ՀԱՃԸՆ, Հարգան, Աչե, քաղաք Լեռնային Կիլիկիայուս, (այժմ՝ Թուրքիայի Ադանայի նահանգի հյուսիսային մասում), Սարոս գետի Գյոկսու վտակից 10 կմ արևմտյան: Հայերը Հաճընում բնակվել են վաղ ժամանակներից: XII-XIV դդ. եղել է Կիլիկիայի հայկական պետության կազմում:

XV դ. տիրել են օսմանյան թուրքերը: 1915 թ. Հաճընը ուներ 35 հզ. բնակիչ, որից 25-30 հզ.՝ հայեր: Զբաղվել են առևտրով և արհեստներով: Ունեին վեց եկեղեցի (ամենահինը՝ Ս. Աստվածածին), դրանց կից՝ վարժարաններ, նշանավոր էր Սահակ-Մեսրոպյանը: 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ Հաճընի հայերը տեղահանվել և տարագրվել են Դեյր էզ Զորի շրջան, որտեղ նրանց մեծ մասը զոհվել է: Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո Հաճընը հանձնվեց Ֆրանսիային: 1919 թ. մահից մազապուրծ 6-8 հզ. հաճընցիներ վերադարձան հայրենի քաղաք, սկսեցին վերականգնել ավերված ու քանդված իրենց տները: Սակայն ֆրանսիական կառավարությունը, գաղտնի բանակցությունների մեջ մտնելով քեմալականների հետ, ամբողջ Կիլիկիան, այդ թվում Հաճընը, հանձնեց Թուրքիային: 1920 թ. մարտին Հաճընը շրջապատվեց քեմալական զորքերով և կտրվեց արտաքին աշխարհից: Չստանալով ֆրանսիացիներից ակնկալած օգնությունը՝ հաճընցիները դիմեցին ինքնապաշտպանության (տե՛ս Հաճընի հերոսամարտ 1920 թ.), 1920 թ. հոկտեմբերի 15-ին թուրքերը ներխուժեցին քաղաք և կոտորեցին անզեն բնակիչներին: Փրկված հաճընցիները տարագրվեցին և բնակություն հաստատեցին տարբեր երկրներում, նաև Խորհրդային Հայաստանում:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am