Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն

ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀՀԴ), դաշնակցություն, հայ ազգային, քաղաքական կուսակցություն: Ստեղծվել է 1890 թ. հուլիս-օգոստոսին, Թիֆլիսում: Հիմնադիրները և առաջին ղեկավարներն էին Ք. Միքայելյանը, Ս. Զավարյանը, Ս. Զորյանը (Ռոստոմ), 1890 թ. սեպտեմբերին հրապարակված ՀՀԴ հոչակագրում նշված է, որ նոր ստեղծված կուսակցության (մինչև 1892 թ.՝ հայ հեղափոխականների դաշնակցություն) նպատակն է համախմբել ժողովրդի ուժերը, ձեռք բերել քաղաքական և տնտեսական ազատություն Արևմտյան Հայաստանի համար: Այն արտահայտվել է ՀՀԴ առաջին ծրագրում, որն ընդունվել է 1892 թ., կուսակցության առաջին ընդհանուր ժողովում (հրապարակվել է կուսակցության «Դրոշակ» պաշտոնաթերթում, 1894 թ.):

ՀՀԴ դավանում է ժողովրդավարության ու ընկերվարության (սոցիալիզմի) գաղափարներ, սակայն կուսակցության գաղափարախոսության, ռազմավարության և գործելակերպի հիմնական խնդիրը Հայկական հարցի լուծումն է (Արևմտյան Հայաստանի ազատագրումը, նրա ինքնավարությունը): Նպատակին հասնելու հիմնական միջոց ՀՀԴ համարում էր զինված ելույթներն ու ահաբեկչությունը, ինչպես և արևմտյան տերությունների և Ռուսաստանի օգնությունը: Օրագրի ագրարային մասում նախատեսվում էր «տալ չունեցողին հող և ապահովել մշակողին հողից օգտվելու կարելիությունը»: Կուսակցությունը անհրաժեշտ էր համարում «ուժ տալ գյուղացու համայնական սկզբունքներին, զարգացնելով այն ընկերային հիմնարկությունները, ձևերը, որոնք ծագել են Հայաստանի հողի վրա տեղական և պատմական հանգամանքների ազդեցության տակ»:

ՀՀԴ գաղափարական ակունքը 1880-ական թթ. ռուս նարոդնիկության գաղափարախոսությունն էր, հենարանը՝ հայ գյուղացիությունը, քաղաքի մանրբուրժուական խավը, բանվորության մի մասը, մտավորականության ներկայացուցիչները: Լինելով Ռուսաստանի առաջին քաղաքական կուսակցություններից՝ ՀՀԴ ձևավորվեց և իր գործունեությունը ծավալեց ավելի վաղ, քան ռուսական ինքնակալությանն ընդդիմադիր այլ կուսակցություններ՝ սոցիալ-դեմոկրատները, սոցիալիստ-հեղափոխականները (էսէռներ), սահմանադրական դեմոկրատները (կադետներ):

ՀՀԴ առաջին ընդհանուր ժողովը, հաշվի առնելով հայ իրականության առանձնահատկությունը՝ հայ բնակչության սփռվածությունը (Անդրկովկասում, Արևմտյան Հայաստանում, բազմաթիվ գաղթավայրերում), կուսակցության կազմակերպական կառուցվածքում կիրառեց ապակենտրոնացման սկզբունքը: Կարճ ժամանակում կուսակցության կազմակերպություններ ստեղծվեցին Արևելյան Հայաստանում (Ալեքսանդրապոլ, Երևան, Դարաբաղ), Անդրկովկասի հայաշատ քաղաքներում (Թիֆլիս, Բաքու), Հյուսիսային Կովկասում (Նոր Նախիջևան) և այլուր: ՀՀԴ Արևելյան բյուրոն իր վրա վերցրեց Արևմտյան Հայաստանում կուսակցական կազմակերպություններ հիմնելու, այնտեղ զենք ու մարտական խմբեր տեղափոխելու, արդեն գործող հայ ֆիդայական խմբերի հետ կապ հաստատելու գործի ղեկավարությունը: ՀՀԴ կարողացավ ընդլայնել իր ազդեցությունը և կարճ ժամանակամիջոցում դարձավ հայ քաղաքական կուսակցություններից առավել հեղինակավորը:

ՀՀԴ մեծ կարևորություն էր տալիս Հայկական հարցի լուծման գործում արևմտյան տերությունների դերին: «Դրոշակի» շուրջը համախմբված գործիչներըԴրոշակի» անունով կոչվել են նաև դրոշակականներ) կապ հաստատեցին եվրոպական երկրների քաղաքական ու հասարակական շրջանների հետ՝ հույս ունենալով եվրոպական տերությունների միջամտությամբ վերաբացել և ապա լուծել Հայկական հարցը: Եվրոպական պետությունների ուշադրությունը Հայկական հարցին բևեռելու նպատակով ՀՀԴ կազմակերպեց օսմանյան բանկի գրավումը Կ. Պոլսում (տե՛ս «Բանկ Օտոմանի» միջադեպ 1896 թ., Խանասորի արշավանք 1897 թ.):

XX դ. սկզբին գլխավորեց Անդրկովկասում հայ ժողովրդի հուժկու ընդվզումը ցարական կառավարության քաղաքականության դեմ, հատկապես հայ եկեղեցու ունեցվածքի բռնագրավման մասին օրենքի (1903 թ.) կապակցությամբ: 1905-06 թթ. Անդրկովկասում հրահրված հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ՀՀԴ շատ տեղերում գլխավորեց հայ բնակչության ինքնապաշտպանությունը, իրագործեց ահաբեկչական գործողություններ ցարական իշխանավորների նկատմամբ: Ցարական կառավարությունը դատական գործ հարուցեց ՀՀԴ դեմ, բանտարկեց կուսակցության շատ ակտիվ անդամների:

Ոուսաստանում գործող կուսակցություններից իր գաղափարախոսությամբ և գործելակերպով ՀՀԴ մոտ էր էսէռներին (2-րդ Պետական դումայում դաշնակցականներն ու էսէռները կազմում էին ընդհանուր ֆրակցիա): 1907 թ. ՀՀԴ մտավ (Էսէռների երաշխավորությամբ) 2-րդ ինտերնացիոնալի մեջ: Ոուսաստանում ծավալված հեղափոխական դեպքերի ազդեցության ներքո ՀՀԴ վերանայեց իր ծրագիրը (1907 թ.), հստակեցրեց նրա սոցիալիստական դրույթները:

XIX դ. վերջին - XX դ. սկզբին ՀՀԴ կապ հաստատեց Թուրքիայի հակասուլթանական որոշ ուժերի, մասնավորապես՝ երիտթուրքերի հետ: ՀՀԴ ներկայացուցիչները մասնակցեցին երիտթուրքերի համաժողովներին (1903 թ., 1907 թ.): Հայ հասարակական-քաղաքական որոշ շրջաններ քննադատեցին այս գործելակերպը: Իրականում այն կրում էր սոսկ տակտիկական բնույթ և ուղղված էր Աբդուլ Համիդ II-ի վարչակարգի դեմ: 1908 թ. հեղաշրջումից հետո, երբ իշխանության գլուխ անցան երիտթուրքերը, ՀՀԴ շատ անդամներ Անդրկովկասից եկան Թուրքիա և Արևմտյան Հայաստան, նրանցից նույնիսկ ընտրվեցին սահմանադրական Թուրքիայի խորհրդարանի անդամներ: Սակայն շուտով Կիլիկիայում տեղի ունեցած դեպքերը, 1909 թ. Ադանայի կոտորածը ցույց տվեցին, որ երիտթուրքերը դահիճ սուլթանների արժանի հետևորդներն են: 1912 թ. ՀՀԴ Արևմտյան բյուրոն հայտարարեց նրանց հետ վերջնական խզման մասին, մերժեց նաև երիտթուրքերի առաջարկը գալիք պատերազմում Ռուսաստանի դեմ համագործակցելու վերաբերյալ:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18 թթ.) ՀՀԴ Անտանտի կողմնակիցն էր: Կուսակցությունն ակտիվորեն մասնակցեց հայկական կամավորական շարժման կազմակերպմանը, բազմաթիվ դաշնակցականներ զինվորագրվեցին, մարտական գործողությունները հմտորեն ղեկավարեցին Անդրանիկը (Ա. Օզանյան), Դրոն (Դ. Կանայան), Համազասպը (Հ. Սրվանձտյան), Վարդանը (Ա. Մեհրաբյան), Քեռին (Ա. Գաֆավյան) և ՀՀԴ մարտական դպրոցն անցած այլ գործիչներ: Մեծ եղեռնի ժամանակ շատերը մասնակցեցին հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերին Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, շատերն էլ ցեղասպանության զոհ դարձան: Հայ ազգային մյուս կուսակցությունների նման ՀՀԴ ևս անպատրաստ գտնվեց դեպքերի նման զարգացման հանդեպ, և նրա կազմակերպություններն Արևմտյան Հայաստանում ջախջախվեցին:

Պատերազմի ժամանակ և հատկապես Ռուսաստանում Փետրվարյան հեղափոխությունից (1917 թ.) հետո ՀՀԴ գործունեության հիմնական ասպարեզը վերստին Անդրկովկասն էր: Աջակցելով Ռուսաստանի ժամանակավոր կառավարության քաղաքականությանը՝ դաշնակցությունը մասնակցեց Անդրկովկասում ստեղծված բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդների գործունեությանը: Այն ազդեցիկ դիրք ուներ Հայոց ազգային խորհրդում և նրա մասնաճյուղերում:

1917 թ. Հոկտեմբերյան հեղաշրջումը ՀՀԴ չընդունեց: Կուսակցությունը մասնակցեց Անդրկովկասում իշխանության նոր մարմինների՝ Անդրկովկայան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի ստեղծմանը, երկրամասը Խորհրդային Ռուսաստանից անջատելու և ինքնուրույն Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության (ԱԴՖՀ) կազմավորմանը: Ներքին տարաձայնությունների և արտաքին քաղաքական գործոնների ազդեցության հետևանքով ԱԴՖՀ շուտով (1918 թ. մայիսի 26), տրոհվեց, կազմավորվեցին Վրաստանի (մայիսի 26), Ադրբեջանի (մայիսի 27), Հայաստանի (մայիսի 28) ինքնուրույն հանրապետությունները: Հանրապետության ստեղծմանը նախորդեցին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, որոնց ընթացքում հայ մարտիկները, այդ թվում և ՀՀԴ անդամները, պարտության մատնեցին Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական մեծաքանակ զորքին, ինչը պայմանավորեց հայկական պետականության վերականգնումը:

Հայաստանի Հանրապետությունում (1918-20 թթ.) հաստատվեց բազմակուսակցական համակարգ: ՀՀԴ նորաստեղծ պետության առաջատար քաղաքական ուժն էր, նրա ղեկավարները՝ Հ. Քաջազնունին, Ա. Խատիսյանը, Հ. Օհանջանյանը, Ս. Վրացյանը, հաջորդաբար գլխավորեցին Հանրապետության կառավարությունը:

Կառավարության արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը Հայկական հարցի լուծումն էր, կորցրած տարածքների հետբերումը: Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությունը նոր իրադրություն ստեղծեց, ինչը փորձեց օգտագործել Հայաստանի կառավարությունը՝ կողմնորոշվելով դեպի արևմտյան տերությունները: 1918-19 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքը նշանակալիորեն ընդարձակվեց: Թուրքական զորքերի հեռացումից հետո Հայաստանին վերադարձվեցին Ալեքսանդրապոլի նահանգը, Լոռիի հարավային մասը, Կարսի մարզը, Սուրմալուի և Նախիջևանի գավառները, վերականգնվեցին 1914 թ. սահմանները:

1919 թ. մայիսի 28-ին կառավարությունը Հայաստանը հռչակեց միացյալ և անկախ հանրապատություն՝ դրանով հաստատելով հայ ժողովրդի պահանջատիրությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ:

Դառնալով իշխող կուսակցություն՝ ՀՀԴ քայլեր կատարեց երկրի տնտեսությունը վերականգնելու, հանրապետությունում կարգ ու կանոն հաստատելու, լուսավորության գործը կարգավորելու ուղղությամբ: Սակայն հանրապետության ներքին ու արտաքին ծանր վիճակը հնարավորություն չտվեց զարգացնել ստեղծարար աշխատանքը, հաղթահարել երկրում մոլեգնող սովը, անիշխանականության դրսևորումները: Դրությունը ավելի էր բարդանում դրսից՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հրահրվող թուրք-մահմեդական բնակչության խռովություններով: 1920 թ. իրադրությունը հանրապետությունում խիստ վատացավ: Ակնհայտ դարձավ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցումը: 1920 թ. աշնանը բռնկած թուրք-հայկական պատերազմի ժամանակ Հայաստանը մեկուսացվեց, նրան լքեցին արևմտյան դաշնակիցները, օգնության չհասավ նորաստեղծ Ազգերի լիգան: Իր ճնշումն ուժեղացրեց նաև Խորհրդային Ռուսաստանը: Պատերազմում պարտվելով՝ Հայաստանը ստիպված ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920 թ. դեկտեմբերի 2), որի հետևանքով տարածքային մեծ կորուստներ կրեց: Միաժամանակ կառավարությունը հայտարարեց, որ հրաժարվում է իշխանությունից և այն հանձնում բոլշևիկներին: Մինչ այդ, 1920 թ. նոյեմբերի 29-ին Խորհրդային Ադրբեջանում կազմավորված Հայաստանի ՌՀԿ կարմիր բանակի զորամասերի հետ անցավ սահմանը և Հայաստանը հռչակեց խորհրդային հանրապետություն:

1921 թ. Փետրվարյան հակախորհրդային ապստամբության պարտությունից հետո ՀՀԴ իր գործունեությունը շարունակեց արտասահմանում: 1921 թ. ապրիլին Բուխարեստում հրավիրված ՀՀԴ խորհրդաժողովը որոշեց, որ պատրաստ է հանուն Հայաստանի վերաշինության համագործակցել խորհրդային իշխանության հետ: Նույն թվականի հուլիսին Ռիգայում կայացան բանակցություններ ՀՀԴ և ՌԿ(բ)Կ միջև: Թեև ձեռք բերվեց համաձայնություն, ըստ որի ՀՀԴ պարտավորվեց համակողմանի օգնել և աջակցել Խորհրդային Հայաստանի կառավարությանը, սակայն 1921 թ. հուլիսի 22-ին Հայաստանի կոմկուսի ԿԿ իր բողոքը հայտնեց համաձայնության կապակցությամբ և բացառեց ՀՀԴ-ի հետ որևէ բանակցություն: Բողոքից հետո ՌԿ(բ)Կ ԿԿ մերժեց համաձայնագրի նախագիծը: 1923 թ. նոյեմբերին խորհրդային իշխանությունների պահանջով Երևանում գումարված նախկին դաշնակցականների համահայաստանյան համագումարի որոշմամբ ՀՀԴ լուծարքի ենթարկվեց ԽՍՀՄ-ում, սակայն շարունակեց գործել մինչև 1933 թ., երբ ՀՀԴ 12-րդ ընդհանուր ժողովը պաշտոնապես լուծարեց իր կազմակերպությունը Հայաստանում:

Այդ շրջանում ՀՀԴ, որի ղեկավարների որոշ մասը գտնվում էր Կ. Պոլսում, հետևողականորեն իրականացնում էր Մեծ եղեռնի երիտթուրքական պատասխանատուների ահաբեկման <<Նեմեսիս>> վրիժառուական գործողությունը:

1924-25 թթ. Փարիզում կայացած ՀՀԴ 10-րդ ընդհանուր ժողովը կուսակցության ծրագրի մեջ մտցրեց մինչ այդ ընդհանուր ժողովում ընդունված «Ազատ, անկախ և միացյալ Հայաստան» բանաձևը, որոշեց պահպանել ԽՍՀՄ-ի հանդեպ որդեգրած «լոյալ ընդդիմադրի» քաղաքականությունը, սփյուռքում հետևողականորեն տանել հայապահպան կազմակերպչական աշխատանք: Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին ՀՀԴ 13-րդ ընդհանուր ժողովը (Կահիրե, 1938 թ.) որոշեց, որ պատերազմի բռնկման պարագայում «Դաշնակցությունը իր պայքարին մեջ ելակետ պետք է ունենա բացառաբար հայ ժողովրդի ֆիզիկական փրկության հարցը և ըստ այնմ ալ վարե իր քաղաքականությունը, զայն չկաշկանդելով Հայ դատին վերաբերող առաջադիմություններով» («Դրոշակ», 1986 թ., 15, 12 նոյեմբեր, էջ 30): Որոշ դաշնակցական ղեկավարներ դեպի Արևելք հիտլերյան զորքերի առաջխաղացման մեջ տեսան ԽՍՀՄ-ի քայքայման և Հայաստանի անկախության վերականգնման հնարավորություն: Պատերազմի ընթացքում ՀՀԴ բյուրոն վարեց դաշնակիցներին ի նպաստ քաղաքականություն, այսուհանդերձ ֆաշիստական տիրապետության տակ գտնվող երկրներում որոշ գործիչներ համագործակցեցին հիտլերականների հետ: Պատերազմի վերջին փուլում ՀՀԴ պաշտպանեց Կարսի և Արդահանի շրջանները ՀԽՍՀ-ին կցելու ԽՍՀՄ պահանջը: 15-րդ ընդհանուր ժոդովին (1947 թ.) ներկայացրած իր զեկուցման մեջ բյուրոն նշեց, որ Հայ դատը կարող է լուծվել միայն ԽԱՀՄ-ի հետ համագործակցությամբ: Սակայն շուտով ծավալված «սառը պատերազմի» տարիներին ՀՀԴ փոխեց իր դիրքորոշումը՝ որդեգրելով հակախորհրդային կողմնորոշում:

1959 թ. կայացած ՀՀԴ 17-րդ ընդհանուր ժողովը եզրակացրեց, որ անցած տասնամյակում կուսակցության վարած քաղաքականությունը չի հասել սպասված արդյունքին, իսկ 1967 թ. 19-րդ ընդհանուր ժողովը որոշեց ԽՍՀՄ քննադատությունը սահմանափակել միայն հայ իրականության և Հայ դատի հետ կապված խնդիրների շուրջ: 1970-ական թթ. Արևելքում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները միավորեցին սփյուռքի հասարակական-քաղաքական շրջանները՝ հանուն հայ համայնքների անվտանգության միասնական ճակատով հանդես գալու:

Արդի ժամանակաշրջանում ՀՀԴ շարունակում է իր հիմնական խնդիրը համարել Հայկական հարցի լուծումը: Ըստ կուսակցության վերջին ընդհանուր ժողովների փաստաթղթերի, անհրաժեշտ է ստեղծել ազատ, անկախ և միացյալ Հայաստան, որի սահմանները պետք է համապատասխանեն Սևրի հաշտության պայմանագրի (1920 թ.) պայմաններին, ընդգրկեն նաև Դարաբաղը, Նախիջևանը: Թուրքիան պետք է ընդունի ցեղասպանության փաստը և հատուցի հայերին հասցրած վնասը: Իր հանձնախմբերի գործունեությամբ (հրապարակումներ, ժողովների և ցույցերի կազմակերպում ևն) ՀՀԴ ձգտում է ազդել միջազգային հասարակական կարծիքի վրա, հասնել այն բանին, որ հայերի ցեղասպանությունը դատապարտվի բոլորի կողմից, և վերականգնվի արդարությունը: ՀՀԴ և հատկապես նրա Հայ դատի հանձնախմբերի գործունեությունը նպաստեց Հայկական հարցի քննարկմանը Եվրոխորհրդարանում (1987 թ. հունիս):

Հաշվի առնելով Հայաստանում կատարվող արմատական փոփոխությունները՝ դեմոկրատիայի և հրապարակայնության զարգացումը, բազմակուսակցական համակարգի ձևավորումը, ՀՀԴ 24-րդ ընդհանուր ժողովը (1988 թ.) առաջ քաշեց «Դեպի երկիր» կարգախոսը, որով պատրաստակամություն հայտնեց իր բոլոր կարողությունները ի նպաստ դնել Հայաստանի բարգավաճմանը՝ անկախ այնտեղ տիրող վարչակարգից: 1988 թ. հոկտեմբերին ՀՀԴ, հնչակյան և ռամկավար ազատական կուսակցությունների հետ, հանդես եկավ հայտարարությամբ՝ միանգամայն արդարացի ճանաչելով Արցախի հայ բնակչության պահանջը Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ:

1990 թ. ՀՀԴ բացահայտեց իր կազմակերպական ներկայությունը Հայաստանում, 1991 թ. պաշտոնապես գրանցվեց: Կազմավորվեց ՀՀԴ Հայաստանի ԿԿ: Կուսակցությունն իր խմբակցությունը (որը կազմեցին ՀՀԴ անդամներ դարձած արդեն ընտրված պատգամավորները) ձևավորեց ՀՀ Գերագույն խորհրդում: 1991-94 թթ. ՀՀԴ Հայաստանի ԿԿ հրատարակել է իր պաշտոնաթերթերը՝ «Երկիր» և «Ազատամարտ» (1992 թ. նաև ռուսերեն): Չհամաձայնելով ՀՀ կառավարության վարած ներքին և արտաքին քաղաքականության մի շարք խնդիրներին ՀՀԴ դարձավ քաղաքական ընդդիմություն:

1994 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀԴ գործունեությունը Հայաստանում կասեցվեց հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու պատճառով (կուսակցության ղեկավար կառույցում ընդգրկված էին օտարերկրյա քաղաքացիներ, Հայաստանում գործել է կուսակցության գաղտնի ահաբեկչական կազմակերպություն): Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ Նախագահի հրամանագիրը:

Կ. Խուդավերդյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am