Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Հայ ժողովրդական կուսակցություն

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀԺԿ), լիբերալ կուսակցություն: Հիմնել են հայ կադետները 1917 թ. ապրիլի 11-ին, Թիֆլիսում: 1917 թ. սեպտեմբերին կայացել է ՀԺԿ I համագումարը, որն ընդունել է ծրագիր և կանոնադրություն, ստեղծել կենտրոնական բյուրո, որի նախագահ է ընտրվել Մ. Պապաջանյանը, փոխնախագահներ՝ Հ. Առաքելյանը, Ի. Ամիրյանը, Կ. Ստեփանյանը, քարտուղարներ՝ Ս. Մալխասյանցը և Լ. Դանիելյանը: Կենտրոնական պաշտոնաթերթերն էին՝ «Ժողովրդի ձայն» (1918-19 թթ., Թիֆլիս), «Ժողովուրդ» (1919-20 թթ., Երևան):

ՀԺԿ իրեն հայտարարել է ապադասակարգային, համազգային կուսակցություն: Նրա առաջին ծրագրի սոցիալական հարցերը փոխառնված էին ռուս կադետների ծրագրից՝ ավելացրած միայն ազգային հարցը, ըստ որի, Արևելյան Հայաստանի համար պահանջվում էր ազգային-տարածքային ինքնավարություն, իսկ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայության համար՝ կուլտուր-ազգային ինքնավարություն: ՀԺԿ Հայկական հարցը համարում էր միջազգային հարց, որի լուծումը թողնում էր արևմտահայերին՝ խոստանալով միջազգային կոնգրեսում աջակցել նրանց: ՀԺԿ II համագումարը (1919 թ. սեպտեմբեր) ընդունեց նոր ծրագիր, առաջ քաշեց «միացյալ և ամբողջական» Հայաստանի ստեղծման խնդիրը: Միացյալ և ամբողջական Հայաստանի մեջ պետք է մտնեին՝ Արևելյան Հայաստանը, Արևմտյան Հայաստանը (վեց նահանգներով), ինչպես նաև Կիլիկիան: Միացյալ և ամբողջական Հայաստանը պետք է լիներ ժողովրդավարական, պառլամենտական հանրապետություն, պետական լեզուն՝ հայերենը: Հայաստանից դուրս ապրող հայության համար ՀԺԿ ուժի մեջ էր թողնում կուլտուր-ազգային ինքնավարության պահանջը:

ՀԺԿ ողջունել է 1917 թ. Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, պատրաստակամություն հայտնել աջակցել Ռուսաստանի ժամանակավոր կառավարությանը և հայտարարել, որ ազգային, սոցիալական բոլոր կարևորագույն խնդիրների լուծումը պետք է թողնել Սահմանադիր ժողովին. Հայաստանում, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի, Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի հայաբնակ վայրերում ՀԺԿ 1917-21 թթ. ստեղծել է ավելի քան 50 ճյուղ ու ենթաճյուղ: Հայաստանի Հանրապետության 1918 թ. օգոստոսի 1-ին բացված խորհրդարանում ՀԺԿ ունեցել է 6 պատգամավոր: 1919 թ. մայիսի 28-ին ՀՀ խորհրդարանը Հայաստանը հռչակեց միացյալ և անկախ հանրապետություն, այդ չընդունեցին ՀԺԿ անդամները և հունիսի 4-ին դուրս եկան կառավարության կազմից: ՀԺԿ չկարողացավ իր հետևից տանել ժողովրդական լայն զանգվածներին և ազդեցիկ դիրք գրավել հայ իրականության մեջ:

1921 թ. հակախորհրդային Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո ՀԺԿ ղեկավարները հեռացան Հայաստանից: 1921 թ. հոկտեմբերի 1-ին սահմանադիր ռամկավար կուսակցությունը, ազատական կուսակցությունը (նախկին՝ վերակազմյալ հնչակյանները), ՀԺԿ արտասահմանում գտնվող անդամները և այլ խմբավորումներ միավորվեցին՝ կազմելով ռամկավար ազատական կուսակցությունը:

Լ. Խուրշուդյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am