ՀԱՃԸՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1920: Հաճըն քաղաքի բնակչության ինքնապաշտպանական մարտերը թուրքական կանոնավոր զորքերի դեմ: 1918-ի Մուդրոսի զինադադարից հետո, երբ թուրքական զորքերը դուրս բերվեցին Կիլիկիայից, շուրջ 8 հզ. հաճընցիներ վերադարձան իրենց քաղաքը: 1920-ին քեմալականներին հաջողվեց պայմանավորվել ֆրանսիացիների հետ, որոնք իրենց զորքերը դուրս հանեցին Կիլիկիայից: Թուրքերն, օգտվելով հարմար առիթից, գրավեցին Ուրֆան, Այնթապը, Մարաշը, Սիսը, կոտորեցին բնակիչներին: Զգալով վերահաս վտանգը՝ Հաճընի բնակիչները փաստաբան Կարապետ Չալյանի ղեկավարությամբ կազմեցին Հաճընի ինքնապաշտպանության բարձրագույն խորհուրդ, որի նախագահ նշանակվեց Հաճընի հոգևոր առաջնորդ Պետրոս Սարաճյանը: Պաշտպանության ուժերի հրամանատար նշանակվեց սպա Սարգիս Ճեպեճյանը, տեղակալ՝ Արամ Թերզյանը: Կազմավորվեցին 4 վաշտ, 60 հեծյալից բաղկացած էսկադրոն, ստեղծվեցին Կարմիր խաչի կազմակերպություն, պաշտպանությունն ապահովող այլ մարմիններ: Զենք կրելու ընդունակ 16-50 տարեկան տղամարդկանց (մոտ 1200 մարդ) բաժանվեց 132 հրացան: ՀետագայումՀուշարձան Հաճընի ինքնապաշտպանության մասնակիցներին Նոր Հաճըն ավանում (1974, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան) ձեռք բերվեցին ևս 300 հրացան և 200 ռումբ: Հաճընը և շրջակայքը բաժանվեցին պաշտպանական 4 շրջանի, փորվեցին խրամատներ, կառուցվեցին դիրքեր: Ֆրանսիական զինվորական ներկայացուցիչները խոստացան ինքնապաշտպանության համար տրամադրել զենք ու զինամթերք, սակայն բավարարվեցին մի քանի հարյուր հրացան տալով և նույնիսկ թուրքերին տեղեկացրին ինքնապաշտպանության կազմակերպման մասին: Հարևան գյուղերի վրա թուրքերի ավազակային հարձակումներից հետո մարտի 9-ին հաճընցիները պատվիրակություն ուղարկեցին Կիլիկիայի ֆրանսիական իշխանությունների մոտ՝ խնդրելով օգնություն և զենք: Վերջիններս պատասխանեցին, որ ֆրանսիական իշխանությունն ի վիճակի չէ օգնելու: Գրավելով շրջակայքի գյուղերը և կոտորելով բնակիչներին՝ թուրքերը շարժվեցին դեպի Հաճըն: Մարտի 12-ին քեմալական զորքերի Կիլիկիայի խմբավորման հրամանատարը հայտարարեց, որ իրենց նպատակը ֆրանսիացիներին հեռացնելն է, իսկ հայերը կպատժվեն միայն այն դեպքում, եթե դիմադրեն: Մարտի 17-ին թուրքական զորքերի հրամանատարը Հաճընի պաշտպանության ղեկավարներին ներկայացրեց վերջնագիր՝ պահանջելով հանձնել քաղաքում գտնվող նախկին կամավորներին, 1000 հրացան փամփուշտներով: Հաճընցիները մերժեցին վերջնագիրը: Ապրիլի 1-ին թուրքերն անցան նոր հարձակման: Ապրիլի 3-ին քաղաքը գրեթե շրջապատվեց, սակայն թուրքերի գրոհները նպատակին չհասան: Ապրիլի 10-ին թուրքական զորքը գրոհեց Գոփուշ կոչվող թաղամասի վրա, իսկ 12-ին Կիլիկիա թաղամասի և Ս. Հակոբ վանքի ուղղությամբ: Զորքին հաջողվեց գրավել վանքը, սակայն քաղաքը լիակատար շրջապատման մեջ շարունակեց հերոսաբար պաշտպանվել: Կատաղի կռիվներ տեղի ունեցան ապրիլի 30-ին, մայիսի 20-23-ին, հունիսի 8-9-ին և 25-ին, հուլիսի 12-13-ին: Հուլիսին թուրքական հրամանատարությունը փորձեց բանակցությունների միջոցով ծուղակը գցել հաճընցիներին, բայց ապարդյուն: Օգոստոսի 5-ին մոտ 200 կամավորներ Կայծակ Արամի (Թերզյան) ղեկավարությամբ աննկատ մոտեցան թուրքական դիրքերին, ոչնչացրին մի ամբողջ դասակ, գրաված ծանր հրանոթը փոխադրեցին Հաճընի հրապարակ և կրակ բացեցին թուրքերի վրա: Վերախմբավորելով ուժերը՝ Հաճընի պաշտպանները, հակագրոհով լուրջ կորուստներ պատճառելով թշնամուն, սեպտեմբերի 20-ին գրավեցին Ռումլու գյուղը:

Սակայն պաշտպանների վիճակն օրեցօր հուսահատական էր դառնում: Ստանալով համալրումներ, հրանոթներ, զինամթերքի մեծ պաշարներ՝ թուրքական զորքն աստիճանաբար սեղմեց օղակը: Քեմալի հրամանի համաձայն թուրքական զորքը հոկտեմբերի 14-ին անցավ նոր հարձակման: Քաղաքը ենթարկվեց ուժեղ հրետակոծության, ավերվեցին տներն ու դիրքերը, հարյուրավոր հաճընցիներ ընկան մարտական դիրքերում: Քեմալական զորքերն ու չեթենները հոկտեմբերի 15-ին գրավեցին Հաճընը, հրկիզեցին այն և կոտորեցին 6000 հայ բնակիչների՝ չխնայելով անգամ մանուկներին, վիրավորներին, ծերերին ու կանանց: Միայն 365 հոգու հաջողվեց ճեղքել ու դուրս գալ շրջապատումից:
Հաճնի հերոսամարտը թուրքական ջարդարարների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի փայլուն էջերից է:
 
 
 

Գրականության ցանկ
 

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:
 
Թերզյան Ս. Հ., «Հաճընի ութամսյա դյուցազնամարտը», 2 հրտ., Բուենոս Այրես, 1956: 

Սահակյան Ռ. Գ.,  «Թուրք- ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919-1921 թթ.», Ե., 1970:
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am