ՀԱՅ ՆՈՐ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ (ՀՆԴ, անգլերեն անվանումը՝ New Armenian Resistance, NAR), քաղաքական ընդհատակյա զինված կազմակերպություն: Գործել է 1977-82 թթ.: ՀՆԴ 1970-ական թթ. հրապարակ իջած հայ զինված խմբակներից միակն էր, որի գործողություններն ուղղված էին ոչ միայն թուրքական այլև արտասահմանում գտնվող խորհրդային հաստատությունների դեմ: Գտնելով, որ հայերի առաջին թշնամին տակավին թուրքական պետությունն է, ՀՆԴ կոչ է արել չմոռանալ նաև այն, որ խորհրդային վարչակարգը ՀԽՍՀ-ում բռնությունների է դիմում ազատախոհական շարժումները ճնշելու համար: ՀՆԴ իրեն հայտարարել է ՀԽՍՀ ընդհատակում գործող ազգային միացյալ կուսակցության բարեկամ և դաշնակից, թեև նրանց միջև գործնական կապերի գոյությունը հաստատող որևէ փաստ չկա:

ՀՆԴ գործունեությունը սահմանափակվել է միայն խափանարարական գործողություններով: ՀՆԴ պատասխանատվություն է ստանձնել 1979 թ. դեկտեմբերի 22-ին Փարիզում թուրք դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյայի սպանության համար: Նույն գործողությունը հանձն է առել նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am