ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Կոստի, Վասպուրականի Կոստին, Ուխտավոր [1882 թ., Շուշի- 1918 թ., Սային կալա (այժմ՝ Իրաքում)], ազգային-ազատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Կրթությունն ստացել է ծննդավայրում: XIX դ. վերջին - XX դ. սկզբին եղել է ԱՄՆ-ում, Պարսկաստանում: 1908 թ. Կապանում կրթական տեսուչ էր, կարգավորել է դպրոցական գործը: Կազմակերպել է զենքի առաքում Պարսկաստանով՝ հայ ազատագրական շարժման մարտիկներին զինելու նպատակով: 1909 թ. ձերբակալվել է, արգելափակվել Թիֆլիսի Մետեխի բանտում, ապա աքսորվել Խարկով: 1911-14 թթ. Բելգիայում ստացել է գյուղատնտեսական բարձրագույն կրթություն: 1915 թ. մտել է Արարատյան ջոկատ, դարձել գնդի գումակի պետ, 1915 թ. մայիսին մասնակցել Վանի ազատագրմանը: 1917 թ. աշնանը, երբ ռուսական զորքերը սկսել են հեռանալ Վանից, Համբարձումյանը դարձել է Վանի հայկական ժամանակավոր կառավարության ղեկավար: 1918 թ. թուրքական գերակշիռ ուժերը հարձակվել են Վանի վրա, և հայերը Համբարձումյանի ու Լևոն Շաղոյանի գլխավորությամբ հարկադրված գաղթել են: Համբարձումյանը իր զինական ուժերով ապահովել է գաղթականների անվտանգությունը: Սպանվել է թուրքական ուժերի դեմ մարտում:

Հ. Պողոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am