Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Հայաստան. ցեղասպանություն, տեղահանություն, աքսոր փաստաթղթերի ժողովածու

«ՀԱՅԱՍՏԱՆ:ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ: ԱՔՍՈՐ» (“Armenien. Völkemord. Vertreibung. Exil”), փաստաթղթերի ժողովածու. հրատարակել է «Սպառնալիքի տակ գտնվող ժողովուրդների պաշտպանության ընկերությունը» 1987-ին, Վիեննա-Գյոթինգենում, գերմաներեն: Խմբագիրներ` Թ. Հոֆման, Ժ. Քոչարյան: Ժողովածուն բովանդակում է ցեղասպանության խնդրին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նրանում ընդգրկված են գիտական ու հրապարակախոսական հոդվածներ, հատվածներ հուշագրություններից, փաստաթղթեր, որոնք մերկացնում են ինչպես երիտթուրք. կառավարության հանցագործությունները հայ ժողովրդի նկատմամբ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, այնպես էլ շարունակվող ազգային-մշակութային ցեղասպանությունը հայ մշակութային ժառանգության նկատմամբ ժամանակակից Թուրքիայի տարածքում: Ժողովածուն կազմողները խստագույնս հանդես են գալիս թուրք պատմաբանների ու պաշտոնաթերթերի կողմից ցեղասպանության մասին ճշմարտության կեղծարարության դեմ: Ժողովածուում բերվում են վկայություններ (Ա. Վեգներ, Գ. Պալաքյան), որոնք երիտթուրքական կառավարությանը մեղադրում են մի ամբողջ ժողովրդի բնաջնջման մեջ, գերմանացի ս-դ-ներ Կ. Լիբկնեխտի և Ռ. Լյուքսեմբուրգի ելույթները ի պաշտպանություն հայերի, պաշտոնական փաստաթղթեր: Հեղինակների առաջ քաշած խնդիրների մեջ առանձնանում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության դաշնակից կայզերական Գերմանիայի` հայերի ցեղասպանությանը մեղսակցության աստիճանի հարցը:

Գրքում լուսաբանվում է հայերի ներկա կացությունը Մերձակա ու Միջին Արևելքի երկրներում, հատկապես Թուրքիայում, բերվում են ժամանակակից Թուրքիայում հայերի խտրականության, Արևմտյան Հայաստանում ճարտարապետական հուշարձանների ոչնչացման կոնկրետ օրինակներ:
Այստեղ հրապարակված են ցեղասպանության սարսափները պատկերող մեծ քանակությամբ լուսանկարչական վավերագրեր: 
Հրատարակված լինելով «…ժողովուդների պաշտպանության ընկերության» իրավապաշտպան կազմակերպության կողմից` ժողովածուն բազմաթիվ փաստագրական նյութեր է պարունակում այդ ընկերության` Հայաստանի գծով համաձայնեցնող խմբի գործունեության վերաբերյալ, որը հանդես է գալիս հայերի իրավունքների պաշտպանությամբ ԳՖՀ-ում, Թուրքիայում, պահանջում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչում:
Ժողովածուի հեղինակներ են նաև գրողներ, գիտնականներ, հրապարակախոսներ, այդ թվում` Հայաստանից (Ս. Ստեփանյան, Վ. Դավթյան, Ս. Խանզադյան):
 
Ա. Մանուչարյան
 
Գրականության ցանկ
 
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:
 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am