ՀԱՄԼԻՆ (Hamlin) Սայրուս (1811-1900 թթ.), ամերիկյան միսիոներ: 1837-59 թթ.՝ միսիոների առաքելությամբ եղել է Թուրքիայում, հիմնադրել, իսկ 1860-76 թթ. տնօրինել (ռեկտոր) Կ.Պոլսի Ռոբերտ քոլեջը: 1877 թ., վերադառնալով ԱՄՆ, մեծ եռանդով պաշտպանեւ է հայ ժողովրդի իրավունքները, կոչ արել ամերիկյան կառավարությանը վճռաբար ներազդել սուլթանական կառավարության վրա՝ վերջ տալու հայկական հալածանքներին ու կոտորածներին: Կազմակերպել է բազմաթիվ հանրահավաքներ՝ Բարձր դռան հակահայկական քաղաքականությունը դատապարտելու համար: Համլինի առաջարկությամբ 1895 թ. Բոստոնում տեղի ունեցած հանրահավաքում ընդունվել է բանաձև, որով ամերիկյան հասարակայնությունը ԱՄՆ-ի կառավարությունից պահանջել է նյութական օժանդակություն ցույց տալ 1894-96 թթ. կոտորածներից տուժած հայերին: «Հայկական ջարդեր» (1895 թ.), «Հայաստանի նահատակությունը» (1896 թ.), «Հայ հպատակների ջարդերի թուրքական քաղաքականության ծագումն ու զարգացումը» (1899 թ.) աշխատություններում Համլինը գրել է, որ ԱՄՆ-ի կառավարությունն ու ժողովուրդը չպետք է «ընդօրինակեն Եվրոպայի մեծ տերությունների սառը հակամարդասիրական քաղաքականությունը», պահանջել «վանել մարդասպանին զոհից» և «ազատություն ու բարգավաճում ընձեռել այն հողին, որն այնքան տևականորեն հոշոտել է սուլթանը»:

Ս. Կիրակոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am