Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ASALA)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ (ՀԱՀԳԲ, անգլերեն անվանումը՝ Armenian Secreէ Army for էhe Liberaէion of Armenia, ASALA), ռազմա-քաղաքական ընդհատակյա կազմակերպություն: Ստեղծվել է 1975 թ.: Նպատակն է ահաբեկչական և ռազմական գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի վրա, թուրքական պետությանը ստիպել ճանաչելու 1915-23 թթ. ցեղասպանությունը և բռնագրավված Արևմտյան Հայաստանը վերադարձնել նրա իսկական տիրոջը՝ հայ ժողովրդին: ՀԱՀԳԲ ռազմական և ահաբեկչական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրքական դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, դեսպանատների, հյուպատոսարանների, «Թուրքական օդային գծեր» ընկերության գրասենյակների, ինչպես նաև օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը: ՀԱՀԳԲ-ի դրամական միջոցները գոյանում էին մեծահարուստների նվիրատվություններից: ՀԱՀԳԲ իրեն թշնամի է համարել ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և բոլոր այն պետություններին, որոնք զորավիգ են Թուրքիային, և բարեկամ՝ բոլոր հեղափոխական շարժումներին, սերտորեն գործակցել է քրդական և արաբական դեմոկրատական ու հեղափոխական շարժումների հետ: ՀԱՀԳԲ գտնում էր, որ Խորհրդային Հայաստանը չպետք է միջամուխ լինի սփյուռքի պահանջատիրական խնդրին, Թուրքիայից ազատագրված տարածքի անկախացումը կամ միացումը պետք է լուծվի համաձայն ժողովրդի ցանկության: ՀԱՀԳԲ իր հոգևոր հայր է համարել Գուրգեն Յանիկյանին, բարձր գնահատել հայ ագգային-ազատագրական շարժման գործիչներին:

Կազմակերպությունը ահաբեկչական գործողությամբ աոաջին անգամ հանդես է եկել 1975 թ. հունվարի 20-ին՝ ռմբակոծելով «Եկեղեցիների համաշխարհային միության» կենտրոնատեղին Բեյրութում՝ նրան ամբաստանելով իբրև Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտեի (ԱՆՉԱ) գործակցի: ՀԱՀԳԲ ասպարեզ գալը ժողովրդի զայրույթի պոռթկում էր ոչ միայն Մեծ եղեռնի և Հայկական հարցում օտար պետությունների հանցավոր լռության դեմ, այլև ըմբոստություն հայ քաղաքական կառույցների անգործության հանդեպ: Այդ պատճառով հայ քաղաքական կազմակերպությունները վերապահությամբ ընդունեցին ՀԱՀԳԲ-ին: 1970-ական թթ. 2-րդ կեսին և 1980-ական թթ. սկզբին ՀԱՀԳԲ վայելում էր Միջին Արևելքի երկրների և այլուր բնակվող սփյուռքահայ երիտասարդների մեծ մասի համակրանքը:

1973-84 թթ. աշխարհի տարբեր վայրերում ահաբեկչական գործողություններից սպանվել են 41 թուրք դիվանագետ ու այլ պաշտոնյա, գործողությունների մեծ մասի պատասխանատվությունն ստանձնել է ՀԱՀԳԲ: 1975-79 թթ. կազմակերպությունը ահաբեկչական գործողություններ է կատարել Թուրքիայի Անկարա, Ստամբուլ, Իզմիր քաղաքներում, Փարիզի թուրքական օդանավային ընկերության գրասենյակում, Փարիզի Օռլի օդանավակայանում, Բեյրութի թուրքական դեսպանատանը: Դրանք իրականացրել կամ փորձել են իրականացնել Հակոբ Տարագճյանը (մահացել է քաղցկեղից), Ալեք Ենիքոմուշյանն ու Սյուզի Մահսերեջյանը (վիրավորվել են Ժնևի հյուրանոցներից մեկում՝ ռումբ փորձարկելիս), Մարտիրոս Ժամկոչյանը (Ժնևում թուրքական դեսպանին սպանելու մեղադրանքով 1981 թ. դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, ազատ է արձակվել 1991 թ.), Վազգեն Սիսլյանը, Գևորգ Գյուզելյանը, Արամ Բասմաջյանը, Հակոբ Ջուլֆայանը (1981 թ. իրագործել են «Վան» գործողությունը՝ Փարիզում 16 ժամ գրաված պահելով թուրքական հյուպատոսարանը, դատապարտվել են 7 տարվա ազատազրկման, Արամ Բասմաջյանը բանտում ինքնասպան է եղել անհայտ պայմաններում, մյուսները ազատվել են 1986 թ.), Փիեռ Գյուլումյանը (1982 թ. Փարիզում մահացել է պայթուցիկ պատրաստելիս), Զոհրապ Սարգիսյանը (զոհվել է 1982 թ., Անկարայի օդանավակայանում, «Կարին» գործողության ժամանակ), Լևոն Էքմեքչյանը (թուրքերը վիրավոր ձերբակալել են «Կարին» գործողության ժամանակ և 1983 թ. մահապատժի ենթարկել), Աբրահամ Թովմասյանը (1983 թ. դատապարտվել է 30-ամսյա բանտարկության), Մկրտիչ Մատարյանը (զոհվել է 1983 թ., Ստամբուլում, «Հակոբ Հակոբյան» գործողության ժամանակ), Վարուժան Կարապետյանը, Սիմոն Նայիրյանը (Սոներ Նայիր), Հովհաննես Սեմերջյանը (դատապարտվել են տարբեր տարիների բանտարկության՝ Փարիզի Օռլի օդանավակայանում 1983 թ. ռումբ պայթեցնելու համար, Հ. Սեմերջյանը ազատ է արձակվել 1990 թ., Ս. Նայիրյանը 1994 թ.), Զավեն Պետրոսյանը (1983 թ. Լոնդոնում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, ազատվել հինգուկես տարի հետո), Նշան Դանիելյանը (1983 թ. ձերբակալվել է Բեյրութում, ազատվել 1986 թ.), Սուրիկ Գրիգորյանը (զոհվել է 1984 թ. Թեհրանում՝ հակաթուրքական գործողության ժամանակ), Եղիա Քեշիշյանը և Զավեն Աբեթյանը (1981 թ. գնդակահարվել են իրանական բանտում), Վարդան Շիրվանյանը (1985 թ. գնդակահարվել է իրանական բանտում): 1980-ական թթ. սկզբին Իսրայել, բանակի՝ Լիբանան ներխուժելու, Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավարներից Աբու Այադի (Սալահ Խալաֆ) կողմից ՀԱՀԳԲ բազմաթիվ գաղտնիքները ֆրանսիական և արևմտաեվրոպական այլ գաղտնի ծառայություններին մատնելու, ԱՄՆ-ի Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի ջանքերի, մատնությունների, թուրքական պետական մամինների պատասխան քայլերի հետևանքով ՀԱՀԳԲ կրել է ծանր կորուստներ, զոհվել են ՀԱՀԳԲ անդամներ և համակիրներ Նուբար Յալիմյանը (Հոլանդիայում), Գառնիկ Վահրադյանը (Աթենքում), Մինաս Սիմոնյանը (Բեյրութում), Վիգեն Այվազյանը և Խաչիկ Հավարյանը (Լիբանանում), Հայկական ժողովրդային շարժման (ՀԺՇ) հիմնադիրներից Կարապետ Փաշապեզյանը և ուրիշներ:

1984 թվականից մինչև 1991 թ. դեկտեմբերի 19-ը, երբ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մահափորձի ենթարկվեց թուրքական դեսպանատան զինվորական կցորդը, ՀԱՀԳԲ հակաթուրքական որևէ զինված գործողություն չի ստանձնել: Ժամանակ առ ժամանակ ՀԱՀԳԲ հաղորդագրություններ է հրապարակում՝ արտահայտելով իր կարծիքը հայ հասարակայնությանը հուզող հարցերի շուրջ: 1988-ից, ԼՂԻՄ-ի հարցում, ՀԱՀԳԲ հաստատակամորեն կանգնած է խորհրդային կառավարության նկատմամբ պահանջատերի դիրքերում:

1991 թ. ՀԱՀԳԲ հրապարակել է իր վերամշակված ծրագիրը, որտեղ զորակցություն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը՝ առանց փոփոխության ենթարկելու իր ռազմավարական նպատակները:

ՀԱՀԳԲ պաշտոնաթերթ «Հայաստանը» (1980-87 թթ., 1991 թվականից) հրատարակվել է հինգ լեզուներով՝ հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, 1991 թվականից միայն հայերեն՝ «Կեցցե իրավազրկված ժողովուրդների հեղափոխական միասնությունը» և «Զինյալ պայքար ու քաղաքական ճիշտ գիծը ուղին են Հայաստանի» նշանաբաններով:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am