ԷՐԶՐՈՒՄ, Կարին, քաղաք և գավառ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգում, Արևմտյան Եփրատի վերին հոսանքի շրջանում: Համապատասխանում է Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Կարին գավառին: Կենտրոնը՝ Էրզրում քաղաք:

XV դ. 2-րդ կեսին գրավել են օսմանյան թուրքերը: Հնագույն ժամանակներից Էրզրումը Հայաստանի ամենահոծ հայաբնակ գավառներից էր: XIX դ. սկզբին գավառում բնակվում էր 68 հզ. հայ, որոնցից 41 հզ-ը՝ 128 գյուղերում: XIX դ. ընթացքում և XX դ. սկզբից կոտորածների, արտագաղթերի, 1859-ի երկրաշարժի, բռնի մահմեդականացման հետևանքով Էրզրումի գավառի հայ բնակչության թիվը նվազել է մինչ 40 հզ. մարդ, Էրզրում քաղաքում՝ մինչև 15 հզ. մարդ, հայկական գյուղերի թիվը՝ 48 (շուրջ 25 հզ. մարդ): 1878-ից հետո Էրզրումը դարձել է թուրքական լծի դեմ ազատագրական պայքարի կենտրոններից: 1879-ի հունիսին քաղաքի հայերը բարենորոգումների մի ընդարձակ ծրագիր են ներկայացրել սուլթանական կառավարությանը: 1881-ին Խ. Կերեքցյանի նախաձեռնությամբ հիմնվել է «Պաշտպան հայրենյաց» կազմակերպությունը: 1890-ի հունիսի 20-ին, ի պատասխան զենք հայտնաբերելու նպատակով Սանասարյան վարժարանում և Ս. Աստվածածին եկեղեցում ոստիկանության կատարած խուզարկությունների, տեղի հայերը կազմակերպել են բողոքի ցույցեր, որոնք ավարտվել են զորքերի հետ բախումներով, զոհվել են բազմաթիվ հայեր: Մի խումբ երիտասարդներ դիմել են զինված ինքնապաշտպանության: 1891-ին Էրզրումում ստեղծվել են հնչակյան և դաշնակցական կուսակցությունների կազմակերպություններ, որոնք զբաղվել են հայերի ինքնապաշտպանության խնդիրներով: 1895-ի հոկտեմեբրի 18-ին մոլեռանդ մահմեդական ամբոխը սկսել է կոտորել պատահած հայերի ու կողոպտել նրանց խանութները: Սուլթանի հրամանով Էրզրում ժամանած «համիդիե» (3000 զինվոր) գնդերը կրակ են բացել հայերի վրա: Զոհվել է 316 մարդ: Հոկտեմբերի 18 լույս 19-ի գիշերը բարբարոսաբար կոտորվել են Կես կամ Կերզ գյուղի հայերը (փրկվել են միայն հինգ-վեց հոգի): Հոկտեմբերի 22-ին քաղաքում սպանվել է 37, գյուղերում՝ 6 հոգի: Քաղաքում զինված դիմադրություն է կազմակերպել ֆիդայի Հ. Կորկոտյանը: 1899-ին Արամ Արամյանը Էրզրումում կախաղան բարձրացվեց, ինչը զայրույթի մեծ ալիք առաջացրեց Արևմտյան Հայաստանում: Հինձք գյուղի Կարմիր վանքը և Կարնո Սանասարյան վարժարանը դարձան ընդհատակյա պայքարի կենտրոններ: Կապ ստեղծվեց Կարսի և այլ քաղաքների, ինչպես նաև Կովկասի կազմակերպությունների հետ:

1914-ի սեպտեմբերի 18-ից թուրքական իշխանությունները զանգվածաբար զենք են բաժանել գավառի մահմեդական բնակչությանը: Էրզրում ժամանած Բեհաէդդին Շաքիրի հրամանով բանտերից ազատվել են բոլոր քրեական հանցագործները, նրանցից կազմավորվել չեթենական գնդեր: 1914-ի նոյեմբերին, Թուրքիայի պատերազմի մեջ մտնելուց հետո, թուրքական բանակ են զորակոչվել կամ պաշտպանական աշխատանքների տարվել հազարավոր էրզրումցիներ: Պատերազմական գործողությունների հենց սկզբում թուրքական զորքերը տեղահանել են Էրզրումի դաշտի արևելյան շրջանի մի քանի գյուղերի բնակիչների՝ այն պատճառաբանելով ռազմական անհրաժեշտությամբ: 1915-ի սկզբին, Սարիղամիշում թուրքական բանակի կրած պարտությունից հետո, հայերի հալածանքները սաստկացել են: Սարիղամիշից Էրզրում փախած Էնվերի հրամանով զինաթափ են արվել բանակի հայ զինվորները, կալանվել հայ բժիշկները: Նրանց մեծ մասին կոտորել են Էրզրում-Երզնկա ճանապարհի վրա՝ այնտեղ աշխատող հայերի հետ մեկտեղ: Ապրիլի 24-25-ին սկսվել են հայ մտավորականների ընդհանուր ձերբակալությունները:

Մայիսի 5-ին ստացվել է երիտթուրքական կառավարության գաղտնի հրամանը՝ ամբողջ նահանգի հայությանը տեղահանելու և կոտորելու մասին: Գերմանացի սպաների մասնակցությամբ հրավիրված գաղտնի ժողովը մշակել է նահանգի հայության ջարդի իրականացման մանրամասն ծրագիր: Որոշվել է մի քանի օր տարբերությամբ, մաս-մաս տեղահանել և տարբեր ուղղություններով բռնագաղթեցնել նախ գյուղերի, ապա՝ քաղաքի բնակչությանը: Հանձնարարվել է նաև հատուկ քրեական հանցագործներից կազմված ջոկատներ դնել տարագրության ճանապարհին՝ կարավանների վրա հարձակվելու և կոտորելու համար: Մայիսի 13-ին թուրքական զորքերը շրջափակել են դաշտավայրի գյուղերը: Ովքեր հրաժարվել են տեղահանվել, ձերբակալվել և գնդակահարվել են: Երեք կարավաններով տեղահանվել է ավելի քան 20 հայկական գյուղերի բնակչությունը: Մինչև հունիս դատարկվել է գավառի գյուղերի մեծ մասը: Էրզրումի գյուղական բնակչությունը հիմնականում ոչնչացվել է Էրզրում-Դերջան-Երզնկա և Էրզրում-Բաբերդ-Դերջան ճանապարհներին, Խարբերդի և Մալաթիայի շրջակայքում, ինչպես նաև Դեյր էզ Զորում: Մայիսի 26-ին մոլեռանդ մահմեդական ամբոխը քանդել է քաղաքի հայկական գերեզմանոցում կանգնեցված 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշարձանը: Նույն օրը Երզնկայի ուղղությամբ տարված էրզրումցի 150 մտավորականների կարավանը Եփրատն անցնելիս ամբողջությամբ թուրք և քուրդ ավազակախմբերի զոհն է դարձել: Հունիսի սկզբին քաղաքի հայերին կարգադրվել է անմիջապես պարպել քաղաքը: Միայն Էրզրումում ԱՄՆ-ի հյուպատոս Ռոբեր Աթեբլդի միջամտությունից հետո հայերին 15 օր ժամանակ է տրվել գաղթին նախապատրաստվելու համար: Հունիսի 16-ին թուրքական բանակի մի զորագունդ վաղ առավոտյան ներխուժել է հայերի տները և զենքի ուժով ստիպել թողնել քաղաքը: Հունիսի 7-ին առաջին կարավանը քաղաքից դուրս է եկել Երզնկայի ուղղությամբ: Մինչև Խարբերդ հասնելը նրանց մեծ մասը կոտորվել է: Երկրորդ կարավանը 400 ոստիկանների ուղեկցությամբ տարվել է Բաբերդի ճանապարհով: Բաբերդում կարավանը ենթարկվել է չեթենների հարձակմանը, մեծ մասը նահատակվել է, մնացածներն էլ զոհվել են Կամախ-Ակն-Արաբկիր-Մոսուլ ճանապարհին: Երրորդ կարավանից (շուրջ 3 hq. մարդ) շատերը զոհվել են մինչև Կամախ հասնելը, չորրորդ կարավանը (9 հզ. հոգի) նահատակվել է Եփրատի կիրճում՝ Կամախ-Բողազի վայրում: «Նախատեսված» վայրը՝ Մոսուլ են հասել 400-500 հիվանդ ու կմախքացած մարդիկ: Հինգերորդ կարավանը (շուրջ 7 հզ. մարդ), հուլիսի 18-ին դուրս գալով Էրզրումից, արժանացել է նախորդ չորսի ճակատագրին: 1915-ի օգոստոսին Էրզրումում մնացել էին 50 հայեր, որոնց մի մասը իբրև լավ արհեստավորներ պահվել էր թուրքական բանակի պետքերի համար: Մյուսները կաթոլիկներ էին և տեղահանությունից խուսափել էին Թուրքիայի դաշնակից Ավստրո-Հունգարիայի դեսպանի միջնորդությամբ: Կաթոլիկներն էլ տեղահանվել են նոյեմբերին: Վտանգելով կյանքը՝ ԱՄՆ-ի հյուպատոս Ռ. Սթեբլդը իր տանը թաքցրել է 19 հայուհիների, գյուղերից հավաքել հայ որբերի:

1916-ի փետրվարին Էրզրում մտան ռուսական զորքերը: 1916-ի ամռանը Էրզրումում ստեղծվեց Գաղթականական կոմիտե, որը մեծ աշխատանք կատարեց տարագիր էրզրումցիներին օգնելու և իրենց բնակավայրերը վերադառնալու ուղղությամբ: Մոսկվայի հայ մեծահարուստների միջոցներով Էրզրումում սկսեց գործել Մոսկվայի հայկական կոմիտեն, որը բացեց հիվանդանոց, որբանոց-դպրոց: Որոշակի հայանպաստ աշխատանք ծավալեցին նոր հիմնված Քաղաքների միությունը (ղեկավար՝ Տ. Աղամալյան), Եղբայրական օգնության միությունը, Բաքսթոն եղբայրների որբանոց-դպրոցը ևն: 1917-ին Էրզրումի զինկոմ նշանակված Կ. Չաքրյանը հարյուրավոր գաղթականների տեղավորեց քաղաքում և գյուղերում: 1918-ի սկզբին էրզրումցիներից ստեղծվեց 500 հոգիանոց պաշտպանական ջոկատ՝ Ա. Միրոյանի գլխավորությամբ: Ստեղծվեցին նաև Զինվորական միության կոմիտե և Կամավորական կոմիտե: 1918-ի հունվարի 30-ին գնդապետ Թորգոմը (Արշակ Երվանդյան) հատուկ հռչակագրով ազդարարեց Հայկական պետականության վերականգնումը՝ Էրզրում մայրաքաղաքով: Սակայն ռուսական բանակի հրամանատարությունը չընդունեց այդ փաստը, ձերբակալեց Թորգոմին և դատական գործ հարուցեց նրա դեմ: 1918-ի սկզբին թուրքական բանակը, օգտվելով Կովկասյան ճակատի փլուզումից և խախտելով 1917-ի դեկտեմեբերի 5-ի ռուս-թուրքական զինադադարը, անցավ հարձակման: Ինքնապաշտպանական գունդը ի զորու չէր դիմադրել: 1918-ի փետրվարի 18-ին Էրզրում ժամանեց Անդրանիկի փոքրաթիվ զորքը, որը չկարողացավ դիմակայել թուրքական 25 հզ-անոց բանակին և հարկադրված նահանջեց՝ իր հետ Անդրկովկաս հասցնելով էրզրումցի գաղթականների: Քաղաքի վերագրավումից հետո թուրք ասկյարները սրի քաշեցին մնացած բոլոր հայերին: Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո որոշ էրզրումցիներ վերադարձան: 1930-ին այնտեղ ապրում էին 250 հայեր, մեծ մասամբ՝ թրքախոս:

Ա. Մելքոնյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am