ՀԱԿՈԲՅԱՆ Ստեփան Մկրտչի (1925-1987 թթ.), պատմաբան: Ուսումնասիրությունները վերաբերում են մեծ տերությունների քաղաքականությանը Արևմտյան Հայաստանի նկատմամբ: «Արևմտյան Հայաստանը իմպերիալիստական տերությունների ծրագրերում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում» (1967 թ., ռուսերեն) աշխատության մեջ Հակոբյանը ցույց է տվել, որ մինչև 1914-18 թթ. պատերազմը Արևմտյան Հայաստանը որոշակի տեղ էր գրավում Գերմանիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ինչպես և ԱՄՆ-ի ծրագրերում, ինչը պայմանավորված էր այս տարածքի ռազմաստրատեգիական և առևտրատնտեսական նշանակությամբ: Արևմտյան Հայաստանը Ռուսաստանին տալ արևմտյան պետությունները չէին կամենում, իսկ դարձնել իրենց հովանավորյալ տարածք կամ գաղութ չէին կարող՝ աշխարհագրական դիրքի և փոխադարձ հակամարտության պատճառով: Այս բոլորի հետևանքով Արևմտյան Հայաստանը մնաց Թուրքիայի տիրապետության տակ, ինչը և պայմանավորեց նրա հայ բնակչության ողբերգական ճակատագիրը: Ուսումնասիրության մեջ քննարկված է նաև ցարական Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը պատերազմի ժամանակ Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am