ՀԱՄԱԶԱՍՊ (Սրվանձտյան Համազասպ Խաչատուրի) (1873թ., Վան-1921թ., Երևան), ազգային-ազատագրական շարժման գործիչ: Բանահավաք Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանի եղբորորդին: Եղել է արմենական, ապա՝ ՀՀԴ կուսակցության անդամ: Նախակրթարանն ավարտելուց հետո սովորել է արհեստներ (ոսկերիչ, ժամագործ): Վաղ հասակից ներգրավվել է ագատագրական շարժման մեջ: Խուսափելով թուրքական իշխանությունների հետապնդումներից՝ հեռացել է Վանից, անցել Երևան, Շուշի: Մասնակցել է 1905-1906 թթ-ի հայ-թաթարական ընդհարումներին (քաջությամբ աչքի է ընկել հատկապես 1905 թ-ի օգոստոսի 22-ին Ասկերանի կիրճում մղված մարտում, երբ 200 հոգուց բաղկացած թուրքական ջարդարարների ջոկատից ողջ մնացին միայն 6-ը): 1906 թ-ին կազմակերպել է Գանձակի հայության պաշտպանությունը թաթարական ոտնձգություններից: 1908 թ-ին ցարական կառավարությունը դաշնակցական գործիչների հետ ձերբակալել է Համազասպին, դատապարտել մահվան, սակայն այն փոխարինվել է 15 տարվա տաժանակրությամբ (Սիբիր): 1913թ-ին փախել է բանտից, անցել Եվրոպա, ապա՝ Կ. Պոլիս: 1914թ-ին Կարինում կայացած ՀՀԴ կուսակցության VIII ընդհանուր ժողովում կտրականապես դեմ է արտահայտվել երիտթուրքերի հետ որևէ համագործակցության: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, Կովկասում մասնակցել է հայկական կամավորական շարժմանը, նշանակվել 3-րդ գնդի հրամանատար: Մասնակցել է բազմաթիվ ճակատամարտերի: Ապահովել է Բասենի և Ալաշկերտի շրջանից հայ բնակչության անվտանգ գաղթը: Եղել է 1915թ-ի մայիսին Վանն ազատագրող հայ կամավորներից, հուլիսին կռվել Բիթլիսի ուղղությամբ, հոկտեմբերին՝ հաջող արշավանք ձեռնարկել Խիզան: 1917թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո, նշանակվել է Ալաշկերտի շրջանի զինվորական ոստիկանության հրամանատար (մինչև ռուսական զորքերի կողմից Կովկասյան ռազմաճակատը լքելը): 1918թ-ին կռվել է Բաքվի կոմունայի համար, իբրև Հայկական բրիգադի (3000 զինվոր ու սպա) հրամանատար դրսևորել ռազմավարի, հմուտ կազմակերպչի կարողություններ, վճռական դեր կատարել դեպի Գանձակ և Եվլախ հարձակողական գործողություններում և 4 ամիս շարունակ հետ մղել Բաքու արշավող թուրքական գերակշիռ ուժերը: Բաքվի կոմունայի անկումից հետո անցել է Պարսկաստան, 1918թ-ի աշնանը (առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո) վերադարձել է Հայաստան, նշանակվել Նոր Բայազետի շրջանի զորամասերի հրամանատար, մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, 1920թ-ի մայիսյան ապստամբության ճնշմանը: Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո, զինկոմ Ա. Նուրիջանյանի (որի հետ մտերմացել էր Բաքվում, 1918թ-ին) հրավերով եկել է Երևան, նոր իշխանությանն օգտակար լինելու և համագործակցելու մտադրությամբ, սակայն ձերբակալվել է և Երևանի բանտում կացնահարվել:


Ե. Գասպարյան


Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am