ՀԱՅ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (Armenian Bar Association), իրավաբանների պրոֆեսիոնալ կազմակերպություն. ստեղծվել է Լոս Անջելեսում (ԱՄՆ), 1989 թ. սեպտեմբերին: Ներկայացնում է հայ ազգային շահերն ու ԱՄՆ-ի հայ համայնքի իրավաբանական պահանջմունքները: Միությունը անց է կացնում ամենամյա ժողովներ, իրավաբանական սեմինարներ ու գիտաժողովներ, հրատարակում է լրատվական բյուլետեն:

Հայ իրավաբանական միության շրջանակներում գործում է «Հայկական իրավունքների պահապան» ("Armenian Right's Watch") կազմակերպությունը: Նրա նպատակներն են՝ պաշտպանել հայոց պատմության փաստերը, այդ թվում՝ ցեղասպանության և Ղարաբադի խնդիրները, հայերի ազգային և համայնքային շահերը, նրա համար կազմակերպել քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ուսուցում, պայքարել հայերի նկատմամբ ազգային խտրականության դեմ, պաշտպանել նրանց ազգային նպատակները, իրավաբանական խորհրդատվություններ կազմակերպել այն անձանց համար, ովքեր շահագրգռված են Հայաստանում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու գործում:

Հայ իրավաբանական միությունը նյութեր է պատրաստում թերթերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքական գործիչների համար: Դրանցից մեկն էլ ԱՄՆ-ի սենատին ուղղված դիմումն էր, որը հորդորում էր ընդունել սենատի N 212 բանաձևը՝ 1990 թ. ապրիլի 24-ը ճանաչելու հայերի ցեղասպանության 75-ամյակի օր:

Գ. Մախմուրյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am