ԲԱԹՈՒՄԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1918, հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև, կնքվել է հունիսի 4-ին, Բաթումում: Թուրքիայի կառավարության անունից պայմանագիրը ստորագրել են Խալիլ բեյը, Վեհիբ Մեհմեդ փաշան, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից՝ Ա. Խատիսյանը, Հ. Քասջազնունին, Մ. Պապաջանովը: Պայմանագիրը պարտադրված ակտ էր ռազմական գերակշռություն ունեցող Թուրքիայի կողմից և ստորագրվել է Անդրկովկասում թուրքերի հարձակման պայմաններում (տե՛ս Թուրքական արշավանք Անդրկովկաս 1918):

Դեռևս 1918-ի մայիսի 14-ին, թուրքական պատվիրակությունը անդրկովկասյան պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում պահանջել էր իրեն հնարավորություն տալ «բարեկամաբար օգտագործել Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղագիծը»: Չսպասելով պատասխանի՝ թուրքական զորքերը հաջորդ օրը գրավել են Ալեքսանդրապոլը: Մայիսի 15-ին Ն. Ժորդանիան և գերմանական գեներալ ֆոն Լոսովը, մինչև Անդրկովկասյան սեյմի պաշտոնական ցրումը, համաձայնեցին Վրաստանն անկախ հռչակելու մասին: Այդպիսի համաձայնություն կար նաև մուսավաթականների և թուրքերի միջև Ադրբեջանի անկախության վերաբերյալ: Մայիսի 26-ին սեյմը հայտարարեց ինքնացրման մասին: Այդպիսի պայմաններում Հայաստանն իրեն հռչակեց անկախ (մայիսի 28-ին) և առանձին բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ:

Բաթումի պայմանագիրը բաղկացած էր 14 հոդվածից: Առաջին հոդվածով հռչակվում էր «խաղաղություն և հարատև բարեկամություն» երկու կառավարությունների միջև: 2-րդ հոդվածով որոշվում էր Օսմանյան կայսրության և Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, Հայաստանի Հանրապետության տարածքը պարփակվում էր Երևանի գավառի մի մասով և հարակից մի քանի շրջաններով՝ 10 հզ. կմ² տարածությամբ: 4-րդ հոդվածով նախատեսվում էր Թուրքիայի ռազմական օգնությունը, եթե Հայաստանի Հանրապետությունը խնդրեր նրանից՝ «երկրի ներսում կարգն ու հանգստությունն ապահովելու համար»: Այս հոդվածը հնարավորություն էր ընձեռնում Թուրքիային՝ ցանկացած առիթն օգտագործել Հայաստանը զավթելու համար: 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր թույլ չտալ իր տարածքում հակաթուրքական զինված խմբերի կազմավորում: 6-10-րդ հոդվածներն հիմնականում ուղղված էին Հայաստանում մահմեդական բնակչության իրավունքների պաշտպանությանը, երկաթուղիների օգտագործման, փոստ-հեռագրային հարցերին: 11-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր պայմանագրի ստորագրումից հետո անհապաղ դուրս բերել Բաքվից իր բոլոր զինված ուժերը: Բրեստի հաշտության պայմանագրի այն բոլոր հոդվածները, որոնք չէին հակասում Բաթումի պայմանագրին, մնում էին ուժի մեջ (հոդված 12-րդ): Պայմանագրի վավերացման պայմանները սահմանվում էին 14-րդ հոդվածով:

Կնքվեցին նաև լրացուցիչ պայմանագրեր Հայաստանի խճուղային ճանապարհների օգտագործման, հայկական ռազմական ուժերի անհապաղ զորացրման և այլնի վերաբերյալ: Թուրքական կառավարությանն իրավունք էր վերապահվում Հայաստանում ունենալ իր ռազմական կոմիսարները, որոնք հետևելու էին խճուղային ճանապարհներով թուրքական զորքերի անարգել փոխադրումներին: Նույն օրը թուրքական կառավարությունը պայմանագիր կնքեց նաև Վրաստանի հետ, որով Թուրքիային անցան Կարսը, Արդվինը, Արդահանը, Բաթումը, Ախալքալաքն ու Ախալցխան:

Բաթումի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության առաջին արտաքին քաղաքական ակտն էր: Այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը կախման մեջ էր ընկնում Թուրքիայից: Բաթումի պայմանագիրը, սակայն, երկար կյանք չունեցավ: Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը, Մուդրոսի զինադադարի (1918) կնքումը և Բրեստ-Լիտովսկի պայմանագրի չեղյալ հայտարարելը հնարավորություն տվեցին Հայաստանի Հանրապետությանը հրաժարվել Բաթումի պայմանագիրից: 1918-ի դեկտեմբերի սկզբին թուրքական զորքերը դուրս քշվեցին Անդրկովկասից, 1919-ի ապրիլին թողեցին Կարսի մարզը:

Գ. Գալոյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am