ՀԱՍԿԵԼ ՈՒԻԼՅԱՄ, ամերիկացի ռազմական, քաղաքական գործիչ, գնդապետ: 1919թ-ի հուլիսին նշանակվել է Հայաստանում Դաշնակից պետությունների գերագույն կոմիսար: Որոշ ժամանակ անց նրա լիազորությունները տարածվել են նաև Վրաստանի և Ադրբեջանի վրա: Սկզբնական շրջանում Հայաստանում զբաղվել է հիմնականում սննդի հայթայթման, մանկատուն-որբանոցների և հայ բնակչության համար աշխատատեղեր, արհեստանոցներ բացելու աշխատանքով: 1919թ-ի օգոստոսի 19-ին, Դաշնակիցների Գերագույն խորհուրդն ընդունել է Հասկելի հաշվետվությունը, որտեղ ասվում էր, որ «բանակի ուղարկումը Հայաստան խիստ անհարժեշտ է, ինչը, բնակչությանը կփրկի կործանումից»: Հասկելի որոշմամբ 1919թ-ի սեպտեմբերի 1-ին, Նախիջևանն ու Շարուր-Դարալագյազը համարվել են չեզոք գոտի՝ ամերիկյան գեներալ-նահանգապետի գլխավորությամբ (որոշումը, սակայն, չի իրականացել): 1919թ-ի նոյեմբերին, Հասկելը ստացել է անդրկովկասյան հանրապետությունների հարաբերությունները վերահսկելու իրավունք: 1919թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի վարչապետ Ա. Խատիսյանի հետ Հասկելը մասնակցել է հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի մշակմանը: 1920թ-ի մայիսի 14-ին, բոլշևիկյան ապստամբության ժամանակ, Հասկելը հանդես է եկել հայտարարությամբ, որ եթե ապստամբները վայր չդնեն զենքը, ապա ԱՍՆ-ը կհրաժարվի նյութական օգնություն ցույց տալ:


Վ. Մելիքյան



Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

Մսըրլեան Զ., Ամերիկայի Միացեալ Նահանգներու  արտաքին քաղաքականությունը և Հայկական հարցը(1900-2009), Պէյրութ, 2010թ.:

Կիրակոսյան  Ա., ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը և արևմտահայությունը( 19-րդ դար- 1914թ.), Երևան, 2014թ.:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am