Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Հայկական բարենորոգումներ (1912-1914)

 ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐ 1912-1914, Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի հիման վրա (տե՛ս Բեռլինի կոնգրես 1878), Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործադրելու նպատակով ռուսական դիվանագիտության և հայ հասարակական շրջանների համատեղ ջանքերով պատրաստված միջոցառումների ծրագիր: 1912-13-ի Բալկանյան պատերազմները բարենպաստ պայմաններ ստեղծեցին Հայկական հարցի վերաբացման համար: Դրանում շահագրգռված էին հայերը, որոնց իրավազուրկ ու ճնշված վիճակը Արևմտյան Հայաստանում պահպանվում էր նաև համիդյան վարչակարգի տապալումից հետո՝ երիտթուրքերի տիրապետության օրոք (տե՛ս Երիտթուրքական հեղաշրջում 1908) և Եռյակ համաձայնության պետությունները (առաջին հերթին՝ Ռուսաստանը), որոնք ընդդիմանում էին Գերմանիայի տնտեսական և քաղաքական ներթափանցմանը Օսմանյան կայսրություն: Ռուսական դիվանագիտության խրախուսանքով Գևորգ Ե Տփղիսեցի կաթողիկոսը 1912-ի հոկտեմբորի 2-ին Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովի միջոցով դիմեց ցարական կառավարությանը՝ խնդրելով միջամտել ու աջակցել Արմ. Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին արծարծելու համար: Միաժամանակ նա հատուկ կոնդակով Պողոս Նուբար փաշային լիազորեց պաշտպանել Հայ դատը եվրոպական մյուս պետությունների մոտ: Ռուսական կառավարությունը տերություններին ներկայացրեց հայկական բարենորոգումների իր նախագիծը, որը քննարկվեց Կ. Պոլսի դեսպանաժողովում, 1913-ի հուլիսի 3-24-ը:

Նախագիծը, որ կազմել էր ռուսական դեսպանության առաջին թարգման Ա. Մանդելշտամը 1895-ի մայիսյան ծրագրի (տե՛ս «Մայիսյան բարենորոգումներ» 1895) և Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի կազմած նախագծի հիման վրա, առաջարկում էր հայկական վեց վիլայեթներից [Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա (Ավազ)] ստեղծել մի նահանգ: Ընդհանուր նահանգապետը պետք է լիներ քրիստոնյա օսմանյան հպատակ կամ, որ ավելի գերադասելի էր, եվրոպացի, որը նշանակվելու էր 5 տարի ժամկետով, մեծ տերությունների համաձայնությամբ: Նրան էր պատկանելու նահանգի ամբողջ գործադիր իշխանությունը, բոլոր վարչական պաշտոնյաներին (նաև դատավորներին) նշանակելու և արձակելու իրավունքը: Ոստիկանությունը և ժանդարմերիան ենթարկվելու էին նահանգապետին, հարկ եղած դեպքում նրա տրամադրության տակ էր դրվելու նաև զորքը: Ընդհանուր նահանգապետին առընթեր գործելու էին Վարչական խորհուրդ և վեց խորհրդականներ (3 մահմեդական և 3 քրիստոնյա)՝ ընտրված նահանգական ժողովից, որտեղ մահմեդականներն ու քրիստոնյաները ունենալու էին հավասար տեղեր: Այս սկզբունքը պահպանվելու էր նաև նահանգի բոլոր պաշտոնների բաշխման ժամանակ, ներառյալ դատավորները, ոստիկանությունը և ժանդարմերիան: Օրենքները, հրամաններն ու որոշումները պետք է հրապարակվեին երեք հիմնական լեզուներով (թուրքերեն, հայերեն, քրդերեն): Յուրաքանչյուր ազգություն իրավունք ուներ հիմնել իր մասնավոր դպրոցները (մայրենի լեզվով) և կառավարել դրանք: Անձեռնմխելի էին համարվում 1860-ի Ազգային սահմանադրությամբ հայերին տրված իրավունքներն ու արտոնությունները: Նախատեսվում էր նաև արձակել քրդական «համիդիե» հեծելագնդերը, վերադարձնել հայերից խլած հողերը կամ դրանց համարժեքը (դրամով), ինչպես նաև արգելել մուհաջիրների (Բալկաններից գաղթած մահմեդականներ) բնակեցումը Հայկական նահանգում: Տերությունները պետք է հետևեին որոշումների կատարմանը:

Անգլիան և Ֆրանսիան հիմնականում համաձայն էին ռուսական ծրագրին, իսկ Եռյակ միության պետությունները, հատկապես Գերմանիան, վճռականորեն ընդդիմացան ռուսական նախագծի հիմնական դրույթներին (միասնական Հայկական նահանգի ստեղծում, ընդհանուր նահանգապետի նշանակում տերությունների համաձայնությամբ, նահանգական ժողովում և պաշտոնների բաշխման ժանամակ հավասարության սկզբունքի կիրառում և այլն)՝ առաջարկելով քննարկման հիմք ընդունել բարենորոգումների թուրքական ծրագիրը, որը պահպանում Էր վիլայեթների կազմակերպման նախկին ձևը և ըստ ամենայնի խուսափում օտարերկրյա հսկողությունից: Այսպիսով բարենորոգումների հարցի շուրջ ստեղծվեց դիվանագիտական քաշքշուկ, որի ընթացքում Ռուսաստանը գերմանական խմբավորման ճնշման տակ և իր «դաշնակիցների» կրավորականության պայմաններում սկսեց տեղի տալ: Ի վերջո Ռուսաստանին հաջողվեց Թուրքիային պարտադրել Հայաստանի բարենորոգումների վերաբերյալ մի համաձայնագիր, որով Արմ. Հայաստանը բաժանվում էր երկու հատվածների (Էրզրում, Տրապիզոն, Սեբաստիա և Վան, Բիթլիս, Խարբերդ. Դիարբեքիր), որոնց կառավարումը հանձնվում էր երկու օտարերկրյա ընդհանուր տեսուչների՝ նշանակված մեծ տերությունների հավանությամբ: Համաձայնագիրը անբավարար էր և հայերին չէր տալիս ինքնավարական այն լայն իրավունքները, որոնք նախատեսված էին ռուսական ծրագրում, սակայն նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ապագա ազատագրման համար: Պետությունների հանձնարարած երկու Ընդհանուր տեսուչները՝ Վեստենենկը (Հոլանդիա) և Հոֆը (Նորվեգիա), չհասցրին անցնել իրենց պարտականությունների կատարմանը: Օգտվելով սկսված աոաջին համաշխ. պատերազմից՝ երիտթուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց համաձայնագիրը (տե՛ս նաև Ռուս-թուրքական համաձայնագիր 1914) .


Ջ. Թորոսյան

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.: 

 Lեո, «Հայոց հարցի վավերագրերը», Ե, 1915: 

«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», Ե. 1972, էջ 149-358: 

Сборник дипломатических документов. Реформы в Армении 26 ноября 1912 года-10 мая 1914 года. П.. 1915. 

Davison R. Н., ,,The Armenian Crisis 1912-1914, 

''The American Historical Review", 1948, v 3, No 3: 

Hovannisian R. G, ,,Armenia on the Road to Independence. 1918, L.A-L., 1974, p 30-39.

 

 

 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am