Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Հայերի դրությունը Թուրքիայում մինչև տերությունների միջամտությունը 1895 թ.

«ՀԱՅԵՐԻ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ 1895 ԹՎԱԿԱՆԻՆ» ("Положение армян в Турции до вмешательства держав в 1895 году"), Օսմանյան կայսրության հայ բնակչության վիճակին (XIX դ. 2-րդ կես) նվիրված հայտնի գիտնականների և հասարակական գործիչների աշխատությունների ժողովածու: Հրատարակվել է 1896 թ., Մոսկվայում, ռուսերեն: Նախաբանը՝ պրոֆեսոր Լ. Ա. Կամարովսկու: Ժողովածուում հրապարակված է 1895 թ. հուլիսի 26-ին Չեստերի միտինգում Ու. Գլադստոնի արտասանած ճառը՝ Արևմտյան Հայաստանում իրադրության սրման, հայերի ջարդերի վերաբերյալ: «Հայաստանը, հայերն ու դաշնագրերը» աշխատության մեջ բելգիացի իրավաբան Գ. Ռոլեն-Ժեկմենը ընթերցողին ծանոթացնում է հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, վիճակագրական տվյալներ հաղորդում Արևմտյան Հայաստանի ազգային կազմի մասին, վերլուծում այնտեղ տիրող դրությունը՝ Փարիզի 1856 թ. դաշնագրից հետո կնքված դիվանագիտական վավերագրերի հիման վրա: Անգլիական հասարակական գործիչ, քահանա Մ. Մաքկոլը «Անգլիայի պատասխանատվությունը Հայաստանի առջև» աշխատության մեջ քննում է Օսմանյան կայսրության հայ բնակչության կացությունը, 1894-95 թթ. հայկական կոտորածների իրական պատճառները, լուսաբանում Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Հայկական հարցում: Ամերիկյան միսիոներ Ֆ. Դ. Գրինի «Հայկական ճգնաժամը և թուրքերի տիրապետությունը» ուսումնասիրությունը նվիրված է Սասունի 1894 թ. կոտորածների պատճառների վերլուծությանն ու դեպքերի նկարագրությանը, Հայկական հարցի լուծման հնարավոր ուղիներին: Իռլանդացի հայտնի գիտնական Է. Դիլոնի «Իրադրությունը Թուրքական Հայաստանում» հոդվածում լուսաբանվում են թուրքական իշխանությունների վերաբերմունքը քրիստոնյա փոքրամասնություններին, 1894-96 թթ. հայկական կոտորածները, վերլուծվում եվրոպական տերությունների դիրքորոշումը Հայկական հարցում: Ժողովածուում տեղ է գտել նաև հայ հրապարակախոս Գ. Ա. Ջանշյանի (Ջանշիև) նամակագրությունը (1894 թ.) պոլսեցի մի լրագրողի հետ՝ Օսմանյան կայսրությունում հայերի դրության մասին:

Ժողովածուն հետաքրքրությամբ ընդունվեց ռուս հասարակայնության կողմից, որը հնարավորություն ստացավ ծանոթանալ Հայկական հարցին նվիրված եվրոպական հեղինակների աշխատություններին:

Ա. Կիրակոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am