Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Հայ ազգային համագումարներ 1919 թ., 1920 թ.

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐ 1919 Թ., 1920 Թ., առաջինը տեղի է ունեցել փետրվարի 24-ից ապրիլի 22-ը, Փարիզում: Հրավիրվել է Ազգային պատվիրակության (նախագահ՝ Պողոս Նուբար փաշա) նախաձեռնությամբ՝ որոշելու «հայ ազգի միակամ իղձերը»: Պատվիրակների կազմով (38 հոգի) համագումարը ներկայացնում էր հիմնականում գաղութահայությունը (Կ. Պոլիս, Եգիպտոս, Պարսկաստան, Հնդկաստան, Անգլիա, Ֆրանսիա, Հյուսիսային Ամերիկա ևն), ինչպես նաև Կովկասում ապաստանած արևմտահայ գաղթականությունը: Խորհրդակցական ձայնով մասնակցում էին հենց նոր Փարիզ ժամանած Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամներ Ա. Ահարոնյանն ու Հ. Օհանջանյանը: Հայ ազգային համագումարների նախագահն էր Գ. Նորատունկյանը, փոխնախագահները՝ պրոֆեսոր Ա. Տեր-Հակոբյանն ու Ա. Չոպանյանը: Գումարել է 38 նիստ:

Համագումարը վավերացրեց նախապես պատրաստված և 1919-20 թթ. Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների հուշագիրը, որտեղ համառոտ շարադրված էր Հայաստանում օսմանյան վեցդարյա տիրապետության «արյունալի պատմությունը», հայերի մասնակցությունն առաջին համաշխարհային պատերազմին Անտանտի դաշնակիցների կողմում և սրանց խոստումները՝ Հայաստանը թուրքական բռնապետությունից ազատագրելու և նրան անկախություն տալու մասին: Ըստ հուշագրի, Հայաստանը պետք է ամփոփեր հայկական յոթ նահանգները (ներառյալ Տրապիզոնը), Կիլիկիան՝ Ալեքսանդրետ նավահանգստով, Կովկասում՝ Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ Երևանի նահանգը, Լոռին և Ախալքալաքը, Լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրը, Կարսի մարզը՝ առանց Հյուսիսային Արդահանի: Համագումարը քննարկեց, վավերացրեց և հաշտության կոնֆերանսին ներկայացրեց մի հիշատակագիր՝ Թուրքիայի և Կովկասի մեջ պատերազմի ժամանակ կոտորածների, տեղահանության և այլ աղետների հետևանքով հայ ազգի կրած վնասների հատուցման մասին, որի համաձայն այդ վնասների ամբողջական գումարը կազմում էր 19 մլրդ 130 մլն 982 հզ. ֆրանկ, 14 մլրդ՝ Արևմտյան Հայաստանում, 4,5 մլրդ՝ Արևելյան Հայաստանում:

Ապրիլի 2-ի նիստում ընտրվեց նոր Ազգային պատվիրակություն (Պողոս Նուբար, Ա. Տեր-Հակոբյան, Ա. Չոպանյան, Գ. Փաստրմաճյան, Հ. Նևրուզ, Վ. Թեքեյան), որը Հայաստանի Հանրապետության պատվիրակության հետ կազմելու էր «Ամբողջական Հայաստանի պատվիրակություն» և նրա հետ ջանար «ձեռք բերել Հուշագրով բանաձևված հայկական պահանջների գործադրությունը և պետք է հետապնդի ազգային դատին հարակից բոլոր հարցերի բարվոք լուծումը»:

Ի թիվս այլ հարցերի համագումարը զբաղվեց նաև հայկական հողերի զինվորական գրավման, Կիլիկիայի և Սիրիայի մեջ ապրող տարագիր հայերի ապահովության, Արևելյան Հայաստանի սովյալ ժողովրդի պարենավորման և այլ խնդիրներով, լսեց Ազգային պատվիրակության նախագահի և Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի զեկույցները հաշտության կոնֆերանսում իրենց գործունեության մասին: Վերջին նիստում համագումարը, ի լրումն պրեզիդենտ Վիլսոնին (ԱՄՆ) և պրեմիեր մինիստր Կլեմանսոյին (Ֆրանսիա), Լլոյդ Ջորջին (Մեծ Բրիտանիա) և Օռլանդոյին (Իտալիա) հղած ողջույնի ուղերձների, հատուկ կոչով դիմեց դաշնակից ազգերին, որով մեկ անգամ ևս հռչակում էր «հայ ազգի կամքը իր ազատ հայրենիքն ունենալու՝ անկախ պետության մեջ իր բոլոր հողերի միացմամբ», և խնդրում էր նրանցից «իրենց ձայնը միացնելու մերինին՝ պահանջելու համար հաշտության վեհաժողովից, որ փութացնի Հայկական հարցի լուծումը»:

Համագումարը իր պարտքը համարեց նաև «եղբայրական ջերմ ողջույններ» ուղղել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս նրա տեսնելով «վեց հարյուր տարի ի վեր առաջին անգամ վերազարթնող հայ ազատության հրճվառիթ պատկերը», և հոտնկայս իր խորին հարգանքն ու պաշտամունքը հայտնեց «բազմաչարչար նահատակների և այն հազարավոր մարտիկների հիշատակին, որոնք իրենց հերոսական պայքարով նախապատրաստեցին հայկական դատի հաղթանակը»:

1920 թ. մայիսի 5-հուլիսի 13-ին Փարիզում տեղի է ունեցել երկրորդ համագումարը, 24 պատգամավորների մասնակցությամբ (առանձին նիստերի ներկա են եղել նաև հայ եկեղեցու ներկայացուցիչներ), կայացել է 31 նիստ: Նստաշրջանի նախագահ է ընտրվել Գաբրիել Նորատունկյանը, փոխնախագահ՝ Գրիգոր Սնապյանը: Բացման խոսքում Գաբրիել Նորատունկյանը կոչ է արել միության և համերաշխության՝ որպես Հայկական հարցի լուծման հաջողության գերագույն պայմաններ: Ողջույնի խոսք է ասել Պողոս Նուբար փաշան:

Համագումարը քննարկել է օրակարգով նախատեսված հարցերը՝ Ազգային պատվիրակության զեկուցումը, պատվիրակության բժշկական, քարոզչական, ելևմտական (ֆինանսական) և կազմակերպչական կանոնագրի հանձնաժողովների տեղեկագիրը և Ազգային պատվիրակության վերակազմությունը:

Ազգային պատվիրակության զեկուցումն արել է Արշակ Չոպանյանը, պատվիրակությունը գործել է Հայաստանի Հանրապետության պատվիրակության հետ համատեղ, Փարիզի կոնֆերանսի մասնակից պետություններին համատեղ ներկայացրել են դիմումներ, հուշագրեր, վարել բանակցություններ, գործադրել ջանքեր «Հայոց ազգային ծրագրին իրականացման համար»: Լուսաբանվել է այն նոր իրադրությունը, որն անհուսալի է դարձրել ԱՄՆ-ի հովանավորությամբ միավորված Հայաստանի ստեղծումը (տե՛ս Հայաստանի մանդատ 1920 թ.) և ստիպել միացյալ պատվիրակությանը «ազգային պահանջները պատշաճեցնել իրերի նոր կացությանը»:

Ազգային պատվիրակությունը աշխատանք է տարել հայ-պոնտական (հունական) հարաբերություններ հաստատելու, հայ-քրդական համաձայնություն կայացնելու և այլ հարցերի ուղղությամբ: Սան Ռեմոյի կոնֆերանսում բանակցություններ են վարվել Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ տարածքային և այլ հարցերի շուրջը:

Մի քանի նիստեր նվիրվել են Կիլիկիայի կացությանը և ձեռնարկվելիք միջոցառումներին: Ընտրվել է հանձնաժողով Թուրքիայի հետ կնքվելիք հաշտության պայմանագրի նախագիծը ուսումնասիրելու համար: Պատրաստվել է հուշագիր, որը միացյալ (ամբողջական) Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է դաշնակից երկրների Գերագույն խորհրդին:

Հուլիսի 3-ի նիստում գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Ազգային պատվիրակության նոր կազմ (Պողոս Նուբար փաշա, Գրիգոր Սնապյան, Լևոն Մկրտչյան և Հակոբ Նևրուզ):

Համագումարն ընդունել է ուղերձներ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բանակին, Կիլիկիայի հայությանը, Մերձավոր Արևելքի նպաստամատույց հանձնախմբի նախագահին (հայ ժողովրդին օգնելու համար):

Ջ. Թորոսյան

Վ. Ղազախեցյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am