ՀԱԿՈԲՅԱՆ Վարդան, Հեսու վարդապետ [1862 թ., գ. Ահարոնք (Սասնո գավառում)- 1915 թ., Մեծ եղեռնի զոհ], ազգային-ազատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ, 1890 թ. ձեռնադրվել է վարդապետ: Մեծ աշխատանք է կատարել հայ ժողովրդի ծանր վիճակի, հատկապես Սասունում և Տարոնում 1890-ական թթ. տիրող դրության մասին արտասահման, երկրներին և գործիչներին տեղեկացնելու ուղղությամբ: Քրդական հարձակումները կասեցնելու համար բանակցել է քրդերի հետ, հասել որոշ աշիրեթների չեզոքությանը: Մի որոշ ժամանակ թուրքական կառավարության կողմից մեկուսացվել է Ս. Կարապետի վանքում: 1890-ական թթ. վերջից վանքի վանահայրն էր: Կողմ էր Հրայրի ընդհանուր ապստամբության գաղափարին և այդ ուղղությամբ լայն գործունեություն է ծավալել 1901-03 թթ.: 1904 թ. Սասունի ապստամբությունից հետո դեմ է եղել Մշո դաշտում հայդուկային կռիվներին: 1915 թ. ապրիլից ընտրվել է Մուշի հոգևոր առաջնորդ: Մուշի բնակչության հետ տարագրվել է և նահատակվել Մուշից ոչ հեռու:

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am