ՀՐԱՅՐ, Դժոխք Հրայր, Ուրվական (Ղազարյան Արմենակ) [1864 թ., գ. Ահարոնք (Սասունի գավառի Խուլփ գավառակում)-1904 թ., գ. Գելիեգուզան (Սասունի գավառում)], ազգային-ազատագրական շարժման գործիչ:

Սովորել է Տարոնի Ղըզլաղաջ գյուղի, Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցներում և Միացյալ ընկերության վարժարանում: Եղել է ուսուցիչ, մոտիկից ծանոթացել Սասունի ու Տարոնի հայերի վիճակին և 1890 թվականից ներգրավվել հայ ազատագրական շարժման մեջ: 1891-94 թթ. Սասունում պայքարել է թուրք և քուրդ հրոսակների դեմ, դարձել Սասունի ագատագրական շարժման ղեկավարներից:

Հրայրը դեմ էր հայդուկային անժամանակ ելույթներին և կողմնակից՝ նախապատրաստված ընդհանուր ժողովրդական ապստամբության: 1894 թ. գարնանը մեկնել է Կովկաս՝ կամավորներ հավաքագրելու և զենք հայթայթելու: 1895 թ. եղել է նաև Ռումինիայում և 50 հայ մարտիկների հետ (նրանց թվում՝ Անդրանիկն ու Աղբյուր Սերոբը) վերադարձել Հայստան: Գործակցել է ազատագրական շարժման գործիչ Թաթուլի (Արամ Արամյան) հետ: 1896 թ. Բասենի Իշխնու գյուղում երկուսն էլ ձերբակալվել են և տարվել Կարինի բանտ: Հրայրը ընդհանուր ներմամբ ազատվել է, իսկ Թաթուլին կախաղան են բարձրացրել: 1904 թ. մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին: Ապրիլի 13-ին, երբ թուրքական գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիգուգանի ուղղությամբ, Հրայրը ընկերներով փորձել է փակել նրանց ճանապարհը, զոհվել է անհավասար մարտում: Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում: Ժողովուրդը երգեր է հյուսել Հրայրի մասին:

Գ. Հարությունյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am