ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐ 1894-96, հայերի զանգվածային կոտորածները Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում: Կազմակերպել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարությունը՝ նպատակ ունենալով ճնշել հայ ազգային-ազատագրական շարժումը և վերացնել Հայկական հարցը: 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի և հայերի հարցը դադարել է Օսմանյան կայսրության ներքին հարց լինելուց և դարձել եվրոպական տերությունների ուշադրության առարկա, տնտեսական ու քաղաքական նպատակներով օսմանյան կառավարության վրա ճնշում գործադրելու միջոց: Բեռլինի կոնգրեսից (1878) հետո հայերի վիճակը Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում, հակառակ կոնգրեսի որոշման, ավելի է վատթարացել. Օսմանյան կայսրությունը ոչ միայն մտադիր չէր իրականացնելԱբդուլ Համիդ II բարենորոգումների ծրագիրը Արևմտյան Հայաստանում, այլև առավել խստացրել է ազգային և տնտեսական ճնշումը, հաճախակի են դարձել հայերի կոտորածները: Հայերի ծանր վիճակի մասին վկայում են ոչ միայն հայերի բողոքներն ու դիմումները, այլև Թուրքիայում գտնվող եվրոպական դիվանագետների հաղորդումները (տե՛ս «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում»): 1880-ական թթ. Թուրքիայի և Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում ուժեղացել են հանցագործությունները հայերի նկատմամբ: Թուրքական կառավարությունը Ռու- սաստանին սահմանամերձ վայրերից բռնի քշում էր հայերին՝ նրանց փոխարեն բնակեցնելով քրդերի: 1894-ին Սասունի ինքնապաշտպանության բարբարոսական ճնշումը (տե՛ս Սասունի ապստամբություն 1894) առաջացրել է համաշխարհային առաջադեմ հասարակայնության բողոքը: Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը մշակել ու 1895-ի մայիսի 11-ին սուլթանի կառավարությանն են հանձնել հայկական բարենորոգումների ծրագիր (տե՛ս «Մայիսյան բարենորոգումներ» 1895), որն առավելապես հետապնդում էր Թուրքիայի վրա ճնշում գործադրելու, քան արևմտահայերի վիճակը բարելավելու նպատակ: Ըմբռնելով դա և օգտվելով Թուրքիայի հարցում մեծ տերությունների ունեցած հակասություններից՝ Աբդուլ Համիդ ll-ը շարունակել է հայաջինջ քաղաքականությունը: 1895-ի սեպտեմբերի 18-ին հնչակյաննները Կ. Պոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ «Մայիսյան բարենորոգումները» թուրքական կառավարությանը հարկադրաբար կենսագործել տալու նպատակով: Թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված թուրք խուժանը հարձակվել են ցուցարարների վրա. այդ օրը Կ. Պոլսում կոտորվել Է 2000 հայ: Կ. Պոլսի ջարդերը ազդանշան Էին գավառներում հայերի զանգվածային կոտորածների. 1895-ի սեպտ. 26-ին` Տրապիզոնում, սեպտ. 30-ին՝ Բաբերդում, հոկտ. 7-ին՝ Դերջանում, հոկտ. 9- ին՝ Երզնկայում, հոկտ. 10-ին՝ Չարսանճագում և Քըղիում, հոկտ. 13-ին՝ Բաղեշում և Գյումուշխանեում, հոկտ. 16-ին՝ Եդեսիայում (Ուրֆա) և Շապին Գարահիսարում, հոկտեմբերի 18-ին՝ Կարինում, հոկտ. 26-ին՝ Խարբերդում, հոկտ. 27-ին՝ Ակնում, նոյեմբերի 1-ին՝ Դիարբեքիրում, նոյեմբերի 3-ին՝ Մարզվանում, նոյեմբ. 12-ին՝ Սեբաստիայում, նոյեմբ. 28-ին՝ Զիլեում և այլուր: 1896-ի օգոստ. 14-ին տեղի ունեցած «Բանկ Օտոմանի» միջադեպը աոիթ դարձավ Կ. Պոլսում հայկական նոր կոտորածների, օգոստոսի 14-16-ին կոտորվեց ավելի քան 10 հզ. հայ: Հայկական կոտորածները իրականացնում էին թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերը, ոստիկանությունը և թուրք ու քուրդ խուժանը՝ վայրագ եղանակներով, որոշակի ծրագրով ու պարբերականությամբ և հանկարծակի հարձակումներով:

Հայերը որոշ վայրերում դիմել են ինքնապաշտպանության: 1895-ի հոկտ. ապստամբել է Զեյթունը (տե՛ս Զեյթունի ապստամբություններ 1877-78, 1895): 1896-ի հունիսի 3-ին, երբ թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերն ու խուժանը հարձակվել են Վանի վրա, հայերը Մկրտիչ Ավետիսյանի (Թերլեմեզյան) և այլոց գլխավորությամբ հետ են շպրտել նրանց: Կառավարական նոր ուժերի հարձակումը ևս անհաջող Էր, սակայն թուրքերը հրետակոծել ու այրել են քաղաքը: Հայերը դիմել են անգլիական հյուպատոսի միջնորդությանը և որոշել դադարեցնել դիմադրությունն ու հեռանալ իրենց հայրենիքից: Թուրքական կողմը խոստացել է ապահովել նրանց անվնաս անցումը Պարսկաստան, սակայն ճանապարհին 8-10 հզ. թուրք-քրդական ուժերը շրջապատել են 200 զինված և 600 անզեն հայերին: Չնայած 10-12 օր տևած հերոսական դիմադրությանը, նրանց մեծ մասը նահատակվել է (ա- զատվել է ընդհամենը 30-35 մարդ): Հայերը հերոսաբար դիմադրել են նաև Եդեսիայում, Շապին Գարահիսարում, Մալաթիայում, Մուշում և այլուր:

Ինքնապաշտպան. մարտերում ծնվել են ժող. հերոսներ Գևորգ Չավուշը, Փարամազը, Հրայրը (Արմենակ Ղազարյան), Աղբյուր Սերոբը, Մուրադը և ուր., որոնք իրենց ջոկատներով կոտորածից փրկել են ամբողջ գյուղեր և գավառներ:

1894-96-ի կոտորածները համաշխարհայնի պատմության մեծագույն ոճրագոր-ծություններից են, ցեղասպանության ակտ, որի հետևանքով կոտորվել է շուրջ 300000 հայ, բռնի մահմեդականացվել 100000-ը, 100000 հայ տարագրվել է տարբեր երկրներ, ամայացել են Արևմտյան Հայաստանի շատ քաղաքներ ու գյուղեր, Օսմանյան կայսրության հայաբնակ վայրեր, սաստկացել է հայ ժողովրդի արևմտյան հատվածի ազգային և տնտեսական ճնշումը:

Եվրոպական տերությունները հայ ժողովրդի ողբերգությունը և Հայկական հարցը, ինչպես միշտ, օգտագործեցին Թուրքիայում իրենց դիրքերն ամրապնդելու նպատակով և ոչինչ չարեցին ցեղասպանությունը կանխելու համար:

Գերմանիան ուժեղացրեց իր ազդեցությունը Թուրքիայում: Անգլիան բարելավեց իր հարաբերությունները Թուրքիայի հետ՝ եգիպտ. ու այլ հարցեր կարգավորելու համար, իսկ հայերի դիմումին պատասխանեց, թե «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները»: Պաշտոնական Ռուսաստանը նույնպես քաղաքական նկատառումներով անտարբեր մնաց հայկական ջարդերի հանդեպ: Ֆրանսիան պաշտպանեց Թուրքիայի ամբողջականության պահպանման գաղափարը, իսկ նրա արտաքին գործերի նախարարը թուրքասիրության համար արժանացավ շքանշանի: Միայն ժամանակի առաջադեմ գործիչները՝ ժան ժորես, Վիկտոր Բերար, Անատոլ Ֆրանս, Յոհաննես Լեփսիուս, Հենրի Ֆինիս Բլոս Լինչ և ուր., պաշտպանեցին հայ ժողովրդի իրավունքները՝ դատապարտելով կոտորածները, իրենց կառավա-րություններից պահանջելով կտրուկ միջոցներով դադարեցնել ցեղասպանությունը:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

Վարդանյան Հ. Գ, «Արևմտահայերի ազատագրության հարցը և հասարակական-քաղաքական հոսանքները XIX դ. վերջին քառորդում», Ե, 1967: 

Աղայան Շ. Պ. , «Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից», Ե„ 1976: 

Կիրակոսյան Ջ. Ս., «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ», գիրք 1, Ե., 1982: 

 

Саркисян Е. К., ,,Политика османского правительства в Западной Армении и державы в последней четверти XIX и начале XX вв.'', Е, I972.

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am