ՉԻԽԱՉՈՎ Պյոտր Ալեքսանդրովիչ (1808-1890 թթ.), ռուս արևելագետ: Աշխատել է Ռուսաստանի ԱԳՆ-ում, այնուհետև՝ Կ. Պոլսի ռուսական ներկայացուցչությունում: 1848-63 թթ. գիտական ութ արշավ ձեռնարկելով Փոքր Ասիա՝ գրել է շուրջ հարյուր աշխատություն (այդ թվում՝ նվիրված Արևելյան հարցին): Դրանցում հատուկ տեղ է հատկացրել Օսմանյան կայսրության ներքին իրավիճակին: «Նամակներ Թուրքիայի մասին» երկում կանխատեսել է կայսրության անխուսափելի կործանումը, առանձնապես կանգ առել քրդերի՝ թուրքերի և հայերի հետ ունեցած հարաբերությունների, հայ-թուրքական և հույն-թուրքական փոխհարաբերությունների վրա: Չիխաչովը ցույց է տվել հայկական գյուղերի, եկեղեցիների, վանքերի անմխիթար վիճակը, քրդական ջոկատների մշտական հարձակումները հայկական բնակավայրերի վրա: Համակրանքով է վերաբերվել թուրքական լծի տակ գտնվող ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարին:

Մ. Բոջոլյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am