Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Հայաստանի օգնության կոմիտե (ՀՕԿ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ (ՀՕԿ), հասարակական կազմակերպություն: Հիմնադրվել է 1921 թ. սեպտեմբերի 13-18-ին, Երևանում: Խնդիրն էր օգնել երկրի սովյալ բնակչությանը, օժանդակել շինարարությանը, սերտ կապեր հաստատել աշխարհով մեկ սփռված հայ տարագիրների հետ, նրանց համախմբել հայրենիքի շուրջը: Ստատուտը հաստատվել է ՀԽՍՀ ժողկոմխորհի 1921 թ. սեպտեմբերի 15 (28)-ի դեկրետով: Հիմնադիր ժողովում քննարկվել են ՀՕԿ-ի նպատակը, խնդիրները, կանոնադրությունը, կազմակերպչական ևն հարցեր: Ընտրվել է ՀՕԿ-ի բարձրագույն գործադիր մարմին՝ նախագահություն (9 հոգի), նախագահ՝ Հ. Թումանյան, անդամներ՝ Ա. Երզնկյան, Ե. Թաղիանոսյան, Դ. Տեր-Սիմոնյան, Ա. Պապովյան, Հ. Մելիքյան, Գ. Վարդանյան, Կ. Տեր-Օհանյան, Լեո: Հիմնադրումից հետո անմիջապես ստեղծվել են ՀՕԿ-ի տեղական մասնաճյուղերը՝ Թիֆլիսում, Բաթումում, Մոսկվայում, Բաքվում, Կիևում, Խարկովում, Օդեսայում, Ցարիցինում, Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի, ԽՍՀՄ գրեթե բոլոր հայաշատ քաղաքներում, 1924-25 թթ.՝ Հունաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում, Ամերիկայում, Պարսկաստանում, Եգիպտոսում, Ալժիրում և այլուր: ՀՕԿ-ի 200 մասնաճյուղերում ընդգրկված էր շուրջ 10 հզ. անդամ:

ՀՕԿ-ի գործունեությունն ընթացել է երեք փուլով:

1-ին    փուլում (1921-23 թթ.) աշխատանք էր տարվել հիմնականում կարիքավոր բնակչության համար պարեն, հագուստ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ձեռք բերելու և բաշխելու համար: Այս շրջանում մեծ նշանակություն ունեցավ Հ. Թումանյանի գլխավորած պատվիրակության այցը Կ. Պոլիս (1921 թ. նոյեմբեր-դեկտեմբեր), որը վստահություն ներշնչեց սփյուռքահայ լայն զանգվածներին, կազմակերպվեց նյութական մեծ օգնություն հանրապետության սովյալ բնակչությանը, գաղթականությանը:

2-րդ    փուլում (1923-31 թթ.) ՀՕԿ-ի գործունեությունը ծավալվեց սփյուռքի և հայրենիքի միջև կապերը ամրապնդելու, Խորհրդային Հայաստանում շինարարական ու մշակութային ձեռնարկումներ իրականացնելու ուղղությամբ:

3-րդ    փուլում (սկսած 1931 թվականից) հնարավորություններ ստեղծվեցին հայրենադարձության կազմակերպման, հայրենադարձների համար հայրենիքում նոր ավանների ու բնակավայրերի շինարարության ուղղությամբ: 1930-ական թթ. ստեղծվեց համագաղութային մասշտաբով գործող «ներգաղթի և բնակարանային ֆոնդ» (կենտրոնական մարմնի նախագահն էր Ա. Իսահակյանը), որտեղ հավաքված ամբողջ գումարը հատկացվեց ներգաղթի կազմակերպմանը: ՀՕԿ-ի եկամուտները գոյանում էին անդամավճարներից, հրատարակումներից, նվիրատվություններից, կտակներից և այլ աղբյուրներից: Հայրենիքի շուրջը սփյուռքահայությանը համախմբելու գործում կարևոր դեր կատարեցին ՀՕԿ-ի պարբերականները և այլ հրատարակություններՀրավիրակ», Երևան, 1925-26 թթ., «Օգնիր Հայաստանին», «Հայրենաշեն», Թիֆլիս, «Հայաստանի օգնության կոմիտեի լրաբեր», Մոսկվա, ռուսերեն ևն): 1928 թ. հրատարակվել է «ՀՕԿ-ի տեղեկատու» ամսագիրը: ՀՕԿ-ի Ամերիկայի կենտրոնական վարչությունը հրատարակել է «Շինարար» հանդեսը, Եգիպտոսի մասնաճյուղը՝ «ՀՕԿ» ամսագիրը, Ֆրանսիայինը՝ «ՀՕԿ» ամսագիրը, 1925-30 թթ. «Երևան» թերթը: 1925 թ. հիմնադրվել է ՀՕԿ-ի գեղարվեստական գրականության բաժինը (հրատարակել է գրքեր, քարտեզներ, նկարներ, ալբոմներ ևն):

1937 թ. ՀՕԿ-ը լուծարվեց՝ որակվելով որպես օտարերկրյա գործակալների ու լրտեսների կազմակերպություն, իսկ նրա ղեկավարները որպես «ժողովրդի թշնամիներ» բռնադատվեցին: ՀԽՍՀ ժողկոմխորհի 1937 թ. դեկտեմբերի 3-ի որոշումով ՀՕԿ-ի գործունեությունը դադարեցվեց:

Հ. Մելիքսեթյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am