Էնվեր (Enver) փաշա (1881-1922), թուրք պետական և ռազմական գործիչ, հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներից: Երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ԿԿ անդամ: 1908-ի երիտթուրքական հեղաշրջման կազմակերպիչներից և իրականացնողներից: 1913-ին նշանակվել է Թուրքիայի ռազմական նախարար, միաժամանակ՝ գլխավոր սպայակույտի պետ: Գերմանիայի կողմում Թուրքիան առաջին աշխարհամարտի (1914-18) մեջ ներքաշելու հիմնական նախաձեռնողը: Պատերազմի սկզբին գլխավորել է Կովկասյան ճակատում գործող թուրքական զորքերը, որոնք Սարիղամիշի օպերացիայի (1914-ի դեկտեմբեր-1915-ի հունվար) ժամանակ ջախջախվել են: Դրանից հետո երիտթուրքական «եռապետությունը» (Թալեաթ, էնվեր, Ջեմալ) արագացրել է հայերի տեղահանության և ցեղասպանության ծրագրի իրագործումը: Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո էնվերը ապաստանել է Գերմանիայում: Կապեր է հաստատել Խորհրդային Ռուսաստանի ղեկավար շրջանների հետ, փորձել ստանալ նրանց աջակցությունը՝ խոստանալով իր միջնորդությունը խորհրդա-գերմանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում: Փայփայել Է Այսրկովկասի և Միջին Ասիայի մահմեդականներից «կանաչ բանակ» ստեղծելու և իբրև «փրկիչ» Թուրքիա վերադառնալու ծրագրեր: 1919-ին հեռակա կարգով մահվան է դատապարտվել (տե՛ս Երիտթուրքերի դատավարություն 1919-20) իբրև պատերազմի հանցագործ և հայերի ցեղասպանության կազմակերպիչ:
Մ. Բոջոլյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am