ՀԱԼԵՊ, Ալեպպո, Հալաբ (անտիկ շրջանում ՝ Բերոյա, հայկական աղբյուրներում՝ նաև Բերիա, Տիբերիա, Խալիպոն, Խաղաբ), քաղաք Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Հալեպի մուհավազի (նահանգ) վարչական կենտրոնը:

1516 թվականից Հալեպը զավթած սելջուկյան թուրքերն այն դարձրել են Հալեպի փաշալիկության կենտրոնը: Հալեպի հայկական համայնքի գոյության մասին առաջին տեղեկությունը վերաբերում է XVI դ.: 1616 թ. Հալեպում կար շուրջ 6 հզ., 1652 թ.՝ ավելի քան 20 հզ. հայ (հիմնականում Ջուղայից, Երևանից, Ղարաբաղից, Էրզրումից, Սեբաստիայից, Ակնից, Կիլիկիայից գաղթածներ):

XVII դ. վերջին, երբ սաստկացել են քրիստոնյաների հալածանքները, հայ համայնքի վիճակը վատթարացել է և համեմատաբար բարելավվել XIX դ. 40-ական թթ.՝ օտարերկրյա կապիտալի ներթափանցման և առևտրական կապերի զարգացման շնորհիվ: 1880-90-ական թթ. Հալեպում և նահանգում (Ալեքսանդրետ, Բեյլան, Անտիոք ևն) եղել է մոտ 70 հզ. հայ: Համայնքն ապրել է մշակութային և հասարակական-քաղաքական աշխույժ կյանքով:

Գործել են եկեղեցի, դպրոցներ, մշակութային, բարեգործական կազմակերպություններ: Ազգային կյանքում մեծ էր Հալեպի հայոց առաջնորդարանի դերը: 1879 թ. Հալեպի 2000 հայ բնակիչներ դիմել են Կ. Պոլսում մեծ տերությունների դեսպաններին՝ պահանջելով կենսագործել Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածը: 1895 թ., հայկական կոտորածների ժամանակ, ջարդերի և կողոպուտի են ենթարկվել Հալեպի նահանգի բազմաթիվ հայկական բնակավայրեր (Հալեպ, Անթաքիա, Քիլիս, Բիրեջիկ, Նազիբ, Մարաշ, Այնթապ, Ուրֆա)՝ շրջակա գյուղերով: Միայն Հալեպում սպանվել է մոտ 1000 հայ: 1909 թ. Ադանայի ջարդերի ժամանակ թուրք մոլեռանդ խառնամբոխը ասպատակել է Հալեպի նահանգի մի շարք հայկական բնակավայրեր: Քեսաբի հայերը դիմադրել են թուրքական 30 հզ. բաշիբոզուկներին, այնուհետև ամրացել ծովեզրյա Կարադուրան գյուղի մոտ: Թուրքերը կոտորել են տեղում մնացածներին, թալանել և այրել հայերի տները, եկեղեցիներն ու դպրոցները:

1915 թ., Մեծ եղեռնի ժամանակ, Հալեպը դարձել է բռնությամբ տեղահանված հայերի խոշոր հավաքակայան: Քաղաքից մոտ 2 կմ հարավ Գարլըք բարձունքի վրա գտնվող հավաքակայանից աքսորյալները քշվել են Միջագետքի անապատները և ոչնչացվել: Հալեպում կուտակված հայերի դժոխային վիճակի, նրանց նկատմամբ գործադրված անասելի դաժանության, բարբարոսության մասին իրենց հուշերում բազմաթիվ փաստեր են նշել գերմանացի ուսուցիչ Մարտին Նիպագեն, թուրքական պաշտոնյա Նաիմ բեյը և ուրիշներ: Մ. Նիպագեի վկայությամբ, քաղաքը լվել էր սովից և համաճարակներից մահացած հայերի դիակներով: Ըստ մեկ այլ գերմանացի ականատեսի, մահացած հայերի թիվն այնքան է աճել, որ 5-6 սայլերով չեն հասցրել դիակները տեղափոխել գերեզմանոց: Հայերի ծրագրավորված ցեղասպանության ապացույցներ են երիտթուրքական կառավարության՝ Հալեպի նահանգապետին հղած ծածկագիր հեռագրերն ու հրահանգները, որոնցով կարգադրվում էր անհապաղ տարագրության վայրերն ուղարկել և ոչնչացնել Հալեպում կուտակված աքսորյալներին: Երիտթուրքերի նախապես մշակած հայաջինջ ծրագրի համապատասխան, միայն Հալեպից Ռաս ուլ Այնի և Մեսքենեի ճանապարհով Դեյր էզ Զոր ուղարկված 200 հզ. հայերն սպանվել են, զոհվել սովից և համաճարակներից (փրկվել է մոտ 5 հզ. մարդ): Հալեպի մոտ վայրագորեն խոշտանգվել են թուրքական պառլամենտի անդամներ՝ գրող Գրիգոր Զոհրապն ու հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Սերենկյուլյանը:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am