ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀՕՄ) (Armenian Relief Society), կանանց անկախ բարեգործական կազմակերպություն: ՄԱԿ-ի ոչ կառավարական կազմակերպությունների հասարակական լրատվության դեպարտամենտի անդամ: 17 երկրներում ունի մասնաճյուղեր՝ ավելի քան 16 հզ. անդամով: Հիմնադրվել է 1910 թ., դաշնակցություն կուսակցության աչքի ընկնող գործիչ է, Ակնունու (Խ. Մալումյան) ջանքերով, ԱՄՆ-ի հայ կանանց տարբեր կազմակերպությունների միավորմամբ, «Դաշնակցության Կարմիր խաչի» մեջ: Առաջին համագումարում (1915 թ.) ներկայացված էր ԱՄՆ-ի և Կանադայի կազմակերպության 33 մասնաճյուղ: Երկրորդ համագումարում (1919 թ.), հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է պետական Կարմիր խաչ, որոշում է ընդունվել միավորվել նրա հետ, և վերանվանվել է «Հայաստանի Կարմիր խաչ», Հանրապետության անկումից հետո (1920 թ. նոյեմբեր) կազմակերպությունը կոչվել է Հայկական Կարմիր խաչ:

1915 թվականից կազմակերպել է բազմակողմանի օգնություն (ապահովել բնակարանով, աշխատանքով, հիմնել հիվանդանոցներ, որբանոցներ, ծերանոցներ, կազմակերպել անվճար սնունդ) տարբեր երկրներում ապաստանած գաղթական հայերին: 1920-ական թթ. մեծ աշխատանք է ծավալել տարբեր երկրներում հայ համայնքների ազգային-մշակութային կյանքի կազմակերպման ուղղությամբ: Կազմակերպության ամերիկյան կենտրոնի շուրջը միավորվել են Ֆրանսիայի, Հունաստանի, Իրաքի, Եգիպտոսի. Բուլղարիայի, Իրանի, Ռումինիայի, Սիրիայի, Լիբանանի մասնաճյուղերը: Կազմակերպության միջոցներով ստեղծվել են հայկական դպրոցներ, հոգևոր ճեմարաններ, առողջապահ, կենտրոններ ևն: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-45 թթ.) մասնաճյուղերը համագործակցել են միջազգային Կարմիր խաչի հետ: 1946 թվականից կազմակերպությունը վերանվանվել է ՀՕՄ:

1960-ական թթ-ից սկսած, սփյուռքի սոցիալ-տնտեսական ինքնահաստատման պայմաններում, ՀՕՄ-ի հիմնական գործը հայկական հանրակրթական և մեկօրյա դպրոցների ստեղծումն է. 1980-ական թթ. կեսին տարբեր երկրներում մասնակցել է հայկական շուրջ 90 միջնակարգ դպրոցների ֆինանսավորմանը, հովանավորել ավելի քան 70 մեկօրյա դպրոցների: ՀՕՄ-ը ամեն տարի 3 հզ. կրթաթոշակ է տալիս հայ ուսանողներին ու աշակերտներին: Միության պաշտոնաթերթն է «Հայ սիրտը»: ՀՕՄ-ը օգնություն է ցուցաբերում 1988 թ. դեկտեմբերյան երկրաշարժից տուժած Հայաստանին: 1990 թվականից կազմակերպել է իր մասնաճյուղերը նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, աշխատանք ծավալել Արցախի համար մարտնչող ազատամարտիկների բուժման, օգնության ուղղությամբ:

Է. Մելքոնյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am