Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Հայ ազգային խորհրդակցություն 1917 թ.

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀԱՄԱԳՈՒՄԱՐ) 1917 Թ., տեղի է ունեցել Թիֆլիսում, սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 13-ը: Մասնակցել են տարբեր հոսանքների, քաղաքական կուսակցությունների, հասարակական, ազգային, դպրոցական, մշակութային կազմակերպությունների, Արևմտահայ ազգային խորհրդի ներկայացուցիչներ, հայ կամավորական խմբերի ղեկավարներ, թվով շուրջ 210 պատգամավոր (դաշնակցականներ՝ 99, էսէռներ՝ 23, սոցիալ-դեմոկրատներ՝ 28, հայ ժողովրդական կուսակցություն՝ 11, անկուսակցականներ՝ 7): Համագումարի առաջին նիստում պարզվեց, որ բոլշևիկները ներկայացուցիչ չեն ուղարկել, նրանք որոշել էին բոյկոտել համագումարը:

Համագումարի գլխավոր խնդիրը Ազգային խորհրդի՝ որպես հայ քաղաքական ուժերը միավորող, համազգային խնդիրներով զբաղվող կենտրոնական մարմնի ստեղծումն էր, որն ի վերջո հանգեցնելու էր հայկական ինքնուրույն պետականության ստեղծմանը:

Խոհրդակցությունում քննարկվեցին քաղաքական իրադրության (զեկուցողներ՝ Ս. Վրացյան և Ա. Բեկզադյան), նահանգների, գավառների փոփոխության և զեմստվոյի (զեկուցողներ՝ Ա. Շահխաթունյան, Ղ. Տեր-Ղազարյան, Ս. Կամսարական, Հ. Սահակյան, Գ. Խատիսյան), պարենավորման (զեկուցողներ՝ Ս. Հարությունյան, Տ. Բեկզադյան), ազգամիջյան հարաբերությունների (զեկուցողներ՝ Հ. Օհանջանյան, Մելիք-Պապաջանով, Ա. Երզնկյան), Օզակոմի նկատմամբ վերաբերմունքի (զեկուցողներ՝ Հ. Արղության, Ա. Երզնկյան), ճակատի պաշտպանության և վտանգված վայրերի ապահովության (զեկուցողներ՝ Ռ. Տեր-Մինասյան, Ս. Փիրումյան, Ա. Շահմազյան), փախստականների (զեկուցողներ՝ Վ. Փափազյան, Ս. Հարությունյան, Հ. Առաքելյան), դպրոցների ազգայնացման (զեկուցողներ՝ Ս. Տիգրանյան, Ա. Աբելյան, Ս. Հովյան) հարցերը, Ազգային բյուրոյի հաշվետվությունը (զեկուցողներ՝ Ա. Խատիսյան, Ե. Աղբաշյան):

Համագումարն իր վստահությունը հայտնեց ժամանակավոր կառավարությանը, նրա «Պատերազմ՝ մինչև հաղթական ավարտ» կոչին, որը հայ ժողովրդի համար կոնկրետ պատմական պայմաններում նշանակում էր Արևմտյան Հայաստանի ազատագրում: Հայաստանի «անեքսիան» Ոուսաստանի կողմից հայկական լայն շրջաններում դիտվում էր որպես թուրքական բռնապետներից հայ ժողովրդի և նրա հայրենիքի մեծ մասի ազատագրման միակ իրական ճանապարհը:

Համագումարը կազմավորեց Հայոց ազգային խորհուրդ (ՀԱԽ) և Ազգային ժողով: Ազգային խորհրդի նախագահ ընտրվեց Ա. Ահարոնյանը:

Վ. Մելիքյան 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am