ՀԱԿՈԲՅԱՆ Կարապետ Հակոբի (1849 թ., ք. Մարզվան-1926 թ., Անգլիա), հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս: Սովորել է Մարզվանի ազգային և միսիոներական վարժարաններում, Կ. Պոլսի անգլիական վարժարանում (որտեղ եղել է նաև ուսուցիչ): 1874 թվականից անցել է Եվրոպա (Լոնդոն): Մեծ աշխատանք է կատարել հայերին և Հայկական հարցը անգլիական կառավարությանն ու լայն հասարակայնաթյանը ծանոթացնելու ուղղությամբ, մասնակցել է Սեթ Աբգարի ղեկավարությամբ այդ նպատակով ստեղծված հանձնախմբի աշխատանքին: 1875 թվականից սկսած «Թայմսում» տպել է հոդվածներ՝ Հայաստանում տիրող հարստահարությունների, Սասունի ջարդերի, Հայկական հարցի, հայկական բարենորոգումների, Կովկասում հայկական դպրոցները փակելու վերաբերյալ: Բազմիցս հարցապնդումներ է ուղղել, հիշատակագիր ներկայացրել անգլիական բարձրաստիճան պաշտոնյաներին (Գլադստոն, Սոլսբերի), մասնակցել Հայկական հարցի օգտին կազմակերպված հանրահավաքների, հայերի շահերը պաշտպանող կազմակերպությունների ստեղծմանըԱնգլո-հայկական ընկերություն», որի փոխնախագահն էր Հակոբյանը): Բեռլինի դաշնագիրը ստորագրած պետությունների առաջ Հայկական հարցը բարձրացնելու նպատակով 1885 թ. դեկտեմբերի 23-ին Լոնդոնում, Հակոբյանի ղեկավարությամբ ստեղծվել է «Հայրենասիրաց ընկերություն Հայոց յԵվրոպա» հանձնաժողովը: Մասնակցել է (1887 թ. հոկտեմբերից) «Հայաստան» (Լոնդոն) թերթի հրատարակությանը (երիտասարդ խմբագիրների հետ տարաձայնությունների հետևանքով հեռացել է թերթից): Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, Հայկական հարցի վերաբացման շրջանում, խնդրագրերով դիմել է անգլիական կառավարությանը, ինչի արդյունքն է հանդիսացել Բրիտանա- հայկական կոմիտեի ստեղծումը: Քննադատել է Պողոս Նուբարի գլխավորած ազգային պատվիրակության չափավոր քաղաքականությունը, որից հետո սահմանափակել է իր գործունեությունը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թարգմանիչ էր անգլիական ռազմական նախարարությունում:

Գ. Խուդինյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am