Բեռլինի կոնգրես 1878, միջազգային կոնգրես, որ հրավիրվել է (հունիսի 13 - հուլիսի 13) Ավստրո-Հունգարիայի և Անգլիայի նախաձեռնությամբ, Գերմանիայի աջակցությամբ՝ 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով: Ավարտվել է Բեռլինի դաշնագրի ստորագրմամբ, որով Բուլղարիան հռչակվել է ինքնավար պետություն՝ մեծ տերությունների հավանությամբ ընտրված և թուրքական սուլթանի կողմից հաստատված իշխանով:
Բեռլինի դաշնագիրը միջազգային կարևոր փաստաթուղթ էր, որի հիմնական մասն իր ուժը պահպանեց մինչև 1912-13-ի Բալկանյան պատերազմները: Բայց չլուծված թողնելով մի շարք հանգուցային հարցեր (սերբերի ազգային միավորումը, մակեդոնական, հունա-կրետական, հայկական հարցեր և այլն) և ավելի սրելով ռուս-ավստրիական ու սերբա-բուլղարական մրցակցությունը՝ Բեռլինի դաշնագիրը հող նախապատրաստեց 1914-18-ի համաշխ. պատերազմի համար:
Ձգտելով Բեռլինի կոնգրեսի մասնակից եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի ու Օսմանյան կայսրությունում հայերի ծանր կացության վրա և հասնել Սան Ստեֆանոյի պայմանագրով նախատեսված հայկական բարենորոգումների իրականացմանը՝ Կ. Պոլսի հայ քաղաքական շրջանակները Բեռլին էին ուղարկել ազգային պատվիրակություն Մ. Խրիմյանի գլխավորությամբ, որին, սակայն, թույլ չտրվեց մասնակցել կոնգրեսի աշխատանքներին: Պատվիրակությունը կոնգրեսին ներկայացրեց Արմ. Հայաստանի ինքնավարության նախագիծն ու պետություններին հասցեագրված հուշագիր, որոնք նույնպես մատնվեցին անուշադրության:
Բեռլինի կոնգրեսում Հայկական հարցը քննարկվեց հուլիսի 4-ի և 6-ի նիստերում, որի շուրջ բախվեցին երկու տեսակետներ. ռուսական պատվիրակությունը պահանջում էր բարենորոգումներն անցկացնել մինչև ռուսական զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից, իսկ անգլիական պատվիրակությունը, ելակետ ունենալով 1878-ի մայիսի 30-ի անգլո-ռուսական համաձայնագիրը (որը Ռուսաստանին պարտավորեցնում էր վերադարձնել Ալաշկերտի հովիտն ու Բայազետը) և հունիսի 4-ի անգլո-թուրքական գաղտնի կոնվենցիան (տե՛ս Կիպրոսի կոնվենցիա 1878), որով Անգլիան պարտավորվում էր ռազմական միջոցներով դիմագրավել Ռուսաստանին հայկական նահանգներում, աշխատում էր բարենորոգումների հարցը չպայմանավորել ռուսական զորքի առկայությամբ: Ի վերջո կոնգրեսն ընդունեց Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական խմբագրությունը, որը որպես 61-րդ հոդված, մտավ Բեռլինի դաշնագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ. «Բարձր դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական կարիքներից բխող բարելավումներ ու բարենորոգումներ և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին Բ. դուռը պարտավոր է պարբերաբար հադորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությանը» (Сборник договоров России с другими государствами. 1856-1917 гг., 1952, с. 205): Այսպիսով հայկական բարենորոգումների իրագործման քիչ թե շատ իրական երաշխիքը (ռուսական զորքերի առկայությունը հայաբնակ վայրերում) փոխարինվում էր պետությունների՝ բարենորոգումներին վերահսկելու ոչ իրական հավաքական երաշխավորությամբ: Բեռլինի դաշնագրով Հայկական հարցը Օսմանյան կայսրության ներքին հարցից փաստորեն վերածվեց միջազգային հարցի՝ դառնալով իմպերիալիստական պետությունների շահադիտական քաղաքականության ու միջազգային դիվանագիտության չարաշահման առարկա, որը ճակատագրական հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար: Սիաժամանակ Բեռլինի կոնգրեսը շրջադարձ եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազատագրական շարժումը Թուրքիայում: Եվրոպական դիվանագիտությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները զինված պայքարով թուրքական լծից ազատագրելու գաղափարը:
Գրականության ցանկ
Բադալյան Խ., «Հայկական հարցը Սան Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում 1878», Ե., 1955:
Կիրակոսյան Ջ, «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (XIX դարի 70-ական թթ)», Ե.,1978:
История дипломатии, т. 2 М., 1962:
Le՛art M., La Question armenienne a la lumiere des documents, P., 1913.
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am