ՀԻԼԶԵՆՌԱԹ  Էդգար (1926թ.), գերմանացի գրող: Ծնվել է Լայպցիգում: Ֆաշիստական Գերմանիայում հրեաների հալածանքների ժամանակ ընտանիքով փախել է Ռումինիա (1938), այստեղից էլ 1941-ին քշվել Մոգիլյով, հրեական գետտո: 1945-ին գնացել է Պաղեստին, 1951-ին տեղափոխվել ԱՄՆ: 1975-ին վերադարձել է Գերմանիա: Մի քանի վեպերի և պատմվածքների ժողովածուների հեղինակ է: Նրան համաշխարհային ճանաչում է բերել «Նացիստն ու վարսավիրը» (1977) վեպը: 1989-ին լույս է տեսել Հիլզենռաթի «Հեքիաթ վերջին մտքի մասին» վեպը: Հեղինակը ուսումնասիրել է (շուրջ քսան տարի) վավերագրական աղբյուրներ, պատմական ու գրական նյութեր, որոնց վրա հիմնվելով, նկարագրել է հայ ժողովրդի ողբերգությունը՝ Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Կիրառելով պատմելու հեքիաթային ձևը՝ հեղինակը վարպետորեն կապում է հեքիաթը՝ մահամերձ Թովմա Խատիսյանի մտքերը (որոնք տանում են նրան դեպի անցյալ՝ 1915-ը, իր նախնիների հայրենիքը՝ Արևմտյան Հայաստան), պատմական իրողության՝ երիտթուրքերի հանցագործության հետ: Հիլզենռաթը Խատիսյանների տոհմի օրինակով նկարագրում է հայերի բարքերն ու սովորույթները, ծեսերն ու ավանդույթները, ներկայացնում նրանց կյանքը, մասնավորապես, նախապատերազմյան տարիներին: Նա նշում է, որ Թուրքիայում հայերից բացի կոտորվել են նաև ոչ թուրք այլ ժողովուրդներ: Չնայած թվում է, թե վեպում չկա խոսք դիմադրության մասին, բայց հեղինակը հերոսի՝ Վարդան Խատիսյանի կերպարով ցույց է տալիս, որ հայերը գոյատևել են շնորհիվ աներևակայելի ներքին դիմակայության, ապրելու կամքի:

Գիրքը ահազանգ է համայն աշխարհին, որ լռությունը չարիքի հանդեպ կարող է ծնել ՝ էլ ավելի չարիքներ: Հիլզենռաթի վեպը բարձր է գնահատվել Եվրոպայում, արժանացել Ալֆրեդ Դյոբլինի մրցանակի (1989):

 

Ս. Մանուչարյան

 

 

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

 

 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am