Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Հայաստանի կոմունիստական կուսակցություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, կոմունիստ հայերի կազմակերպություն, որը ձևավորվել է արտերկրայնության սկզբունքով՝ Արևմտյան Հայաստանում հեղափոխական աշխատանք տանելու նպատակով: Հատուկ Արևմտյան Հայաստանի համար կոմունիստական կուսակցություն ստեղծելու գաղափարը պատկանում էր Թիֆլիսում աշխատող կոմունիստ հայերին, որոնք մեծ մասամբ Արևմտյան Հայաստանից էին (Գ. Հայկունի, Հ. Հովսեփյան, Վ. Երեմյան, Մ. Սահակյան և ուրիշներ): Հայաստանի կոմունիստական կուսակցություն ստեղծելու աշխատանքն սկսվել է 1917 թ. նոյեմբերից: Կազմվել է կազմկոմիտե՝ 9 անդամով: Կոմիտեի ներկայացուցիչ Գ. Հայկունին մեկնել է Պետրոգրադ, ուր հանդիպել է Հայկական գործերի կոմիսարիատի ղեկավարների՝ Վ. Ավանեսովի և Վ. Տերյանի հետ, ՌԿ(բ)Կ ԿԿ-ին ներկայացրել զեկուցագիր Արևմտյան Հայաստանում աշխատանք տանելու նպատակով կոմունիստ խմբեր ստեղծելու համար: Նախաձեռնությունը հավանության է արժանացել, ՌԿ(բ)Կ ԿԿ կազմկոմիտեն դրամական օգնություն է տվել: 1918 թ. հունվար-փետրվարին կազմկոմիտեն Թիֆլիսում անցկացրել է կոմունիստ հայերի մի քանի ժողով, որոնցում քննարկվել են ստեղծվող կազմակերպության խնդիրները, կազմվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության ԿԿ: 1918 թ. մարտին սկսել է հրատարակվել կուսակցության «Կարմիր օրեր» պաշտոնաթերթը, որին ապրիլից փոխարինել է «Կարմիր դրոշակ» թերթը: «Կարմիր օրերի» առաջին համարում հրապարակվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության հռչակագիրը, ուր տրված էին նորաստեղծ կազմակերպության նպատակներն ու խնդիրները: Հռչակագրում, մասնավորապես, շարադրված էին Հայաստանի նկատմամբ Խորհրդային Ռուսաստանի վարելիք քաղաքականության հիմնական սկզբունքները՝ Դեկրետ «Թուրքահայաստանի մասին» փաստաթղթի հիմունքներով: Ըստ էության Հայաստանի կոմունիստական կուսակցության խնդիրները հանգում էին Արևմտյան Հայաստանում կազմակերպական և գաղափարական անհրաժեշտ աշխատանք տանելուն՝ դեկրետն իրագործելու նպատակով: Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամներն ուղարկվել են Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներ, որտեղ դեռևս գտնվում էին ռուսական զորքերը, սկսվել է «Հայկական սոցիալիստական կարմիր բանակի» զորամասեր ստեղծելու համար կամավորների ցուցակագրումը, զգալիորեն ավելացել է Հայաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթի տպաքանակը: Սակայն իր հիմնական նպատակը՝ Արևմտյան Հայաստանում հեղափոխական աշխատանք տանելը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը չկարողացավ իրագործել: Առաջին աշխարհամարտի ժամանակ Արևմտյան Հայաստանի գրաված մասերից ռուսական զորքերի հեռանալը ի չիք դարձրեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետի իրագործումը և Արևմտյան Հայաստանում Հայաստանի կոմունիստական կուսակցության գործունեության ծավալումը: Ավելին, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հարկադրված հեռացավ Այսրկովկասից: 1918 թ. մայիսին Այսրկովկասում անկախ պետություններ առաջանալուց հետո Վրաստանի կառավարությունն արգելեց «Կարմիր դրոշակի» հրատարակումը և ձերբակալեց աշխատակիցներին, որոնք մտնում էին Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարության մեջ: Հայաստանի կոմունիստական կուսակցության ԿԿ հարկադրված անցավ Հյուսիսային Կովկաս, իսկ 1919 թ. սկզբին՝ Մոսկվա: ԿԿ անդամների հիմնական մասն աշխատեց Հայկական գործերի կոմիսարիատում: 1919 թ. մայիսին Մոսկվայամ վերսկսվեց «Կարմիր դրոշակի» հրատարակումը: Հայաստանի կոմունիստական կուսակցության ԿԿ պահպանեց կապը իր կոմունիստների հետ, որոնք աշխատում էին Ռուսաստանի տարբեր քաղաքներում և, միաժամանակ, մտնում էին ՌԿ(բ)Կ տեղական կազմակերպությունների մեջ:

Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Գ. Հայկունին մասնակցել է Կոմունիստական ինտերնացիոնալի առաջին կոնգրեսին (1919 թ. մարտ), ստորագրել դրա ընդունած Մանիֆեստը, կոնգրեսին է ներկայացրել գրավոր զեկուցում Հայաստանի կոմունիստական կուսակցության գործունեության, Հայաստանի և Այսրկովկասի իրադրության մասին: 1919 թ. Գ. Հայկունին և Վ. Տերյանն ընտրվել են ՌԿ(բ)Կ VIII համագումարի պատվիրակ Հայաստանի կոմունիստական կուսակցության կողմից:

Հայաստանի Հանրապետության (1918-20 թթ.) անկումից հետո Հայաստանի կոմունիստական կուսակցության շատ գործիչներ տեղափոխվել են Խորհրդային Հայաստան, զբաղեցրել պատասխանատու պաշտոններ, նրանց մեծ մասը հալածվել է 1930-ական թթ.: Ըստ տարբեր աղբյուրների, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ունեցել է 100-ից մինչև 1500 անդամ:

Կ. Խուդավերդյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am