ՀԱՅ ԴԱՏ: Հայ դատի հանձնախումբ (անգլ. Armenian National Committe, Հայ ազգային կոմիտե), հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հասարակական աշխատանքների և կառավարական հարաբերությունների ազգային հանձնախումբ: Պաշտպանում է հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները, ներկայացնում հայության հավաքական տեսակետը բոլոր մակարդակներով: ԱՄՆ-ում ունի երկու հիմնական բաժանմունք՝ Արևելյան և Արևմտյան: Տնօրենների խորհուրդը (Board of Directors) հարաբերություններն իրականացնում է ֆեդերալ, իսկ մասնաճյուղային խորհուրդները՝ շրջանային մակարդակով: Հայ դատի գրասենյակներ ունի Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, հանձնախմբեր՝ ԱՄՆ-ի մյուս հայաշատ քաղաքներում:

Ըստ հանձնախմբի կանոնադրության, Հայ դատը կամ ավելի լայն առումով՝ Հայկական հարցը մի համադրույթ է, որն ունի քաղաքական, տարածքային, բարոյական, սոցիալ-տնտեսական և իրավական հայեցակետ: Ելնելով հայ իրականության այժմյան վիճակից, երբ ներկա Հայաստանի Հանրապետության մեջ և Կովկասի հայաբնակ շրջաններում ապրում է հայ ժողովրդի գրեթե կեսը, մյուսը՝ նախկին Խորհրդային Միության այլ մասերում ու աշխարհի շատ երկրներում, իսկ Հանրապետության տարածքը զբաղեցնում Է Սևրի պայմանագրով (1920) ճանաչված և Վ. Վիլսոնի գծած սահմաններով հայկական հողերի միայն 1/6 մասը, երբ բռնագրավված Արևմտյան Հայաստանը ամայի ու դատարկված է մնում իր բնիկ բնակչությունից (մինչդեռ սփյուռքահայերը իրենց ինքնությունը կորցնելու մշտական վտանգի տակ են), և թուրքական կառավարությունը նպատակամղված փորձում է ջնջել Արմ. Հայաստանում հայերի պատմական ներկայության ամեն մի հետք (պատմական հուշարձանների ավերում ու դրանց պատկանելության խեղաթյուրում), երբ միջազգային իրավունքը 1915-ին սկսված հայերի ցեղասպանությունը ճանաչում է որպես շարունակվող հանցանք Հայ դատ գտնում Է, որ Արևմտյան Հայաստանն ու Արևելյան Հայաստանը պետք է միավորվեն մեկ միացյալ հայկական պետության մեջ: Այն պետք է ընդգրկի նաև ԽՍՀՄ-ի (այժմ արդեն՝ նախկին) հայկական այն տարածքները, որոնք արհեստականորեն անջատվել են այսօրվա Հայաստանից: Հայկական հարցի լուծումը պահանջում է ոչ միայն գոհացում ու հատուցում ցեղասպանության կամ հայերի կորուստների համար, այլև ազատ և դեմոկրատական պետության ստեղծում:
Հայ դատի քաղաքական գործողությունների և կառավարական կապերի բաժինը օժանդակում է հայերի ցեղասպանությունը դատապարտող օրենսդրական ակտերի ստեղծմանը տեղական, ֆեդերալ և միջազգային մակարդակներով, ուշադրություն հրավիրում հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտումների վրա: Նշելի միջոցառումներից են հայերի ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը (1984) և Լեռնային Ղարաբաղի մասին սենատի հանձնարարականը (1989): Կալիֆոռնիայում նահանգային իշխանությունների որոշմամբ 1990-ի ապրիլի 24-ը նշվել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Նահանգի հանրային դպրոցներում մտցվել են հայերի ցե-ղասպանության դասընթացներ, կազմվել դասագիրք՝ «Հայ դատ»: Հայ դատը ֆինանսավորել է ցեղասպանության մասին կինոֆիլմերի արտադրությունը, ցույցեր ու հանրային այլ միջոցառումներ կազմակերպել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ՝ դատապարտելով հայերի ցեղասպանությունն ու ջարդերը այդ երկրներում, Արցախի ու Հայաստանի շրջափակումը:
Հայ դատին կից գործում Է հետազոտական կենտրոն, որն ուսումնասիրում և վերլուծում է իրադրությունը Հայաստանում, Անկախ պետությունների համագործակցությունում և Թուրքիայում: Նրա ջանքերով մասնավորապես լույս են տեսել հայոց ցեղասպանությանը, Արցախի և Ադրբեջանի իրադրությանը վերաբերող մի շարք աշխատություններ:
Հայ դատի տեղական հանձնախմբեր են գործում Եվրոպայի, Մերձ. Արևելքի, Լատ. Ամերիկայի մի շարք երկրներում, 1991-ից՝ Երևանում: Եվրոպայում՝ հատկապես Ֆրանսիայում և Գերմանիայում գործող Հայ դատի հանձնախմբերը 1970- 1980-ական թթ. զգալի աշխատանք կատարեցին Հայկական հարցի վերաբերյալ միջազգային հասարակական կարծիքի ձևավորման ուղղությամբ, նպաստեցին Հայկական հարցի քննարկմանը Եվրոխորհրդարանում 1987-ին (տե՛ս եվրոպական խորհրդարանի բանաձևը... 1987):
 
Գրականության ցանկ
 
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:
 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am