ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ: Հայ ժողովրդի քաղաքական պատմության, այն է՝ օտարների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում ինքնուրույն հայկական պետականության վերականգման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար մղված հայ ազգային-ազատագրական պայքարի հիմնահարցերի ամբողջություն: Հայկական հարցը, որի առաջացումը պայմանավորված էր հայկական պետականության անկումով, դարձել է Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը, կարևոր տեղ գրավել միջազգային հարաբերություններում, մեծ տերությունների մերձավորարևելյան քաղաքականության մեջ, Օսմանյան կայսրությունում ազդեցության ոլորտների և նրա տիրույթների բաժանման համար նրանց պայքարում: Հայկական  հարց տերմինը միջազգային դիվանագիտության մեջ սկսվել է գործածվել 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո:

XIX դ. 1-ին կեսին Մերձավոր Արևելքի ամենախոշոր պետությունը՝ Օսմանյան կայսրությունը, դարձել էր Եվրոպայի մեծ տերությունների մրցակցության առարկա: Առաջնորդվելով սեփական շահերով և չցանկանալով թույլ տալ մրցակիցների քաղաքական կամ տնտեսական առավելություն Օսմանյան կայսրությունում՝ տերություններից յուրաքանչյուրն իր ձգտումները քողարկում էր կայսրությանՄեծ եղեռն (հայերի տեղահանությունը) «ստատուս քվոյի» իմաստազուրկ սկզբունքով, ինչը ձեռնտու էր սուլթանական ինքնակալությանը նրա վարած ներքին հետադիմ քաղաքականության մեջ: Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների, այդ թվում՝  հայ ժողովրդի ծանր վիճակն օգտագործելով իբրև Բաց դռան (օսմանյան կառավարության) վրա ճնշում գործադրելու և նրա գործերին միջամտելու պատրվակ, մեծ տերությունները ոչ միայն չէին նպաստում ազգային փոքրամասնությունների դրության բարելավմանը, այլև ավելի էին վատթարացնում այն: Թուրք բազմադարյան լծից ազատվել ցանկացող քրիստոնյա բնակչության մեջ Բարձր դուռը վտանգ էր տեսնում իր բազմազգ և բազմակրոն կայսրության ապագայի համար: Օսմանյան կառավարությունը, ձգտելով կասեցնել կայսրության փլուզումը և երկիրը դուրս բերել ծայրահեղ հետամնացությունից, նաև Եվրոպայի աչքում բարեկիրթ երևալ, XIX դ. կեսին հրապարակեց բարենորոգումների ծրագիր, որը հռչակում էր բոլոր հպատակների կյանքի, գույքի ու պատվի անձեռնմխելիություն, մահմեդական և ոչ մահմեդական բնակչության հավասարություն, տնտեսական վերափոխումներ: Սակայն վերափոխումները կիսատ-պռատ էին և Էական փոփոխություններ չմտցրին կայսրության պետական և հասարակական կյանքում ու ճնշված ժողովուրդների վիճակի մեջ:
XIX դ. 60-ական թթ-ից նկատելիորեն ուժեղացավ հայ ազգային-ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում (ապստամբություններ Վանում և Զեյթունում 1862-ին, Մուշում' 1863-ին և այլն): 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով: Բալկանյան ճակատում ռուսական զորքերը մոտեցան Կ. Պոլսին, իսկ Կովկասյան ճակատի զորքերը գրավեցին համարյա ամբողջ Արևմտյան Հայաստանը: Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ վայրերում բնակվում էին ավելի քան 3 մլն հայեր, որոնք ենթարկվում էին ազգային, տնտեսական, քաղաքական և կրոնական ճնշման ու հալածանքների: Ռուս-թուրք պատերազմը, բալկանյան ժողովուրղների ազատագրական հաջող պայքարը նոր թափ հաղորղեցին հայ ազգային-ազատագրական շարժմանը՝ հանուն ազգային ազատագրության, Հայաստանի երկու մասերի միավորման Ռուսաստանի հովանավորության ներքո: Ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը, Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրղների «հովանավորի» նրա դիրքը օբյեկտիվորեն համընկնում էին թուրքական լծից հայ ժողովրդի ազատագրության կենսական շահերին :
 
  Զեյթունի ընդհանուր տեսարանը:Հայկական հարցն առաջին անգամ իր արտահայտությունը գտավ Սան Ստեֆանոյի պայմանագրում (1878), որի 16-րդ հոդվածով Բարձր դուռը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ վայրերում: 16-րդ հոդվածի առավելությունն այն էր, որ Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր, իսկ Արևմտյան Հայաստանի զգալի մասի միացումը Ռուսաստանին՝ հայերին ազգային համախմբության, տնտեսական և մշակութային զարգացման հնարավորություն էր տալիս: Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված պայմաններում. Ռուսաստանին հակադրվեց անգլո-ավստրիական ուժեղ դաշինքը: Մեծ Բրիտանիան և Ավստրո-Հունգարիան նախաձեռնեցին հրավիրել միջազգային նոր համաժողով, որի նպատակն էր խոչընդոտել Ռուսաստանին օգտվելու իր հաղթանակի պտուղներից: Բեռլինի կոնգրեսի (1878) հրավիրման նախօրեին Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Եվրոպա ուղարկվեց հայ ազգային պատվիրակությունը՝ հօգուտ Հայկական Հարցի լուծման բանակցություններ վարելու եվրոպական պետությունների կառավարությունների հետ:
Չստանալով իրական երաշխիքներ՝ հայ ազգային պատվիրակությունը, այնուամենայնիվ, մեկնեց Բեռլին, սակայն նրան չթույլատրվեց մասնակցել կոնգրեսի նիստերին: Բեռլինի կոնգրեսում Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման հետևանքով, արևմտաեվրոպական դիվանագիտությանը հաջողվեց Ռուսաստանին զրկել Հայկական Հարցում նրա ունեցած մենաշնորհից: Բեռլինի կոնգրեսի ընդունած 61-րդ հոդվածում նշվում էր, որ Բարձր դուռը պարտավոր է պարբերաբար տերություններին տեղեկացնել բարեփոխումների անցկացման միջոցառումների մասին, իսկ մեծ տերությունները պետք է հետևեն դրանց կենսագործմանը: Այդպիսով Հայկական Հարցը վերածվեց միջազգային հարաբերությունների առարկայի, ինչը Բաց դռանը չխանգարեց այն լուծել յուրովի: Բեռլինի կոնգրեսի որոշումով Արևմտյան Հայաստանի մեծ մասը մնաց թուրքական տիրապետության տակ, որը ճակատագրական դեր խաղաց Արևմտյան Հայաստանի բնակչության համար՝ նրանց դատապարտելով բնաջնջման:
   XIX դ. 70-ական թթ. վերջին - 80-ական թթ. սկզբին Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու պահանջով առավել գործուն հանդես էր գալիս Մեծ Բրիտանիան: Բրիտանական կառավարությունը ձգտում էր Հայկական Հարցի շահարկումով, Բաց դռան վրա մշտական ճնշում գործադրելու միջոցով նվաճել Կիպրոսն ու Եգիպտոսը:
Հասկանալով, թե ինչ դեր կարող է խաղալ Հայկական Հարցը տերությունների քաղաքականության մեջ, Աբդուլ Համիդ ll-ի կառավարությունը որոշեց վերջ տալ Հայկական հարցին՝ ուժեղացնելով հայ բնակչության հալածանքը (մահմեդական մոլեռանդության և հակահայկական տրամադրությունների բորբոքում, մշտական սպանություններ և թալան, տեղական իշխանությունների կամայականություն և անօրինություն, հայերի բռնի մահմե֊դականացման փորձեր, գրաքննության սաստկացում, քրդական անկանոն հեծելազորի ստեղծում և այլն), ինչը, ի վերջո, հանգեց հայ ժողովրդի բնաջնջման:
XIX դ 80-ական թթ վերջին - 90-ական թթ. սկզբին հայ ազգային-ազատագրական շարժման մեջ սկսվեց նոր փուլ, առաջացան հայկական քաղաքական կուսակցություններ (տե՛ս Արմենական կազմակերպություն, Հնչակյան կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն): Արևմտյան Հայաստանում ուժեղացավ զինված ազատագրական պայքարը (ապստամբություններ Զեյթունում՝ 1878, 1885- ին. Վանում՝ 1886-ին. Վասպուրականում, Սասունում, Ալաշկերտում և այլն):
Ի պատասխան Սասունի հայերի ելույթի (տե՛ս Սասունի ապստամբություն 1894) թուրքական իշխանությունները կազմակերպեցին այդ շրջանի հայերի կոտորած, որին զոհ գնաց շուրջ 10 հզ. մարդ: Եվրոպական տերությունների ճնշման տակ սուլթանի կառավարությունը հարկադրված հանձնաժողով ստեղծեց Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննելու Սասունի իրադարձությունները: 1895-ի ապրիլին անգլիական կառավարությունը մշակեց բարեփոխումների մի ծրագիր, որի համաձայն Արևմտյան Հայաստանին տրվում էր փաստորեն ինքնավարություն եվրոպական տերությունների հովանավորության ներքո: Բարեփոխումների անգլիական քաղաքականության գլխավոր նպատակը քրիստոնյաների իրավունքների պաշտպանության պատրվակով այդ տարածքները զավթելու հնավորությունից Ռուսաստանին զրկելն էր: Այն բանից հետո, երբ Ֆրանսիան և Ռուսաստանը միացան բարենորոգումների պահանջին, 1895-ի մայիսի 11-ին Բաց դռանը ներկայացվեց բարեփոխումների անգլիական ծրագրի փոփոխված տարբերակը (տե՛ս «Մայիսյան բարենորոգումներ» 1895). 1895-ի սեպտ. 17-ին հայերը Կ. Պոլսում խաղաղ ցույց արեցին բարեփոխումների իրագործումը ձգձգելու դեմ (տե՛ս Բաբը Ալիի ցույց 1895):
Ի պատասխան օսմանյան կառավարությունը մայրաքաղաքում կազմակերպեց հայերի կոտորած, որին զոհ գնաց 6 հզ. հայ: Հոկտեմբերի 15-ին Աբդուլ Համիդ ll-ը ընդունեց եվրոպական տերությունների դեսպաններին, որոնք, հանուն կայսրության ամբողջականության պահպանման, պահանջեցին հանգստացնել Եվրոպայի հասարակական միտքը, բավարարել հայերի պահանջները. բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում: Հոկտեմբերի 20-ին հայտարարելով շուտով բարենորոգումներ իրականացնելու մասին` սուլթանի կառավարությունը ոչ միայն չիրականացրեց դրանք, այլև, օգտվելով եվրոպական տերությունների միջև հակասություններից, կազմակերպեց Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի հայերի զանգվածային կոտորածներ: 1894-96-ի ընթացքում կոտորվեց ավելի քան 300 հզ. հայ (տե՛ս Հայկական կոտորածներ 1894-96): 
   Չնայած հայ քաղաքական կուսակցությունների ծրագրերի և գործունեության ձևերի միջև եղած տարբերություններին՝ նրանք միասնական էին Արևմտյան Հայաստանի ազատագրության, հայկական անկախ պետության ստեղծման հարցում: Բայց հայ կուսակցությունները այդպես Էլ չհամախմբվեցին ազգային այդ գաղափարի շուրջ, չմիացրին իրենց ուժերը ժողովրդական միասնական հզոր շարժում առաջացնելու համար, ինչպես վարվեցին կայսրության մյուս ճնշված ժողովուրդները: Անհաջողության մատնվեցին նաև ոչ թուրք ժոդովուրդների (մասնավորապես՝ քրդերի) հետ միասնական ճակատ ստեղծելու փորձերը: Ընդհակառակը, թուրք իշխանություններին հաջողվեց քրդական ցեղերին օգտագործել իրենց նպատակների համար, լարել հայերի դեմ:
XIX դ. վերջին - XX դ. սկզբին հայ ազատագրական շարժման վերելքը, այդ շարժումը բացառապես սուլթանի դեմ օգտագործելու ձգտումը ընդդիմադիր երիտթուրքական կուսակցությանը (տե՛ս «Միություն և առաջադիմություն») հանգեցրեց հայ կուսակցությունների հետ հարաբերություններ հաստատելու մտքին, թեև ազգային հարցում երիտթուրքերի և Աբդուլ Համիդ II-ի միջև սկզբունքային տարբերություններ չկային: Հայ կուսակցությունները, շարունակելով Արևմտյան Հայաստանի ազատագրության համար պայքարը, եռանդուն մասնակցություն ունեցան Աբդուլ Համիդ II-ի վարչակարգի դեմ ընդդիմադիր ուժերի միություն ստեղծելու գործին: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հայերի վիճակը չբարելավվեց, իսկ 1909-ի ապրիլին երիտթուրքերն իրագործեցին Ադանայի նահանգի հայերի կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 30 հզ. հայ (տե՛ս Ադանայի կոտորած 1909): 1912—14-ին, երբ բալկանյան ժոդովուրդների ազգային-ազատագրական պայքարի հետևանքով նոր հարված հասցվեց թուրք բռնատիրությանը, Հայկական Հարցը վերստին դարձավ մեծ տերությունների և Թուրքիայի միջև բանակցությունների առարկա (տե՛ս Հայկական բարենորոգումներ 1912-1914): Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու հարցի շուրջ սկսվեց բարդ պայքար, որը շարունակվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմի (1914- 1918) սկիզբը:
   Պատերազմի մեջ մտնելով Գերմանիայի կողմում՝ Թուրքիայի կառավարող շրջանները հույս ունեին իրականացնել Կովկասից Ռուսաստանին հեռացնելու, Մերձավոր Արևելքի, Կովկասի, Ռուսաստանի, Միջին Ասիայի մահմեդականներին միավորելով «մեծ Թուրան» ստեղծելու վաղեմի գաղափարը: Այդ նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտ Էր հանդիսանում ոչ միայն Ռուսաստանը, այլև հայ ժողովուրդը, որն ապրում էր Հայաստանի երկու՝ Արևմտյան և Արևելյան մասերում: Երիտթուրքական կառավարությունը գտնում էր, որ ամենից առաջ պետք է ոչնչացնել Արևմտյան Հայաստանի հայ բնակչությանը, որի ռուս կողմնորոշումը հանրահայտ Էր:
Երիտթուրքերը, Արևմտյան Հայաստանին և Օսմանյան կայսրության մյուս մասերում ապրող հայերին ոչնչացնելու և այդ ձևով Հայկական հարցը լուծելու նպատակով, օգտվելով պատերազմի ընձեռած հնարավորությունից, մերձճակատային շրջաններից հայերին տեղահանելու անվան տակ կազմակերպեցին և իրականացրին ավելի քան 1,5 մլն հայերի տեղահանությունն ու կոտորածը (տե՛ս «Մեծ եղեռն»): Արևմտյան Հայաստանը և Կիլիկիան զրկվեցին բնիկ բնակչությունից:
Կովկասյան ճակատում հաջող գործողությունների շնորհիվ ռուս զորքերը հայկական կամավորական ջոկատների հետ մինչև 1916-ը գրավեցին Արևմտյան Հայաստանի զգալի մասը: Այդ պարագան աշխուժացրեց Անգլիայի և Ֆրանսիայի միջև բանակցությունները Օսմանյան կայսրության տիրույթները բաժանելու վերաբերյալ (տե՛ս Սայքս-Պիկոյի համաձայնագիր 1916). Վերսկսվեց Մերձավոր Արևելքը, այդ թվում՝ Հայաստանը, ազդեցության ոլորտների բաժանելու հարցի շուրջ դիվանագիտական առևտուրը, ընդ որում, չկար ոչ մի հիշատակություն Հայաստանի անկախության կամ ինքնուրույնության. հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ: 1916-ի հունիսին Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում Ռուսաստանը ստեղծեց «Պատերազմի իրավունքով Թուրքիայից գրաված մարզերի զինվորական գեներալ-նահանգապետություն»: Եթե պատերազմի նախօրեին և սկզբնական շրջանում ցարիզմը ներկայանում Էր իբրև Օսմանյան կայսրությունում ապրող քրիստոնյաների, մասնավորապես՝ հայերի պաշտպան, աղմկում Էր հայերի տեղահանությունների և կոտորածների համար, կամավորական ջոկատներ Էր ստեղծում, ապա այժմ ձգտում Էր Հայկական հարցը հանել ռուսական դիվանագիտության գործունեության ոլորտից և զրոյի հավասարեցնել հայերի քաղաքական նշանակությունը: Պատերազմի իրավունքով գրավված հայկական նահանգները պետք Է վերածվեին Ռուսաստանի սովորական ծայրամասային նահանգների գործնականում զրկված բնիկ հայ բնակչությունից:
   Ռուսաստանում 1917-ին Փետրվարյան հեղափոխության հաղթանակից հետո ստեղծված ժամանակավոր կառավարությունը 1917-ի ապրիլի 25-ի որոշումով իր իրավասության տակ վերցրեց Արևմտյան Հայաստանի գրավված մասերի կառավարումը: Տեղահանված և աքսորված հայերին թույլատրվեց վերադառնալ հայրենի տները: Միևնույն ժամանակ ժամանակավոր կառավարությունը շարունակեց ցարիզմի քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում՝ ամեն կերպ ոտնահարելով հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: 1917-ի մայիսից ռուս-թուրքական ճակատում ստեղծվեց ոչ պաշտոնական զինադադարի իրադրություն: Աակայն այստեղ էլ, ինչպես արևմտյան ճակատում, զինվորներին համակել էին հեղափոխական տրամադրությունները: Այդ տրամադրությունները, ինչպես նաև ճակատը լքելու և տուն վերադառնալու ռուս զինվորների ձգտումը առավել զգալի դարձան 1917-ի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո: Կովկասյան ճակատը մերկանում էր, և բարենպաստ պայմաններ էին ստեղծվում թուրքական արշավանքի համար:
Ռուսաստանում իշխանության գլուխ անցած խորհրդային կառավարությունը 1917-ի դեկտ. 29-ին ընդունեց Դեկրետ «Թուրքահայաստանի» մասին փաստաթուղթը, որը ճանաչում էր հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, վաղուց կորցրած պետականության վերականգնումը: Խորհրդային կառավարությունը պաշտոնապես հայտարարում էր, որ պաշտպանում է «Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքը ընդհուպ մինչև լիակատար անկախություն»: Դեկրետի իրագործումը մեծապես կախված Էր հայ ազգային ուժերի համախմբումից, տարածաշրջանում կարգուկանոնի հաստատումից. միլիցիայի ստեցծումից, զանգվածային դասալքությունը կասեցնելուց. ռուսական բանակի զորամասերի օգտագործումից և, ամենակարևորը, խորհրդային կառավարության՝ դեկրետը իրագործելու ցանկությունից: Սակայն ստեղծված ծանր իրավիճակը. 1917-ի նոյեմբ. Թիֆլիսում կազմավորված Անդրկովկասյան կոմիսարիատի և, մասնավորապես, հայ Ազգային բյուրոյի դիրքը Խորհրդ. Ռուսաստանի հանդեպ առավել վատթարացրին հայ ժողովրդի առանց այդ էլ թշվառ վիճակը: Խախտելով 1917-ի դեկտ. 18-ին Երզնկայում կնքված ռուս-թուրքական զինադադարը՝ 1918-ի փետրվարին թուրքական զորքերը հարձակման անցան ամբողջ ճակատով և դարձյալ նվաճեցին Արևմտյան Հայաստանը: Իր դաշնակցի՝ Գերմանիայի նման Թուրքիան ևս ռուսական հեղափոխությունը համարեց հարմար առիթ տարածքային նոր նվաճումների համար: Իր նպատակներին ծառայեցնելով Բրեստի հաշտության (1918) պայմանները՝Սարդարապատի հուշահամալիր: թուրքական կառավարությունը շարունակեց ճնշում գործադրել Անդրկովկասի վրա՝ պահանջելով նրա անջատվելը Ռուսաստանից՝ հետագա խնդիր ունենալով Անրկովկասը բաժանել մասերի («բաժանիր և տիրիր» սկզբունքով) և այնտեղ հաստատել իր գերիշխանությունը (տե՛ս Տրապիզոնի բանակցություններ 1918). Ընդհատելով բանակցությունները Անդրկովկասի կառավարության հետ՝ Թուրքիան վերսկսեց հարձակումը: 1918-ի մայիսի կեսին թուրքական զորքերը գրավեցին Ալեքսանդրապոլը՝ ստեղծելով Երևանը գրավելու իրական վտանգ: Հայ ժողովուրդը հայտնվեց ծայրահեղ օրհասական վիճակում: Սակայն Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ Ապարանում հայկական զորքերն ու աշխարհազորը կանգնեցրին թշնամուն, ջախջախեցին նրան հիմնական ուղղություններում և վերացրին հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջման վտանգը (տե՛ս Սարդարապատի ճակատամարտ 1918, Ղարաքիլիսայի ճակատամարտ 1918, Բաշ Ապարանի ճակատամարտ 1918). Միաժամանակ վերսկսվեցին բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասյան սեյմի միջև (տե՛ս Բաթումի պայմանագիր 1918). Թուրքիան շարունակում էր պահանջել Անրկովկասի անջատումը Ռուսաստանից և իր նվաճումների ճանաչումը: 1918-ի մայիսի 26-ին հռչակվեց Վրաստանի Հանրապետության, 27-ին Ադրբեջանի Հանրապետության (Անդրկովկասի արևելքում), 28-ին՝ Հայաստանի Հանրապետության ստեղծումը: Հայաստանի Հանրապետության հռչակումը, չնայած ծանր պայմաններին, հայ ժողովրդի պատմության կարևորագույն իրադարձություններից էր. վերականգնվում էր ազգային պետականությունը բազմադարյան կորստից հետո: Իր ստեղծման պահին հանրապետության տարածքը կազմում էր 9 հզ. կմ2-ից մի փոքր ավելի, իսկ բնակչությունը՝ 326 հզ.: Թուրքիային բացի բուն Արևմտյան Հայաստանից անցան նաև Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Շարուրը, Նախիջևանի գավառը, Ալեքսանդրապոլի և Էջմիածնի գավառների զգալի մասը: Պատերազմում Թուրքիայի պարտությունից և Մուդրուսի զինադադարի (1918) կնքումից հետո թուրքական զորքերը հեռացան Հայաստանի Հանրապետության և Կարսի մարզի տարածքից, վերականգնվեց 1914-ի սահմանը, Հայաստանի Հանրապետության տարածքը կազմեց 55 հզ. կմ2:
1919-20-ին Հայաստանի Հանրապետությունը մեծ ջանքեր գործադրեց Հայկական Հարցի լուծել արևմտյան տերությունների աջակցությամբ, մեկ միասնական, անկախ պետության մեջ միավորել Հայաստանի արևելյան և արևմտյան մասերը: Հայկական հարցը քննարկվեց Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-20), որտեղ որոշում ընդունվեց ԱՄՆ-ին տրամադրել Հայաստանի մանդատը: Այդ որոշումը հաստատեց Ազգերի լիգան: Սակայն ԱՄՆ-ի սենատը մերժեց նախագահ Վ. Վիլսոնի առաջարկը Հայաստանի մանդատը վերցնելու վերաբերյալ (տե'ս Հայաստանի մանդատ 1920): 1920-ի օգոստ. 10-ին Անտանտը հաշտություն կնքեց պարտված Թուրքիայի հետ (տե'ս Սևրի հաշտության պայմանագիր 1920), համաձայն որի Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էր Հայաստանը իբրև ազատ և անկախ պետություն. ԱՄՆ-ի նախագահին հանձնարարվում էր որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը Հայաստանի համար ելքով դեպի Սև ծով (տե՛ս Վիլսոնի իրավարարական պայմանակարգ ):
Թուրքիայում իշխանության գլուխ անցած ազգայնամոլ կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ  չընդունեց Սևրի պայմանագիրը: Խորհրդային կառավարությունը, ձգտելով Թուրքիայում սկսված ազգայնամոլ շարժումն ուղղել Անտանտի դեմ, վերջինիս զրկել Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի դեմ պատվար դարձնելու հնարավորությունից, փորձեց իր միջնորդությամբ կայունացնել վիճակը տարածաշրջանում, կանխել պատերազմը, հասնել Հայաստանի և Թուրքիայի միջև կայուն սահմանների հաստատման: Սակայն խորհրդահայկական և խորհրդաթուրքական բանակցությունները բազմիցս ընդհատվեցին և ձգձգվեցին: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակ էր շահում մինչև Սևրի հաշտության կնքումը, իսկ թուրքական կողմը չէր ուզում հրաժարվել արևմտահայկական հողերից: 1920-ի ամռանը Խորհրդ. Ռուսաստանը Թուրքիային տրամադրեց ռազմական և դրամական զգալի օգնություն, որը նա օգտագործեց արևմուտքում՝ Հունաստանի, արևելքում՝ Հայաստանի Հանրապետության դեմ: 1920-ի սեպտ. թուրքական բանակն անցավ հարձակման: Անկարայի կառավարությունը, նորանոր հողեր զավթելով, հայ ժողովրդի արևելյան հատվածը կոտորելով, ձգտում էր զրկել հայերին սեփական պետություն վերստեղծելու հնարավորությունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ենթադրում էր, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Իտալիան, իրականացնելով Սևրի հաշտության պայմանները, անմիջապես հանդես կգան հօգուտ հայերի և հակահարված կտան Թուրքիային: Հայկական կառավարությունը դիմեց Ազգերի լիգային՝ խնդրելով միջոցներ կիրառել Թուրքիայի դեմ համաձայն Սևրի պայմանագրի: Սակայն այդ դիմումները չտվին ցանկալի արդյունք: Միայն Ռումինիայի կառավարությունը առաջարկեց օգնել Հայաստանի Հանրապետությանը, սակայն հաջողության չհասավ: Թուրքական զորքերը շարունակեցին հարձակումը: Թուրքիայի անհաշտ ու ռազմատենչ դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ պայմանավորված էր ստեղծված միջազգային բարենպաստ իրադրությամբ, որից հաջողությամբ օգտվեց քեմալական կառավարությունը, և Անտանտի ու Խորհրդային Ռուսաստանի միջև ռազմական առճակատումով: Իրենց հերթին, կողմերից յուրաքանչյուրը ձգտում էր Թուրքիային օգտագործել իր շահերի համար: Հեղափոխական քարոզչությամբ բարոյալքված, հարևանների ոտնձգությունների դեմ անընդհատ պատերազմելու հետևանքով թուլացած հայկական բանակը պարտվեց: Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1920-ի դեկտ. 2-ին ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով հանրապետությանն էին մնում միայն Երևանի և Սևանի շրջակա տարածքները, հայկական կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից, Թուրքիան իր հսկողությունն էր սահմանում հաղորդակցության ճանապարհների վրա և այլն: Նույն օրը, Խորհրդային Ռուսաստանի ճնշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրաժարվեց իշխանությունից (տե՛ս Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920) 1921-ի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց բարեկամության և եղբայրության մասին պայմանագիր (տե՛ս Մոսկվայի պայմանագիր 1921), որը թալանչիական էր Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Այդ պայմանագրի համաձայն, որոշված Էր Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի սահմանը. Թուրքիային Էին անցնում ոչ միայն ամբողջ Արևմտյան Հայաստանը, այլև Կարսի մարզը, Կաղզվանի օկրուգը և Սուրմալուի գավառը: Պայմանագրում մտցվեց հատուկ հոդված, որի համաձայն Նախիջևանի մարզում կազմվում Էր «ինքնավար տարածք Ադրբեջանի հովանավորության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն հովանավորությունը չի զիջի մի երրորդ պետության»: Մոսկվայի պայմանագիրը խորապես հակասում Էր հայ ժողովրդի շահերին, չէր նպաստում իր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում համախմբվելու նրա ձգտմանը: 1921-ի հոկտ. 13-ին Կարսում ՌԽՖՍՀ-ի մասնակցությամբ կնքվեց պայմանագիր մի կողմից Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Վրաստանի, Խորհրդային Ադրբեջանի, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև, որն աննշան տարբերությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագիրը և ձեռնտու էր բոլորին, բացի Խորհրդային Հայաստանից (տե՛ս Կարսի պայմանագիր 1921): Նախիջևանի այդ վիճակը (հովանավորյալ տարածք) հակասում է ժամանակակից միջազգային օրենքներին, որոնց համաձայն, հովանավորյալ տարածքը համարվում է գաղութային ճնշման տակ գտնվող տարածք և պետք է ապագաղութացվի:
Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՍՆ-ի կառավարությունները փորձում էին Հայկական հարցը ծառայեցնել իրենց ծրագրերին և երբեք լրջորեն չմտահոգվեցին հայ ժողովրդի ճակատագրով: 1920-ի նոյեմբ-դեկտ. Լոնդոնի կոնֆերանսում, իսկ 1921-ի հունվ. ՝Փարիզում Անտանտի գլխ. խորհրդի նիստում Ֆրանսիան հանդես եկավ Սևրի պայմանագիրը վերանայելու պահանջով: Մինչև Լոզանի կոնֆերանսը (1922-23) Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան նահանջել էին Սևրի հաշտության դրույթները պաշտպանելու և Հայկական հարցը լուծելու դիրքերից: 1921-ի Լոնդոնի կոնֆերանսի որոշումներում «Հայկական անկախ պետություն» արտահայտությունը փոխարինվեց Թուրքիայի տարածքում «Հայկական ազգային օջախ» ստեղծելու մասին վերացական ձևակերպումով, ինչը Լոզանի կոնֆերանսում ջնջվեց այդ նույն դիվանագետների ձեռքով: Ազգերի լիգան նույնպես անկարող եղավ ինչ-որ կերպ թեթևացնել ցեղասպանության ենթարկված և տեղահանված ժողովրդի վիճակը (տե՛ս Ազգերի լիգան և Հայկական հարցը). Հայկական  հարցի առիթով բազմաթիվ հռչակագրերը և արևմտյան դիվանագիտության երաշխիքները, պայմանագրերը, ուղերձները, առատ խոստումները ոչ մի օգուտ չտվին հայ ժողովրդին:
Հայկական հարցի անկապտելի մասն է կազմում Լեռնային Ղարաբաղի հարցը: 1918-20-ին Ադրբեջանի Հանրապետության մուսավաթական կառավարությունը բազմիցս փորձեց զավթել Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանն ու Զանգեզուրը: Սակայն Հայաստանի այդ շրջանների բնակչությունը զենքով պաշտպանեց իր հողն ու իրավունքները այդ ոտնձգություններից: Հայաստանի Հանրապետության մի մասում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո Ադրբեջանի Հեղկոմը 1920-ի դեկտ 1-ին հատուկ հռչակագրով հայտարարեց, որ հրաժարվում է «վիճելի» տարածքներից և Ղարարբաղը, Նախիջևանն ու Զանգեզուրը ճանաչում է իբրև Հայաստանի անբաժանելի մաս: Սակայն շուտով Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը արմատապես փոխվեց. նա պահանջեց Ղարաբաղը ներառնել Ադրբեջանի կազմի մեջ: 1921-ի հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նիստում որոշվեց Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին: Այդ ոչ սահմանադրական, կուսակցական, այսինքն՝ անիրավական որոշմամբ բուն հայկական հողերը՝ հայ բնակչությամբ, արհեստականորեն անջատվեցին Հայաստանից, իսկ 1923-ի սահմանազատման հետևանքով մարզը զրկվեց Խորհրդ. Հայաստանի հետ ընդհանուր սահման ունենալուց և անջատվեց «ադրբեջանական» տարածքի բարակ շերտով:
XX դ սկզբին հայ ժողովուրդը, չնայած ահավոր ցեղասպանությանը և տեղահանությանը, կարողացավ վերապրել և անգամ վերականգնել պետականությունը իր բուն հայրենիքի մի մասում. իսկ ցեղասպանությունից ու տեղահանությունից փրկվածները ցրվեցին աշխարհով մեկ՝ առաջացնելով հայ Սփյուռքը: Ամրապնդվելով և զարգանալով իրենց ապաստանած երկրներում, չկորցնելով ազգային ինքնագիտակցությունը՝ իրենց պապերի հողերից վտարված հայերը շարունակեցին պայքարը հանուն ազգային գոյատևման ու կորսված հարազատ հողի իրավունքի, հանուն մեկ միասնական պետության մեջ համախմբման:
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45) ավարտին նկատելիորեն ուժեղացավ սփյուռքահայերի շարժումը՝ Թուրքիային անցած Արմ. Հայաստանի տարածքը Խորհրդ. Հայաստանին միացնելու համար: Սփյուռքահայ կազմակերպություններն ու գործիչները այդ պահանջով դիմեցին հաղթող տերությունների ղեկավարներին, Միավորված ազգերի կազմակերպության Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսին (1945-ի ապրիլ), երեք տերությունների ղեկավարների Բեռլինի կոնֆերանսին (1945-ի օգոստ), արտաքին գործերի նախարարների խորհրդի Լոնդոնի նստաշրջանին (1945-ի սեպտ.), երեք տերությունների արտաքին գործերի նախարարների Մոսկվայի խորհրդակցությանը (1945-ի դեկտ.), ՄԱԿ-ի Գլխ. ասամբլեայի Լոնդոնի 1-ին նստաշրջանին (1946-ի հունվ.) և այլն: 1945-ի նոյեմբ. 29-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ դիմեց ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարներին՝ պահանջելով Խորհրդ. Հայաստանին միացնել Արմ. Հայաստանը: 1945-ի մարտին խորհրդային կառավարությունը, ելնելով երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային նոր իրադրությունից, հայտարարեց 1925-ի խորհրդաթուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին: 1945-ի հունիսին Մոսկվայում տեղի ունեցան խորհրդա-թուրքական բանակցություններ՝ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու շուրջ, որը պայմանավորված էր խորհրդ. կառավարության կողմից իբրև ժամանակի ոգուն չհամապատասխանող և արմատական բարելավման կարիք ունեցող 1925-ի պայմանագիրը չեղյալ հայտարարելու հետ: Թուրքական կողմն առաջարկեց կնքել դաշնակցային պայմանագիր: Դրան խորհրդային կողմը պատասխանեց, որ դեմ չէ որոշակի պայմաններով այդպիսի պայմանագիր կնքելուն, մասնավորապես, եթե Թուրքիան վերադարձնի 1921-ին Խորհրդ. Հայաստանից խլված Կարսը և Արդահանը: Սակայն դաշնակցային պայմանագիրը Թուրքիայի հետ չկնքվեց: Երեք դաշնակից տերությունների (ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) ղեկավարների 1945-ի Բեռլինի (Պոտսդամի) կոնֆերանսում, ի թիվս այլ հարցերի, քննվեց նաև Հայկական հարցը:
1953-ի մայիսի 30-ին խորհրդային կառավարությունը, անտեսելով հայ ժողովրդի ակնկալիքներն ու ձգտումները, Թուրքիայի կառավարությանը հայտարարեց, որ «հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից...
Այդպիսով, խորհրդային կառավարությունը, հայտարարում է, որ Խորհրդային Միությունը տարածքային ոչ մի պահանջ չունի Թուրքիայից»: ԽՍՀՄ-ի նման հակահայկական դիրքը հաստատվել է հետագայում ևս միջազգային մի շարք փաստաթղթերում:
Հայկական հարցը լուծելու համաշխարհային համագործակցության կողմից հայերի ցեղասպանությունը ճանաչել տալու համար սփյուռքահայերի պայքարը առավել գործուն դարձավ 1960-ական թթ կեսից՝ հայերի ցեղասպանության 50-ամյակի նախօրեին: 1965-ից, ստալինականության պարտադրած քառասնամյա լռությունից հետո, Խորհրդային Հայաստանում արագորեն սկսեց զարգանալ քաղաքական հայագիտությունը, Հայկական հարցի և հայերի ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրությունը: Հրատարակվեցին տասնյակ գիտական աշխատություններ, փաստաթղթերի ժողովածուներ, բազմաթիվ գիտական և հրապարակախոսական հոդվածներ: 1988-ի նոյեմբ. 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Օրենք Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին փաստաթուղթը:
1960-80-ական թթ. նկատելիորեն ուժեղացավ համաշխարային հասարակական մտքի հետաքրքրությունը Հայկական հարցի նկատմամբ, և այն քննարկվեց միջազգային տարբեր կազմակերպություններում, գիտական և հասարակական համաժողովներում, կոնֆերանսներում և գիտաժոդովներում: 1960-ական թթ. վերջից Հայկական հարցը դարձավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգ. փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության կանխման ենթահանձնաժողովի քննարկման առարկա: Հայկական հարցին հատուկ նվիրվեց Փարիզի ժոդովուրդների մշտական ատյանի նիստը 1984-ի ապրիլին (տե՛ս Ժողովուրդների մշտական ատյանի բանաձև 1984), «Հայկական հարցը և թուրքական էքսպանսիոնիզմը» միջազգային կոնֆերանսը (Աթենք, 1987-ի մայիս), Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարը (ԱՄՆ, 1989-ի մայիս) և այլն, որոնց որոշումներում նշվեց հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի իրագործած ցեղասպանության վնասների փոխհատուցման անհրաժեշտությունը, սփյուռքահայերին իրենց հայրենիքը վերադառնալու իրավունքի ապահովումը: Հայերի ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման և դատապարտման հարցին 1970-80- ական թթ. գործուն աջակցություն ցույց տվեցին մի շարք երկրներ (Հունաստան, Ֆրանսիա. Արգենտինա. Ուրուգվայ և այլն): ԱՄՆ-ի սենատում և ներկայացուցիչների պալատում բազմիցս քննարկվեցին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին բանաձևեր. որոնք, սակայն, Թուրքիայի ճնշմամբ մերժվեցին: Այժմ էլ Թուրքիայի ղեկավարները նախազգուշացնում են ԱՄՆ-ին՝ բանաձև ընդունելու դեպքում թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ բարդությունների հնարավոր առաջացման մասին, ընդհուպ մինչև ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալը: Թուրքիան վարում է հայերի ցեղասպանության փաստը չճանաչելու և մերժելու քաղաքականություն: 1983-ից Հայկական հարցը քննարկվել է Եվրոխորհրդարանում: 1987-ի հունիսի 18-ին Եվրոխորհրդարանն ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» (տե՛ս Եվրոպական խորհրդարանի բանաձևը...):
Ժամանակակից պայմաններում Հայկական հարցը ընկալվում է որպես ամբողջ աշխարհի հայության ձգտումը՝ վերականգնել պատմական արդարությունը, ստեղծել իրական պայմաններ հայ ազգի համախմբման, սփյուռքահայերի ազգային ինքնության պահպանման, Հայաստանի միավորման համար:
 
 Ա. Կիրակոսյան
 
 
Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.

 

Իշխանյան Բ, « Տաճկահայ խնդիրը և միջազգային դիպլոմատիան » , Թ., 1906 

Բրանդես Գ., « Հայաստանը և Եվրոպան » Ժնև. 1907, « եվրոպացիների կարծիքը հայկական դատի մասին » , ժնև. 1907: 

Սարուխան, « Հայկական խնդիրն և ազգային սահմանադրությունը Թուրքիայում » (1869-1910), Թ., 1912: 

Ատոմ, « Բարենորոգումներու հարցը » , ԿՊ, 1914: 

Բաբկեն Վարդապետ, « Հայկական հարցը և Պողոս Նուբար փաշան » ,     Վադպատ   « 1914 Հայկական հարցը հաշտության կոնֆերանսի առաջ » , Թ, 1915: 

Բյուրատ Սմբատ, « Ա րևելյան խնդիր և Հայկական հարց » ԿՊ, 1919: 

Մանդելշտամ Ա., « Օսմանյան կայսրության ճակատագիրը և Հայկական հարցը » , մաս 1, ԿՊ. 1919: 

Ամիրխանյան Ա, « Ռուս և թուրք զինադադար. Պատմական անցքեր 1917- 1918 » , Ֆրեզնո, 1921, « Հայաստանի ավտոնոմիան և Անտանտան » , Ե., 1926: 

Սասունի Կ., « Տաճկահայաստանը ռուսական տիրապետության տակ (1914- 1918) » , Բոստոն, 1927: 

Քրաֆտ-Բոնար Ա., « Հայկական խնդիրը » , ժնև, 1927: 

Սերոբյան Մ, « Հայկական հարցը և անոր փուլերը » , Բեյրոլթ, 1937: 

Գաբիկյան Խ., « Հայկական հարցը » , Բեյրոլթ, 1938: 

Ահարոնյան Ս. « Սարդարապատից մինչև Սևր և Լոզան » , Բոստոն, 1943

Աղբաշյան Հ., « Հայկական հարցը երեկ և այսօր » , Կահիրե, 1946 

Լազյան Գ, « Հայաստան և Հայ դատը » , Ե., 1991: 

Ներսիսյան Մ., « Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ (1850-1870 թթ) » , Ե., 1955: 

Եսայան Ա . « Հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը » , Ե, 1965:

Կիրակոսյան Ձ., « Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը » , Ե., 1965: Նույնի, « Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (19-րդ դարի 70-ական թթ) » ., Ե., 1978: Նույնի, « Բուրժուական դիվանագիտութունը և Հայաստանը (19-րդ դարի 80-ական թթ) » , և, 1980:

Անդրեասյան Ա., « Հայկական դատին նոր հանգրվանը » , Բեյրութ 1967: 

Արզումանյան Ս., « Հայաստան 1914-1917 »,  Ե, 1969: 

Մսըրլյան Ձ, « Արևմտահայ բռնագրաված հողերու հարցը 1921-1971 թթ. Բեյրութ » , 1971, « Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828- 1923) » , Ե., 1972: 

Թորիկյան Շ.. « Հայկական հարցը և միջազգային օրենքը » , Բեյրութ, 1976: 

Խուրշուդյան Լ.,   « Սովետական Ռուսաստանը և Հայկական հարցը » , Ե., 1977:

Համբարյան Ս.,  « Երիտթուրքերի ազգային ու հողային քաղաքականությունը և ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում (1908-1914) » , Ե., 1979.

Գալոյան Գ., « Պատմության քառուղիներում » , Ե., 1983: 

Սիմոնյան Հ, « Թուրք ազգային բուրժուազիայի գազափարաբանությունը և քաղաքականությունը » , Ե, 1986: 

Սահակյան Ռ.. Գ., « Ցեղասպանության պատմությունից » , Ե., 1990:

Ներսիսյան Մ. Գ խմբ , « Հայերի ցեղասպանությունը օսմանյան կայսրությունում, փաստաթղթերի և նյութերի ժող »,   Ե., 1991 

,,Братская помощь пострадавшим в Турции армянам'', 2 изд.., обраб. и доп.. М., 1898. 

Веселовский Ю., ,,Трагедия Турецкой Армении'', М., 1911. 

Дживелегов А., ,,Будущее Турецкой Армении'', М., 1911. 

Ошеровский Л., ,,Идея автономного строя Турецкой Армении под протекторатам России''. Пятигорск, 1915. 

Брюсов В., ,,Летопись исторических судеб армянского нареза'', М., 1918;

Чалхушьян Г., ,,Красная книга'', Ростов-на-Дону, 1919; Армянский вопрос на Лозаннской конкуренции, Тифлис, 1926. 

Борьян Б. А., ,,Армения, Международная дипломатия и СССР'', т. 1-2, М.-Л, 1928-29. 

Ллойд Джордж Д., ,,Правда о мирных договорах'', т. 1-2 М., 1957. 

Акoпян С., ,,Западная Армения в планах империалистических держав в период первой мировой войны'', Е, 1967; 

Кургинян Е, ,,Армянская проблема в международных отношениях 1876-1890 гг.'', М.. 1969.

Кочaр М., ,,Армяно-турецкие общественно-политические отношения и Армянский вопрос в конце ХIХ-начале XX в.'', 1988. 

Киракосян Дж., ,,Младотуркн перед судом истории'', Е., 1989. 

Киракосян А., ,,Великобритания и Армянский вопрос (90-е гг. XIX в.)'', Е, 1990,

,,Армянский вопрос. 1878-1983'' (Библиография литературы на русском яз.), Е., 1985. 

Rolin-J acquemyns G. Armenia, the Armenians and the Treaties, L , 1891;

Green F., The Armenian Crisis ո Turkey, N Y, 1895; 

Abbott L, ,,Armenian Question'', "The Outlook', 1896, v. 54, December 5, p. 1036-1038; 

Argill G., ,,Our Responsibilities for Turkey'', L, 1896. 

Bliss E, ,,Turkey and the Armenian Atrocities'', Philadelphia, 1986.

Вrусe J., ,,Transcaucasia and Ararat''. L, 1896. 

Charmetant F, L'Arme’nie agonisante et l’ Europe chre’tienne, P., 1896.

Gladstone W., "The Armenian Question’’, "The Christian Literature", 1896, V 14; 

Maс-Соll M., ,,The Sultan and the Powers''. L, 1896; 

Вrусe J., ,,The Treatment of the Armenians in the Ottoman Empire 1915-1916'', L, 1916. 

Mandelstam A, Le Sort de l’Empire Ottoman, P., 1917. 

Gabrielia ո M., ,,Armenia: A Martyr Nation'', N. Y, 1918; 

Lepsius J, ,,Deutchland und Armenien. 1914-1918'', Potsdam, 1919. 

Кrikоriaո H., ,,The Mandate for Armenia, Coristantinopole'', 1919. 

Adоոz N., ,,Towards the Solution of the Armenian Question'', L, 1920. 

Krafft Воոոard  A ., ,,Le Probleme Arm’enienne, Gene’ve, 1924. Morgenthau H., Ambassador Morgenthau's Story''. N. Y., 1926. 

Naոseո F., ,,Armenia and Near East'', L, 1928. 

Davison R., ,,The Armenian Crisis, 1912-1914'', "American Historical Review', 1948, V.I.

Morgan J., ,,The History of the Armenian People'', N. Y, 1949. 

Anderson M., ,,The Eastern Question 1774-1923'', N Y, 1965;.

Clayton C., ,,Britain and the Eastern Question'', L„ 1971. 

Hovannisian R., ,,The Republic of Armenia (1918-1919)'', L , 1971. 

Karal E. ,,Armenian Question (1878-1923)'', Ankara, 1975. 

Laոոe P., Armenien: Der erste Völkermord des 20, München, 1977. 

Walker Ch. ,,Armenia The Survival of the Nation'', N. Y., 1980. 

Lang D., ,,The Armenians''. L, 1981. 

Gürüո К., ,,Le Dossier Armenien'', P., 1983. 

Terոоո I., ,,La Cause Arme’nienne'', P., 1983.

Tоriguiaո Sh.. ,,Armenian Question and the International Law''. Beirut. 1983. 

Вeуleriaո A., ,,Les Grandes Puissances, I’Empire Ottoman et tes Arm’eniens dans les Archives Fransaises (1914- 1918)'', P., 1983. 


 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am