ՀԱԶՐՈ, Հըզրո, Խազրու, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգում, Դիարբեքիր քաղաքից մոտ 70 կմ հյուսիս-արլևելք, Խաչերդում լեռան հարավային ստորոտին: Աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Տարոնի Ս. Հովհաննես (Եղրդուտի) վանքի 1445 թ. կոնդակում, Հըզրաւ անվանաձևով: XVI դ. գրավել են օսմանյան թուրքերը: Մինչև XIX դ. եղել է Թարջիլի (Թըռջըլի) քրդական իշխանության կազմում (ուշ շրջանում՝ Սիլվան գավառակի Հազրո գյուղախմբի կենտրոն): 1878 թ. ուներ 176 տուն, XX դ. Սկզբին՝ մոտ 400 տուն հայ բնակիչ: Զբաղվել են արհեստներով, առևտրով, այգեգործությամբ: Ունեին 2 եկեղեցի՝ Ս. Շմավոն (Շըմշամոնիկ) և Ս. Աստվածածին, որին կից՝ վարժարան: Հազրոյին մերձակա հայտնի պատմաճարտարապետական հուշարձաններ էին Այնբրըղի, Թարջլու և Չխրի վանքերը: Հազչոյի գյուղախմբի մոտ 20 հայաբնակ գյուղերից առավել բազմամարդ էին Ագրակը, Բաշնեղը, Դերսիլը, Հոդնովը, Ջրնոխին, Սլեմանին և Քուֆերջինը: 1894-96 թթ. հայկական կոտորածների ժամանակ Հազրոն (գյուղերով հանդերձ) կողոպտվել է, 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ՝ ամբողջովին հայազրկվել:

Գ. Բադալյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am