ՀԱԿՈԲՅԱՆ Հովհաննես Հակոբի, Վարդ Շահենի (1876 թ., Վան - 1937 թ.), պատմաբան, հրապարակախոս, գրող: Պրոֆեսոր (1928 թ.), ՀԽՍՀ պատմության և գրակ-յան ինստ-ի իսկական անդամ (1935): 1890-ական թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ավարտել (1904 թ.) Վիսկոնսինի (ԱՄՆ) համալսարանի պատմագրական ֆակուլտետը: 1907 թ. Նյու Յորքում հրատարակել է «Արաքս» ամսագիրը: 1908 թ., որպես «Նյու Յորք իվնինգ փոստի» թղթակից, մեկնել է Թուրքիա, հասարական-կրթական գործունեություն ծավալել Արևմտյան Հայաստանում և հայաբնակ վայրերում: 1912 թ.՝ Էրզրումի Սանասարյան վարժարանի տեսուչ: 1915 թ. Թիֆլիսում աշխատակցել է «Մշակին», զբաղվել հայ գաղթականների տեղավորման և նյութական օգնություն կազմակերպելու գործով: 1922-27 թթ. «Արև» (Կահիրե) օրաթերթի խմբագրապետ: 1927 թ. վերադարձել է Խորհրդային Հայաստան: 1928 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում, միաժամանակ եղել «Մելքոնյան ֆոնդի» պատասխանատու քարտուղարը, ֆոնդի միջոցներով կազմակերպել տպարան ու հրատարակչություն: Հակոբյանի գիտական ուսումնասիրությունները վերաբերում են Գերմանիայի XIX դ. վերջի և XX դ. սկզբի արտաքին քաղաքական խնդիրներին, մասնավորապես՝ գերմանական իմպերիալիզմի ծրագրերին Թուրքիայի և Անդրկովկասի նկատմամբ: «Գերման դավը Կովկասի մեջ» (1917 թ.), «Թուրքիա գերման ճանկերուն մեջ» (1918 թ.) գործերում բացահայտված է Գերմանիայի՝ որպես Թուրքիայի դաշնակցի դերը հայերի ցեղասպանության իրականացման մեջ: Հակոբյանը անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել:

Վ. Գրիգորյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am