ԳԱՐԵԳԻՆ Ա Հովսեփյան (1867, գ. Մաղավուզ (Լեռնային Ղարաբաղում)-1952, Անթիլիաս], կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո, մշակութային գործիչ, մանկավարժ, հայագետ: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի դպրոցում, այնուհետև սովորել Շուշիի թեմական հոգևոր դպրոցում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Լայպցիգի, Հալլեի, Բեռլինի համալսարաններում, ուսումնասիրել աստվածաբանություն, փիլիսոփայություն, պատմություն: 1897-ին վերադառնալով Գերմանիայից՝ եղել է ուսուցիչ Գևորգյան ճեմարանում, Վրաստանի հայոց առաջնորդական փոխանորդ, Երևանի թեմական դպրոցի տեսուչ, Գևորգյան ճեմարանի վերատեսուչ, «Արարատ» ամսագրի խմբագիր, Հռիփսիմեի վանքի վանահայր: 1909-11-ին մասնակցել է Նիկոլայ Մառի ղեկավարած Գառնիի և Անիի պեղումներին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Եղբայրական օգնության կոմիտեի անդամ, մեծ աշխատանք է կատարել գաղթականներին ընդունելու, տեղավորելու, ամենայն օգնություն կազմակերպելու համար: Սարդարապատի ճակատամարտի (1918) ոգեշնչողներից ու կազմակերպիչներից էր և անմիջական մասնակիցը: Այնուհետև զբաղվել է մանկավարժությամբ և գիտական աշխատանքով: 1927- ին ընտրվել է Նոր Նախիջևանի և ռուսահայոց թեմի, 1938-ին՝ ԱՄՆ-ի հայոց թեմի առաջնորդ, 1943-ից՝ կաթողիկոս (օծվել է 1945-ին) Մեծի Տանն Կիլիկիո:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նպաստել է խորհրդային բանակի և «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան համար դրամական միջոցների հանգանակության կազմակերպմանը, աջակցել 1946-ին սփյուռքահայերի հայրենադարձությանը:

Գարեգին Ա-ի ուսումնասիրությունները վերաբերում են հայ բանասիրությանը, բանահյուսությանը, մանրանկարչությանը, պատմագիտությանը, մատենագիտությանը, արձանագրագիտությանը և ձեռագրագիտությանը, ճարտարապետությանը:

Լ. Չուգասզյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am