Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Հաագային խաղաղության կոնֆերանս 1907 թ.

ՀԱԱԳԱՅԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1907 Թ., միջազգային կոնֆերանս, որը տեղի է ունեցել հունիս-հոկտեմբերին, 44 պետությունների մասնակցությամբ՝ սպառազինությունների սահմանափակման և խաղաղության ապահովման նպատակով: Ընդունել է մի շարք կոնվենցիաներ, որոնք գործում են ցայսօր:

Օգտվելով պատեհ առիթից, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան) նախաձեռնությամբ, 1907 թ. օգոստոսին կոնֆերանսին է ներկայացել հայ ազգային մի պատվիրակություն (Գևորգ եպիսկոպոս Ութուճյանի նախագահությամբ և գրող Ա. Ահարոնյանի ու «Հայրենիք» թերթի խմբագիր Հ. Շահնազարի անդամակցությամբ)՝ եվրոպական երաշխավորությամբ հայկական բարենորոգումների խիստ հապաղած հարցը կարգադրելու խնդրանքով: Միևնույն նպատակով Հաագա է ժամանել նաև ֆրանսիական հայասերների մի պատվիրակությունՊրո Արմենիայի» խմբագիր Պիեո Քիյառը, «Ռևյու դը Պարիի» խմբագիր Վիկտոր Բերարը՝ տիկնոջ հետ): Եվ մեկ, և մյուս պատվիրակություններին պետությունների ներկայացուցիչները պաշտոնապես չեն ընդունել, բայց եղել են անպաշտոն տեսակցություններ դեսպաններից ոմանց հետ, որոնց և ներկայացրել են իրենց խնդրագրերը: Դրանք համառոտակի հիշեցնում էին Հայկական հարցի պատմությունն ու արևմտահայ ժողովրդի քաղաքական ծանր վիճակը, 1878 թ. Բեռլինի դաշնագրով տերությունների ստանձնած պարտավորություններն ու դրանց չիրագործումը և երեսուն տարուց հետո կրկին գալիս էին «խնդրելու քաղաքակիրթ պետությունների արդարադատությունն ու գթությունը»: Ֆրանսիական պատվիրակության խնդրագրում, որի տակ իրենց ստորագրությունն էին դրել նաև գրող Անատոլ Ֆրանսն ու պառլամենտական Ֆրանսիս դը Պրեսանսեն, մասնավորապես հույս էր հայտնվում, որ կոնֆերանսի մասնակիցները «հանուն արդարության» կպաշտպանեն մի փոքրիկ ժողովրդի դատը, որը «այլ հանցանք չունի, բայց եթե իր խաղաղասիրությունը և արևմտյան քաղաքակրթության իր ճաշակը, որով նա կարողացել է վաստակել Բեռլինի դաշնագիրը ստորագրած պետությունների ցարդ անպտուղ մնացած համակրանքը»:

Պետությունների ներկայացուցիչները, ասես խոսքները մեկ արած, քաղաքավարի և վայելուչ տոնով մերժեցին զույգ պատվիրակությունների խնդրանքը՝ պատճառաբանելով, թե Հայկական հարցի քննարկումը կոնֆերանսի լիազորություններից դուրս է: Հայկական պատվիրակությանն ընդունեց նաև կոնֆերանսի համանախագահ, ռուսական դեսպան Ա. Նելիդովը, որը խնդրանքը մերժելուց զատ իր դժգոհությունը հայտնեց հայերի մասնակցությունից ռուսական հեղափոխությանը: Արդարության, իրավունքի և միջազգային դաշնագրով հաստատված պարտավորությունների այս բացարձակ ժխտման հանդեպ պատվիրակությունը կազմեց իր «բողոք-պատասխանը» և ներկայացրեց յոթ մեծ տերությունների պատգամավորներին՝ շեշտելով, որ թուրք կառավարության կազմակերպած ջարդերը հայկական գավառներին հասցրել և հասցնում են ամենավայրագ պատերազմների չարիքները, և որ նույնիսկ Եվրոպայի խաղաղությունը երբեք չի կարող ապահով լինել, քանի Փոքր Ասիայի հուզումները կսպառնան իրար դեմ հանել պետությունների բանակները: Ուստի, այս պարագաներում պատվիրակությունը անընդունելի էր համարում խաղաղության միջազգային կոնֆերանսի հրաժարվելը Հայկական հարցի որևէ քննարկումից: Պատվիրակությունը միաժամանակ մի դիմում ընդունեց՝ ուղղված քաղաքակիրթ մարդկությանը և հեռագրով հաղորդեց աշխարհի ազդեցիկ թերթերին՝ բողոքելով այդ մերժման դեմ, որը հակասում էր կոնֆերանսի բուն նպատակին:

Այս ձախողումից դառնացած՝ Խրիմյան Հայրիկը իր հերթին մի հուզիչ աղերսագիր ուղղեց Մեծ Բրիտանիայի թագավորին, վարչապետին ու արտգործնախարար Է. Գրեյին՝ կրկին խնդրելով Հայկական բարենորոգումների գործադրումը: Աղերսագիրը նույնպես մերժվեց, որի մասին այլևս չիմացավ արդեն վախճանված կաթողիկոսը:

Ջ. Թորոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am