի մասին գրել են վրդովմունքով: ԱՄՆ-ի և եվրոպական հեռուստատեսությունների նորությունների ամփոփագրերում հաղորդվել են բազմաթիվ ռեպորտաժներ Բաքվի հայերի հանդեպ կատարվող հակամարդկային բռնարարքների մասին: 1990-ի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել Արտաքին գործերի նախարարների կոմիտեին և Եվրախորհրդին պաշտպանել հայերին խորհրդային կառավարության հակաօրինական գործողություններից և պահանջել անհապաղ օգնություն ցուցաբերել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին: Հունվարի 18-ին ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ համատեղ նամակ են հղել Մ. Գորբաչովին, որում անհանգստություն են արտահայտել Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ և կոչ արել Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին:
1990-ի մարտի 29-ին կայացել է ԽՍՀՄ ԳԽ փակ նիստ Բաքվում կատարված դեպքերի առընչությամբ: Ադրբեջանի պատվիրակությունը պահանջել է ստեղծել հանձնաժողով զորքը Բաքու մտցնելու և նրա գործողությունները հետաքննելու համար: Ի պատասխան հարցապնդման ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությունը ներկայացրել է ջադերի այնպիսի մանրամասներ, որոնք չեն լուսաբանվել մամուլում: Փոխադարձ համաձայնությամբ հանձնաժողով չի ստեղծվել, իսկ հայերի ջարդերը մատնվել են մոռացության:
Գրականության ցանկ
Мосесова Н., Армяне Баку: Битие и исход., Е., 1998.
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am