ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆԴԱՏ 1920: Ազգերի լիգայի սահմանած վարչական կառավարման համակարգ, որը պետք է տարածվեր նաև Հայաստանի վրա։ 1914-18թթ-ի համաշխարհային պատերազմում, Գերմանիայի և Օսմանյան կայսրության պարտությունից հետո, առաջ եկավ պարտված երկրների գաղութների և ենթակա ժողովուրդների հարցը։ Փարիզի հաշտության կոնֆերանսի առաջին որոշումներից էր Գերմանիային զրկել գաղութներից։ Բանաձևում նաև ասվում էր, որ դաշնակիցներն ու նրանց հետ կապված երկրները համաձայն են, որպեսզի Հայաստանը, Սիրիան, Միջագետքը, Պաղեստինը և Արաբիան լիովին բաժանվեն Օսմանյան կայսրությունից, ընդսմին մատնանշվում էր, որ թուրքերը իրագործել են հայերի և այլ ենթակա ժողովուրդների սարսափելի կոտորած:

Աֆրիկայի և խաղաղօվկիանոսյան կղզիների թույլ զարգացած գերմանական գաղութները, համարվելով ինքնակառավարման անընդունակ տարածքներ, կարիք ունեին եվրոպական երկրների երկարամյան ղեկավարության։ Մյուս կողմից Օսմանյան կայսրության որոշ ժողովուրդներ, ինչպես հայերն ու արաբները, զարգացման այն աստիճանի էին հասել, որ նրանց օգնությունը՝ որպես անկախ ազգերի, կարող էր իրականացվել նրանց նկատմամբ մանդատ ընդունած երկրների օգնությամբ՝ մինչև որ նրանք կկարողանային գոյություն ունենալ ինքնուրույնաբար։ Դաշնակից տերությունները գտնում էին, որ Հայկական մանդատը կարող է ընդունել ԱՄՆ-ն։

ԱՄՆ-ն Հայաստանով ու հայերով սկսել է հետաքրքրվել 19-րդ դարի 1894-96թթ-ի և, հատկապես, 1915թ-ի կոտորածներից հետո, ԱՄՆ-ն մեծապես օգնեց վերապրած հայերին։ 1917թ-ին ԱՄՆի պետական դեպարտամենտը առանձնացրեց մարդկանց մի խումբ՝ խաղաղություն հաստատելու համար հանձնարարականներ մշակելու նպատակով։  Իր զեկուցագրում խումբը խորհուրդ էր տալիս Օսմանյան կայսրության ենթակա ժողովուրդներին ազատել հալածանքներից և վատ կառավարումից դա առնվազն ենթադրում էր ինքնավարություն հայերի համար և խնամակալություն քաղաքակիրթ ազգերի կողմից Պաղեստինի, Սիրիայի, Միջագետքի և Արաբիայի նկատմամբ։ Խմբի հանձնարարականները իրենց արտահայտությունը գտան նախագահ Վ Վիլսոնի (1918թ-ի հունվար) խաղաղության հայտնի 14 կետերում և ամերիկյան պատվիրակությանը տրված նախնական դիրեկտիվներում (սեպտեմբեր), որտեղ նշվում էր, որ Հայաստանն ու Սիրիան պետք է գտնվեն այնպիսի պետության խնամակալության տակ, որը հարմար կլիներ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային տեսակետից և կերաշխավորեր նրանց «շուտափույթ ինքնավարություն տալը»։ 1919թ-ի սկզբին, Փարիզ ժամանելով, ամերիյան պատվիրակությունը ստացավ իր մասնագետ խորհրդականների հանձնարարականը այն մասին, որ հայական պետությունը պետք է տարածվի Կիլիկիայից, Անտիտավրոսի և Տավրոսի լեռներից մինչև սևծովյան ափերը՝ Տրապիզոնի երկայնքով, Կարսի և Երևանի հայկական արևելյան նահանգները և շրջակա բարձունքները հյուսիսում և արևելքում։ Հայկական պետությունը պետք է օգտվեր մանդատը ստանձնած տերության պաշտպանությունից՝ Ազգերի լիգայի հսկողության ներքո։ 

ԱՄՆ-ի կոնգրեսը կարող էր թույլատրել մանդատը առաջին համաշխարհային պատերազմի վերջում՝ երկրում ուժեղ հայամետ տրամադրությունների ազդեցության տակ, բայց նախագահ Վելսոնը փոքր-ինչ հետաձգեց որոշումը՝ մինչև մանդատի վարչության մանրամասների համաձայնեցումը և Ազգերի լիգայի մասին պայմանագրի մեջ մտցնելը։ Վիլսոնի անվճռականության վրա ազդեց նաև սենատի հանրապետական մեծամասնության բացասական վերաբերմունքը մանդատի նկատմամբ։

1919թ-ին ամերիյան երկու հանձնաժողովներ ուղարկվեցին Մերավոր Արևելք՝ հանձնարարականներ մշակելու այդ աշխարհաշրջանի գործերի մեջ ԱՄՆ-ի ներքաշվելու նպատակահարմարության վերաբերյալ։ Քինգ-Քրեյնի հանձնաժողովը Կ Պոլսում, Պաղեստինում, Սիրիայում և Կիլիկիայում հանդիպումներ ունեցավ թուրք, հայ, արաբ, հրեա ներկայացուցիչների հետ։ Հանձնաժողովը խորհուրդ տվեց առաջին հերթին ստեղծել հայկական առանձին պետություն՝ ներառյալ Կիլիկիան նա գտնում էր, որ Հայաստանի մանդատն ընդունող պետությունը պետք է ընդունի նաև Անատոլիայի և ԿՊոլսի մանդատը, որը կհեշտացներ հայրենադարձությունը, բնակչության փոխանակումը, Թուրքիայի հետ պետական պարտքի և տնեսական զարգացման կարգավորումը։ ԱՄՆ-ն միակ տերությունն էր՝ անհրաժեշտ նյութական ու բարոյական պաշարներով, որն ի վիճակի էր ստանձնել այդ պարտավորությունները։ Ամերիկյան զինվորական առաքելությունը գեն Ջ Հարբորդի գլխավորությամբ 1919թ-ի աշնանը ուղևորություն ձեռնարկեց Կիլիկիա, Անատոլիա և Հայաստանի Հանրապետություն։ Նա հարուստ նյութեր հավաքեց այդ աշխարհաշրջանի պաշարների ու հնարավորությունների վերաբերյալ և կրկնեց միևնույն փաստարկները՝ հօգուտ Հայկական մանդատի։ Հարբորտի առաքելության նյութերը ներկայացվեցին պրեզիդենտ Վ Վիլսոնին՝ մանդատը ստանձնելու թեր և դեմ փաստարկներով։

1919թ-ի նոյեմբերին, Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Հ Մորգենթաուն ()  պաշտոնական առաջարկ ներկայացրեց Հայաստանի նկատմամբ եռակի մանդատի վերաբերյալ, որի նպատակն էր Թուրքիայի կողմից հայերի հետագա կոտորածի կանխումը։ Ամերիկյան շատ միսիոներներ և պաշտոնատար անձինք պաշտպանեցին այդ ծրագիրը, բայց այն վճռաբար մերժեցին Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեն և բոլոր հայերը։ Նրանք պնդում էին, որ Թուրքիայի հետ կապի որևէ ձև կնշանակեր բարենորոգումների ևս մի ծրագիր, որոնք բոլորն էլ ավարտվել են հայերի արյունահեղությամբ։ Նրանք պահանջում էին Հայաստանին ցուցաբերել ռազմական ու տնտեսական օգնություն, որը հնարավոր կդարձներ Արևմտյան Հայաստանի հետգրավումը։

Հայաստանի մանդատի ընդունման հնարավորությունը գնալով նվազում էր Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի հետաձգման համեմատ։ Սենատը շարունակում էր հրաժարվել վավերացնել Գերմանիայի հետ հաշտության պայմանագիրը, որն ընդգրկում էր նաև Ազգերի լիգայի մասին պայմանագիրը։ Նույն ժամանակ եվրոպական տերությունները 1920թ-ի փետրվար-ապրիլին, թուրքական հաշտության պայմանագրի վերաբերյալ Լոնդոնի և Սան Ռեմոյի կոնֆերանսներում, խիստ նվազեցրին ենթադրյալ հայկական պետության չափերը։ Կիլիկիան և արևմտյան երեք հայկական նահանգները (Սեբաստիա, Խարբերդ, Դիարբեքիր  դուրս մնացին այդ պետության սահմաններից։ Ոչինչ չարվեց նաև Հայաստանին անհրաժեշտ ռազմական և տնտեսական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանը կարողանար գրավել Սևրի հաշտության պայմանագրով վերջնականապես նրան տրված շրջանները։

Հակառակ կոնգրեսում իր կողմնակիցների խորհուրդներին ու փաստարկներին, պրեզիդենտ ՎՎիլսոնը սենատից խնդրեց Հայաստանի մանդատն ընդունելու թույլտվություն։ Հայաստանի բարեկամները զգուշացնում էին, որ սենատի մերժումը թուրք ազգայնականներին կխրախուսեր հակահայկական գործողությունների՝ առանց վախենալու ամերիկյան միջամտությունից։ 1920թ-ի հունիսի 1-ին, սենատը մերժեց պրեզիդենտի առաջարկը և թաղեց մանդատի հարցը։

Հայաստանի մանդատը չընդունվեց դաշնակից տերությունների քաղաքական խաղերի և ԱՄՆ-ում օրավուր ուժեղացող եվրոպական գործերին չխառնվելու (իզոլյացիոնիզմ) տրամադրությունների պատճառով։ Թուրքերը ոչ միայն հիմնավորապես հաստատվեցին Արևմտյան Հայաստանում, այլև շուտով ներխուժեցին Հայաստանի Հանրապետություն և գրավեցին Արևելյան Հայաստանի կեսը։

 

Ռ.Հովհաննիսյան (ԱՄՆ)

Գրականության ցանկ

Gidney J. B., A Mandate for Armenia, Kent, Ohio, 1976:

Hovannisian R. G." The Republice of Armenia",v 1-2,Berkeley-L.A.-L.,1971-1982

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am